Ալիևը «ձգում է գոտիները»

Jan 31, 2016 Comments Off on Ալիևը «ձգում է գոտիները»

Ադրբեջանում պետք է իրականացվի լայնամասշտաբ մասնավորեցում, քանի որ կան նման ձեռնարկություններ, որոնք չեն աշխատում 20 տարի, սակայն չգիտես ինչու դրանք չեն հանվել մասնավորեցման, Ալիևն այդ մասին հայտարարել է «2014-2018թթ. Ադրբեջանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրագործման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ։ Ալիևի խոսքով՝ պետք է ներկայացվի բիզնես պլան՝ կապված յուրաքանչյուր մասնավորեցված ձեռնարկության հետագա գործունեության հետ: «Մեզ անհրաժեշտ է օտար առաջատար խորհրդատվական ընկերություն, քանի որ մասնավորեցումը պետք է լինի թափանցիկ, պետք է ապահովվեն պետական շահերը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, որ իրենք ձգտել են մինչև վերջին պահը կայուն պահել մանաթի փոխարժեքը. «Նավթի քառակի գնանկումը, հարևան երկրների ազգային արժույթի 100 տոկոսանոց արժեզրկումը հնարավորություն չտվեցին պահպանել մանաթի կայուն փոխարժեքը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում։ Սոցիալական քաղաքականությունը, տնտեսական խոր բարեփոխումները մեզ հնարավորություն կտան հաջողությամբ դուրս գալ այս իրավիճակից։ 2016-ը պետք է դառնա նաև տնտեսական խոր բարեփոխումների տարի։ Կստորագրվեն հավելյալ հրամաններ՝ մեր տնտեսությունն ուժեղացնելու համար»։

Միջազգային շուկայում նավթի գնի անկումը ստիպեց Ադրբեջանի իշխանություններին վերանայել ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսային մասը, հայտարարեց Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը` կոչ անելով, սակայն, իրադրությունը խիստ դրամատիկ լույսի ներքո չներկայացնել: «Պետական բյուջեի մասին օրենքում լրացումներն արդեն իսկ արվել են, և դրանք շուտով վերջնականապես կհաստատվեն: Այդ քայլին մենք դիմում ենք նախագահ Ալիևի հանձնարարությամբ` ապահովել աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների և սոցիալական նպաստների մեծացման ֆինանսական հիմքը: Այդ բոլոր նպատակներին հասնելու համար բյուջեում գումար առկա է», – հավաստիացնում էր Ադրբեջանի ֆինանսների նախարարը:

Չնայած այս լավատեսական պնդումներին, սակայն, Ադրբեջանի իշխանությունները նավթի գնի գրեթե քառապատիկ անկման ֆոնին ստիպված են, մի կողմից, մտածել ծախսերի օպտիմալացման, մյուս կողմից՝ պետական բյուջեն համալրելու նոր ուղիներ գտնելու մասին:

Որպես բյուջեի համալրման հիմնական միջոց պաշտոնական Բաքուն առայժմ դիտարկում է պետական ձեռնարկությունների մասնավորեցումն ու էներգակիրների նոր չափաբաժնի արտահանումը միջազգային շուկա: Դա պարզ դարձավ երեկ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից, որ նա հնչեցրեց կառավարության անդամների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «2016-ը Ադրբեջանի համար պետք է դառնա խորը տնտեսական բարեփոխումների տարի: Ադրբեջանում լայնածավալ սեփականաշնորհում կիրականացվի: Այս տարի նաև հավելյալ քայլեր կիրագործվեն, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել «Հարավային գազային միջանցք» ծրագիրը: Այդ ծրագրի իրագործումը տասնամյակների ընթացքում կապահովի Ադրբեջանի տնտեսական շահն ու արտարժույթի հոսքը», – հայտարարում էր Ալիևը:

Դա, սակայն, Իլհամ Ալիևի խոսքով, ծախսերի օպտիմալացման միակ ձևը չի լինի: Ադրբեջանում գործող բոլոր պետական հիմնարկություններն այսուհետ պետք է գրասենյակների կահավորման համար բացառապես տեղական արտադրության կահույք ձեռք բերեն: Իր այս հանձնարարության կատարման ընթացքին, ըստ Ադրբեջանի նախագահի, պետք է հետևի ֆինանսների նախարարությունը:

Նշենք, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը կազմել է 5 միլիարդ 16.7 միլիոն դոլար։ Դա 8 միլիարդ 741.6 միլիոն դոլարով կամ 2.74 անգամ զիջում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, իր արժութային պահուստները կրճատվել են 1 միլիարդ 228.9 միլիոն դոլարով կամ 19.67 տոկոսով։

Բացի այդ, տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Ադրբեջանը պատրաստվում է պարտք վերցնել արտասահմանից, իսկ Standart & Poor‘s միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ նավթի էժանացման պատճառով Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցվելու է, ինչը նշանակում է, որ առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար արտասահմանյան ֆինանսական շուկաներից Ադրբեջանը կարող է վարկեր ստանալ միայն ավելի բարձր տոկոսներով: Գործակալությունը նշել է, որ նավթի գնանկումն անխուսափելի է դարձնում նավթ արտահանող երկրների, այդ թվում` Ադրբեջանի վարկային վարկանիշի պահպանումը:

Ի դեպ, նաև Moody’s Investor Service-ն արդեն «կայունից» «բացասականի» է իջեցրել Ադրբեջանի առաջատար «Կապիտալ բանկի» դեպոզիտների երկարաժամկետ վարկանիշերի գծով կանխատեսումը: Դա արվել է՝ ուշադրության առնելով Ադրբեջանում մակրոտնտեսական փոփոխությունները՝ կախված մանաթի լողացող փոխարժեքի անցնելու և դոլարացման բարձր մակարդակի հետ:

Այսպիսով, Բաքուն 2016-ի հաստատված պետբյուջեն պետք է վերանայվի, որում նավթի գինը մեկ բարելի դիմաց հաշվառվել է 50 դոլարի մակարդակի: Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նոր նախագիծ է պատրաստում, որում նավթի գինը պետք է հաշվարկվի մեկ բարելի դիմաց 25 դոլար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: