Դեմքը փրկելու փոխարեն, թող համակարգված աշխատեին

Jan 28, 2016 Comments Off on Դեմքը փրկելու փոխարեն, թող համակարգված աշխատեին

Մինչեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն ու առհասարակ հայկական կողմից վրդովմունք ու հոխորտանքների տարափ էր բարձրացել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի ընդունման առիթով, բոլորն իրենց պարտքն էին համարում վիրավորանք հասցնել թե զեկույցի հեղինակ ԵԽԽՎ պատվիրակներից Միլիցա Մարկովիչի ու առհասարակ ԵԽԽՎ-ի հասցեին՝ համարելով, որ ադրբեջանական նավթադոլարները դարձել են եվրոպական կառույցում հարց լուծող, Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած պարզաբանումները ջուր լցրեցին այդ «հերոսացումներին»՝ ցույց տալով հայկական դիվանագիտության ամբողջ սնանկությունը: Պարզվում է՝ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են բազմիցս ՝ սկսած 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանն են դիմել: Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվել են 1970-1976 թվականներին Թարթառ գետի վրա: Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին ոչ միայն ադրբեջանական շրջանների, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դաշտերը: Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Սարսանգի հիդրոկայանը տարեկան արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար: ԼՂՀ վարչապետը հավաստիացրել է, որ չնայած Սարսանգի ջրամբարը կենսական նշանակություն ունի ԼՂՀ բնակչության համար, պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել ադրբեջանական կողմի հետ: Եւ ահա, այս հզոր փաստարկները մի կողմ թողած հայկական պատվիրակները ապավինում են լաչառությանը եւ խոսում ամեն ինչի մասին, բացի իրականության: Ինչո՞ւ, հարցին մեզ հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրնյանը պատասխանեց, «Այնպես ինչպես կառավարվում է մեր ներքին կյանքը, նույն ձևով էլ պետք է կառավարվի արտաքին քաղաքականությունը: Թափթփվածության կա ներքին և արտաքին կառավարման համակարգերում»: Շիրինյանն անդրադառնալով բանաձեւի հետագա կիրառման եւ Ղարաբաղի դեմ պայմաններ դնելու հեռանկարին , ասաց, որ հայկական կողմը կարող է հզոր հակափաստարկներ ներկայացնել.«Պետք է ասել, իսկ դուք մեզ նավթ տալի՞ս եք, որ ջուր եք պահանջում: Շրջափակումը պատերազմի առիթ է, թե ոչ, բա ինչ է՝ դուք մեզ շրջափակել եք, պատերազմում եք, մենք ձեզ ջուր տա՞նք: Երրորդ՝ միջազգային հանրությանը պետք է հարցնել՝ անկախությունը ճանաչո՞ւմ եք Ղարաբաղի, թե ոչ եւ այսպես շարունակ: Ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի՞, թե ոչ: Եթե այդ բոլոր պայմանները կկատարեք, նոր կորոշենք ջուր տանք, թե ոչ» ասաց Շիրինյանը ընդգծելով, որ միջազգային իրավունքի մասնագետների միջոցով պետք է այս բոլոր հարցերն առաջ քաշել:

Շիրինյանը նկատեց, որ ԼՂՀ պաշտոնյաների վերոնշյալ հայտարարությունները նմանվում են «դեմքը փրկելու» քայլի.«Մինչեւ այդ հայտարարեիք, ասեիք գիտեք ինչ կա, մենք այդ ջուրը լավ էլ տալիս էինք: Դավիթ Բաբայանը նախագահի անունից անգամ նման հայտարարություն չէր անում, կնշանակի ինչ որ բան այն չէ, հակասություն կա»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: