Մաքուր ատկատ. գյուղացին կարող էր 11 դրամով դիզվառելիք ստանալ

Jan 31, 2016 Comments Off on Մաքուր ատկատ. գյուղացին կարող էր 11 դրամով դիզվառելիք ստանալ

Բենզինի և դիզվառելիքի ներկրման ոլորտի հայտնի մենատեր Բարսեղ Բեգլարյանը պետական բյուջեի հաշվին կստանա հերթական պետական սուբսիդիան՝ այսպես կոչված գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ներկրման համար: Այս նպատակով կառավարությունը Բեգլարյանին պատկանող <<Ֆլեշ>> ընկերությանը կհատկացնի 330 միլիոն դրամ սուբսիդիա: Այս գումարի դիմաց ընկերությունը պարտավորվում է 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութի մատակարարել, որը հողօգտագործողներին կվաճառվի՝ լիտրը  280 դրամով: Ծրագիրն իրականացվում է իբրև 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների պետական աջակցություն:

Նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում և  վստահաբար կընդունվի: Ծրագրի ավարտ է սահմանվել 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Ձեռք բերված 6 մլն լիտր դիզելային վառելանյութից 100.000 լիտրը թողնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության ներքո որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար: Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին վաճառվելու է մարզպետարանների հսկողությամբ՝  1 հեկտարի համար մինչև  200 լիտր, առավելագույն քանակը՝ 600 լիտր:

Այսպիսի ծրագիր իրականացվում է տարիներ շարունակ. ընդ որում որպես մատկարար՝ <<Ֆշեշը>>, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ընտրվել է առանց մրցույթի:

Սուբսիդավորման գլխավոր հիմնավորումն այն է, որ դիզվառելիքը գյուղացին ստանալու է շուկայականից էժան գնով: Այլ կերպ ասած՝ հայրենի կառավարությունում այն կարծիքին են, որ 2016 թվականին լիտրի համար 280 դրամը շուկայականից էժան գին է, այդ պատճառով էլ յուրաքանչյուր լիտրի դիմաց կառավարությունը <<Ֆլեշ>>-ին 60 դրամ լրավճար է հատկացնում, որպեսզի նա բիզնեսի մեջ չտուժի: Ստացվում է, որ  հայրենի կառավարության համոզմամբ՝ այս տարվա ընթացքում դիզվառելիքի շուկայական գինը պետք է առնվազն 340 դրամ լինի: Սա Հայաստանում:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում. այսպիսով՝ բացում ենք նավթի,  բենզինի և դիզվառելիքի գների հրապարակմամբ զբաղվող  ցանկացած առաջին կայքը / օրինակ՝ http://ru.globalpetrolprices.com/diesel_prices/ և ծանոթանում միջազգային գներին: Ըստ այդմ՝ մեր հարևան Իրանում դիզվառելիքի 1 լիտրն արժե 0,17 դոլար կամ, որ նույնն է, 71 դրամ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում դիզվառելիքն արժե 0,44 դոլար կամ, որ նույնն է, 214 դրամ, մեր հարևան մյուս երկրում՝ Վրաստանում, արժեքը 0,64 դոլար է, որը հավասար է 310 դրամի, իսկ ըստ նույն կայքի՝ Հայաստանում դիզվառելիքն արժե 0,99 դոլար կամ, որ նույնն է, 480 դրամ: Այսինքն՝ կառավարության կանխատեսման հիմքում ընկած են ոչ թե միջազգային, այլ զուտ հայաստանյան գները: Այսինքն՝ մեր հնարամիտները կանխատեսել են, որ միջազգային ռեկորդային անկման արդյունքում, իսկ նման կանխատեսումներ, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր լուրջ կենտրոններն ու փորձագետները արել են, մեզ մոտ  դիզվառելիքի գինը հազիվ էլ 480 դրամից հասնի 340 դրամի: Իսկ այդ 304-ի 60 դրամը կառավարությունը որոշել է մեծահոգաբար վերցնել իր վրա, որպեսզի հայ գյուղացին իրեն երջանիկ զգա:

Հիմա մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում <<Ֆլեշ>> չկա, հետևաբար կառավարությունը  նրան ոչ մի սուբսիդիա  էլ չի տալիս: Մրցույթ է հայտարարում 330 մլն դրամ սուբսիդիայի դիմաց հնարավորինս էժան գնով 6 մլն լիտր դիզվառելիքի ներկրման համար: Մրցույթով ընտրված x ընկերությունը, ի՞նչ եք կարծում, որքանով կարող էր վաճառել, օրինակ, Իրանից ներկրված դիզվառելիքը: Պարզ թվաբանությունը փաստում է, որ 11 դրամով, եթե  ներկրման ծախսերը չհաշվենք: Իսկ եթե հաշվենք, ապա իրանական ցանկացած ընկերություն վստահաբար ուրախ կլիներ այդ սուբսիդիայի կեսի կեսն  ստանալու դեպքում ՀՀ-ին հենց տեղի գնով՝ 71 դրամով, մատակարարել դիզվառելիք:

Իսկ հիմա հարց՝ ինչո՞ւ մեր կառավարությունը չի ընտրում մեր մատնանշած տարբերակը, և ի՞նչ անուն կարելի է տալ <<Ֆլեշի>> սուբսիդավորման մասին որոշմանը: Ատկատ՝ կասեր Սերժ Սարգսյանը:

 

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: