Ատկատ 2- անտոկոս վարկ և սուբսիդիա

Jan 31, 2016 Comments Off on Ատկատ 2- անտոկոս վարկ և սուբսիդիա

2016 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու պետական ծրագրի շրջանակում՝ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով, ըստ կառավարության հաշվարկի, 1 մլրդ 746 մլն 944 հազար  դրամ է անհրաժեշտ:

Այդ գումարից 157 մլն դրամը՝ որպես սուբսիդիա, կտրամադրվի «Բերրի­ու­թյուն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րություններին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով:

Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում: <<Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 200 մլն դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմա­նագրով տրամադրել «Բերրի­ություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 7մլն 250հազար դրամը՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րություններին՝ Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնք­ներ բեռնափոխադրման աշխա­տանք­ները կազմակերպելու նպատակով>>,- նշված է կառավարության որոշման նախագծի մեջ:

Նշվում է նաև, որ նախորդ տարվա չբաշխված 2594.3 տոննա ազոտական, 759 տոննա ֆոսֆորական և 734.55 տոննա կալիումական պարարտանյութերը, որոնք ձեռք են բերվել համապա­տասխանաբար տրամադրված 166 մլն, 81մլն, 487մլն  և 82 մլն դրամ սուբսիդիաներով, ևս կբաշխվեն հողօգտագործողներին՝ դարձյալ նույն ընկերությունների կողմից: Պարարտանյութը բաշխվելու է Հայաստանի համայնքներին և Լեռնային Ղարաբաղին՝ 50 կիլոգրամ քաշով մեկ պարկ ազոտական պարարտանյութը՝ 6000 դրամ արժեքով, 7000-ական դրամ արժեքով ֆոսֆորական և կալիումական պարարտա­նյութերը:

Ձեռք բերված 32000 տոննա ազոտական պարարտանյութից` 600 տոննան, 320 տոննա ֆոսֆորական պարարտանյութից` 248 տոննան և 840 տոննա կալիումական պարատանյութից` 255 տոննան թողնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:

Բաշխումն իրականացվելու է մարզպետարանների հսկողությամբ, հետևյալ չափա­քանակ­ներով`

  1. 1. ազոտական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 300 կիլոգրամ, յուրա­քանչյուր հողօգտագործողին՝ առավելագույնը մեկ տոննա,
  2. 2. ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման,
  3. կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար՝ մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման:

 

Որոշմամբ ֆինանսների նախարարին հանձնարավում է ծրագրի իրա­կա­նացման համար «Բերրի­ություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատաս­խա­նա­տվությամբ ընկերու­թյանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից առաջին եռամսյակում տրա­մադրել 3մլրդ 840 մլն դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությանը՝ 162 մլն դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտե­սա­գիտական դասա­կարգման «Ներքին վարկերի և փոխատվու­թյունների տրա­մադրում» հոդվածով)՝ մինչև 2016 թվա­կանի դեկտեմբերի 20-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսա­դրույքով։

Ստացվում է, որ այս երկու ընկերությունները ընդհանուր առմամբ, առանց մրցույթի, ուղղակի ընտրությամբ ՀՀ պետական բյուջեից կստանան ավելի քան 5,5 մլրդ դրամ, որից 3,8 մլրդը՝ վարկ, մնացածը սուբսիդիա: Թե ինչ սկզբունքով են ընգտրվել այս երկու ընկերությունը և տնտեսական սղության ներկա պայմաններում ինչու է կառավարությունը համարյա անտոկոս վարկ հատկացնում մասնավոր ընկերություններին, թերևս հատուկ հետաքննության թեմա է:

 

 

 

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: