Պաշտոնից հեռանալը մեղք չէ

Jan 29, 2016 Comments Off on Պաշտոնից հեռանալը մեղք չէ

Ազգային բանակի տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին երկրի քաղաքական և հոգևոր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների եւ լրագրողների փոխադարձ շփումնեըը ավարտվեցին միայն վիրավորանքներով ու անվանարկումներով: Իշխանական էլիտա կոչվող զանգվածն ամեն ինչ արեց՝ ցույց տալու, որ այս երկրի դժբախտությունն ու «գաղջ» մթնոլորտի պատճառը լրագրողներն են: Օրինակ, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը պարզապես հայտարարեց, որ զզվում է լրագրողներից, նրանցից մեկին խորհուրդ տվեց շորերը «դզել» ու արհամարհանքով լքեց հավաքվածներին: Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անվանեց պրիմիտիվներ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նրանց կոչեց սուտասան: Ինչի՞ համար էր այս զզվանքն ու ամոթանքը: Նրա համար, որ տրվում էին անցանկալի հարցե՞ր: Օրինակ, ինչի՞ց այդքան զզվեցիք պարոն Գորիկ Հակոբյան, այն անհաշվելի տարիներից, որոնք դուք գլորել եք ձեր պաշտոնո՞ւմ: Չէ՞ որ հանրությունը ձեզ առանձնապես պատասխանատվության չի ենթարկել այն ամենաթողության համար, որի պատասխանատվությունը ձեր կառույցինն է եղել:Մեր երկրում կատարվող շատ անցքեր ու իրադարձություններ են վրիպում ձեր «ամենատես» աչքից, խաբար չեղաք, թե ինչպես ժամանակին «գորշ գայլերը» հայտնվեցին Երեւանի հանրապետության հրապարակում, Վահան Մարտիրոսյանն աննկատ ապաստանեց հարեւան Ադրբեջանում, ցանկը ձգվում է, բայց ավելորդ չզզվացնենք, չհիշենք նաեւ, որ ձեր հիմնական առաքելությունն ու գործը եղել է շարքային ու հատկապես ընդդիմադիր հանրությանը գաղտնալսելը, նրանց դեմ նյութեր կուտակելը, քաղաքացիներին անպատվելը:

Զզվում եք, որովհետեւ հարցնում են ձեր հեռանալու՞ լուրերից: Բայց ի՞նչ զզվելու հարց է, չէ՞ որ միշտ դուք եք ասում, որ պաշտոնն ու աթոռը չեք ժառանգել, որ դրանք ձեր կյանքի նպատակը չէ: Թե՞ ամոթ է պաշտոնից հեռանալը, կամ էլ գուցե աններելի մի մեղք, դուք «վաստակել» եք այդ հանգստի իրավունքը պարոն Գորիկ Հակոբյան: Փետրվարին լրանում է Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը; Նա վաղուց հատել է թոշակի տարիքը եւ արդեն մոտ չորս տարի է պաշտոնավարում է Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով: Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Հակոբյանը առաջիկայում կհեռանա, սակայն նրա համար կբացվի հատուկ հաստիք՝ նա կլինի նախագահի ներկայացուցիչն ԱԱԾ-ում: Երեւի թե Գոգիկ Հակոբյանը հավան չէ այս առաջարկին, նրա սիրտը այլ հեռուներ է ուզում նվաճել: Նա չի բացառել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ապագայում կմիաանան ու ղեկավարի պաշտոնում էլ հենց իրեն է տեսել:

Իսկ թե ինչու էր չարությամբ լցվել աստվածավախ Ոստիկանապետը, եւ այն էլ տոն օրով, միայն ինքն ու իր Աստված կիմանան: Բայց սովորաբար յուրաքանչյուրիս համար հարցը դառնում անցանկալի, երբ վախենալու, ամաչելու քայլ ենք արած եղել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: