Կճոյանը վաստակել է այդ իրավունքը

Jan 31, 2016 Comments Off on Կճոյանը վաստակել է այդ իրավունքը

Մեր հանրային-քաղաքական դաշտի ակնառու դերակատարների ցանկում երբեք բացակա չեն եղել սքեմավորներ: Հոգևոր դասը մշտապես հիշեցրել է իր գոյության մասին, բայց բոլոր ժամանակներում եղել են այնպիսիները, որոնք գերազանցապես վնասել են հոգեւոր համայնքի հեղինակությանը: Այս իմաստով Կճոյան անունը այդ դասի մեր ժամանակների հավաքական կերպարն է:Բանակի տոնի առթիվ՝ Եռաբլուրում, այսօր հայ պաշտոնյաների լկտի ու անամոթ պահվածքն այնքան զզվելի չէր, որքան Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ հռչակված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինը: Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում չվաստակեց անգամ «սրբազան» կոչումը, նրան դիմում են «պարոն Կճոյան»-ով , որը հոգեւորականին անհարիր կյանքի ու վարքի պատճառով հայտնվել է լրագրողների թիրախում,տիրոջ քարոզած հանդուրժողականությունն ու զսպվածությունը երեսից քցած լրագրողների հետ  խոսում է ձեռ ու ոտով, քամահրանքով ու «ստախոս» հռչակում բոլոր նրանց, որոնք հարցնում են իր բիզնեսներից, Բենթլիից, օֆշորից ու այլ սկանդալներից: Նա հերքում է բոլորը, թքած ունի հանրային կարծիքի վրա, չգիտի էլ թե ինչ է այդ.«Դու հանրության ներկայացուցիչ չես» հոխորտում է լրագրողի վրա ու սպառնալից հայաքով ճեղքում ամբոխը:

Իրականում Կճոյանը վաստակել է նման պահվածքի իրավունքը: Նորմալ երկրներում նա կհայտնվեր այնտեղ, որտեղ հիմա իր սանիկ Աշոտ Սուքիասյանն է՝ օֆշորի գործով, բայց նա պատասխան չի տալիս ոչ օրենքի ու ոչ էլ Աստծու առջեւ՝ շարունակելով մնալ իր «բարձունքում»: Մի որոշ շրջան Կճոյանը լռության ուխտ էր կապել, անհետացել հանրային հարթակներից, այդ լռության ուխտը նա ընդունեց այն պահից ի վեր, երբ նախկին վարչապետ, Կճոյանի հարազատ Տիգրան Սարգսյանը լքեց կառավարության ղեկավարի աթոռը: Կճոյանն այս փաստն ընդունեց իբրև անձնական ողբերգություն: Բայց եկավ Հովիկ Աբրահամյանը ու կարճ ժամանակում Կճոյանը կողմնորոշվեց ու նորից աշխարհը վերագտնելու, վերաարժեվորելու ժամանակներ ապրեց՝ չհեռանալով աշխարհիկ բարիքներից ու զեխություններից բոլոր ժամանակներում, ցանկացած միջոցներով օգտվելու իր ուղենիշից:

Կճոյանն ասես ներքաշվել գողական կյանքի մեջ,  բացի օֆշորային սկանդալից, իր դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Եւ եթե իշխանության հղփանալուց ավելի արագ տեմպերով առաջ է ընկնում հոգեւոր դասը, ապա այս պարագայում բանակն է այն միակ կռվանը, որի շնորհիվ դեռ կանգուն է ու կա Հայաստան պետությունը, իսկ բանակի տոնին այսպիսինները պետք է անտես չքվեն հանրային հարթակներից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ բանակն ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը: Իսկապես, բանակը ամեն օր հիանալի է հանձնում իր քննությունը, եւ դրա շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կա, որովհետեւ իշխող «էլիտան» ամեն օր «կտրվում» է իր քննությունից, պետական, ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ բիզնես մտածողության դոմինանտության պատճառով :

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: