ՀՅԴ-ի նախապայմանները չեն ընդունվելու

Jan 28, 2016 Comments Off on ՀՅԴ-ի նախապայմանները չեն ընդունվելու

«Մեր պատվիրակությունը չի խորացել փաստաթղթի տնտեսական էության մեջ, որովհետեւ ԵԽԽՎ-ին ադրբեջանցիները եւ նրանց հովանավորյալները տրամադրում էին քաղաքական ուղղվածությամբ եւ բանաձեւին էլ քաղաքական ենթատեքստ էին տալիս» մեզ հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անհասկանալի պահվածքի վերաբերյալ իր բացատրությունը ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ մեր բացատրությունները որեւէ մեկին պետք չէր.«Այո, մեր պատվիրակները ճիշտ էին անում, որ շեշտադրում էին, թե ԵԽԽՎ-ականները կաշառված են, որովհետեւ եթե խորանային, բոլորն էլ կտեսնեին, որ մենք դեմ չենք եղել Սարսանգից ջուր բաց թողնելուն: Իսկ հիմա քանի որ արդեն ընդունվել է եւ մենք էլ գիտենք, որ ԵԽԽՎ փաստաթղթերն իրավական հետեւանք չունեն, քարկոծել դրանք, կնշանակի դեմ գնալ ժողովրդավարական արժեքներին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ

մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն ու առհասարակ հայկական կողմից վրդովմունք ու հոխորտանքների տարափ էր բարձրացել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի ընդունման առիթով, բոլորն իրենց պարտքն էին համարում վիրավորանք հասցնել թե զեկույցի հեղինակ ԵԽԽՎ պատվիրակներից Միլիցա Մարկովիչի ու առհասարակ ԵԽԽՎ-ի հասցեին՝ համարելով, որ ադրբեջանական նավթադոլարները դարձել են եվրոպական կառույցում հարց լուծող, Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած պարզաբանումները բացայատեցին իրականությունը: Պարզվում է՝ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են բազմիցս ՝ սկսած 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանն են դիմել: Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվել են 1970-1976 թվականներին Թարթառ գետի վրա: Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին ոչ միայն ադրբեջանական շրջանների, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դաշտերը: Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Սարսանգի հիդրոկայանը տարեկան արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար: ԼՂՀ վարչապետը հավաստիացրել է, որ չնայած Սարսանգի ջրամբարը կենսական նշանակություն ունի ԼՂՀ բնակչության համար, պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել ադրբեջանական կողմի հետ: ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաեւ Դաշնակցության հետ կոալիցիայի հեռանկարի մասին.«ՀՀԿ-ի դռները միշտ էլ բաց է բոլոր քաղաքական ուժերի առաջ եւ դա ոչ այսօրվա, ոչ երեկվա համար է, մենք նախկին խորհրդարանում էլ մեծամասնություն ենք ունեցել, բայց կոալիցիա եղավ, որովհետեւ խնդիրը քաղաքական ուժերին ու հասարակությանը կոնսոլիդացնելու մեջ է»: Անդրադառնալով ՀՅԴ-ի հայտնի 7 կետերին եւ պատասխանելով նախապայմանների ընդունման վերաբերյալ հարցին ՀՀԿ-ականը ասաց.«Այդ նախապայմանները չեն ընդունվելու, որոնք մեր ծրագրի մեջ չեն մտնում, հաստատ չեն ընդունվելու, եթե խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: