Հայ-իրաքյան հեռանկարները

Jan 28, 2016 Comments Off on Հայ-իրաքյան հեռանկարները

Եզրափակիչ արձանագրության ստորագրությամբ Բաղդադում իր աշխատանքներն է ավարտել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Արձանագրությունում ամփոփված են երկու երկրների տնտեսական և հումանիտար բնագավառներում մոտակա տարիների համագործակցության հեռանկարները:

Իրաք այցելության ընթացքում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Երիցյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ, որի ընթացքում վերջինիս են փոխանցվել ՀՀ Նախագահի և վարապետի ողջույնները, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցությունը ահաբեկչության դեմ Իրաքի պայքարին։ Արմեն Երիցյանը հայտնել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը Իրաքի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ և ներկայացրել առկա դրական առաջընթացի բարձր տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ նավթի գների անկման արդյունքում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր ոլորտներում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության զարգացմանը՝  կարևոր տեղ հատկացնելով Հայաստանին։ Վարչապետը իր քաջատեղյակությունն է ցուցադրել իրաքահայության խնդիրների վերաբերյալ և հատուկ նշել հայ համայնքի դրական դերակատարությունը երկրի զարգացման գործում։ Հեյդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները և նրանց շրջանում արտագաղթը կանխելու նպատակով ձգտում է ստեղծել նպաստավոր կենսական պայմաններ։

Հանդիպման վերջում վարչապետ Աբադին իր ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ Նախագահին, լավագույն մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին։

Նույն օրը Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի և տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ-Զուբաիդիի հետ։

Առևտրի նախարարը հրավիրել է հայկական ընկերություններին օգտվել Իրաքում ստեղծված հնարավորություններից, մասնակցել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև մասնակցել նախարարության կողմից հայտարարվող մրցույթներին։

Տրանսպորի նախարարի հետ քննարկվել են Բաղդադ-Երևան ուղղիղ չվերթի հետ կապված հարցերը, ինչպես նաև Իրանի միջոցով ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնելու խնդիրները։

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: