Ի՞նչ կա Լավրովի «սեյֆում»` ԼՂ-ի խնդրի մասին

Jan 31, 2016 Comments Off on Ի՞նչ կա Լավրովի «սեյֆում»` ԼՂ-ի խնդրի մասին

Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարեցին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ առաջարկներ է ներկայացրել:

Տպավորություն էր ստեղծվում, թե Մոսկվան Բաքվի հետ ինչ-որ պայմանավորվածությունների է եկել` առանձին բանակցված փաստաթղթի շուրջ: Բայց ահա, Լավրովը, վերջապես, անդրադարձավ Բաքվի կողմից անընդհատ շահարկվող այս թեմային:

Ռուսաստանը հանդես չի եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին որևէ նոր փաստաթուղթ ընդունելու նախաձեռնությամբ։ 2015-ին Ռուսաստանի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Լավրովին խնդրել են մեկնաբանել խաղաղության բանակցությունների շրջանակներում «Լավրովի փաստաթղթի կամ առաջարկների» մասին հրապարակումների հայտնվելը, Լավրովը պատասխանել է. «Դեռ գոյություն չունի որևէ «Լավրովի փաստաթուղթ» կամ նման մի բան»։

Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում գոյություն ունի միայն մի քանի փաստաթուղթ. «Կան մի շարք փաստաթղթեր, դրանք մոտ 4-5-ն են, միգուցե 6-ը, որոնք (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահները պատրաստել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը եղել է այն մասին, որ որպես առաջին քայլ պատրաստվեն հակամարտության կարգավորման սկզբունքները և հետո արդեն այդ սկզբունքների հիման վրա պատրաստվի խաղաղության համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող և ոչ թե քաղաքական բնույթ։ Տվյալ փաստաթղթի տարբերակները համանախագահների կողմից ներկայացվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Դրանք այդպես ներկայացված վիճակում գտնվում են այդ կազմակերպության սեյֆում։ Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր համարել»։

Լավրովը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում հակամարտության կարգավորման գործընթացում որոշ դադարից հետո կողմերը վերսկսել են «հանգուցալուծումը որոնելուն» ուղղված դիվանագիտական շփումները: «Նման հանգուցալուծումներ ներկայումս որոնվում են գաղափարների մակարդակով, բարձրաձայն մտքերի մակարդակով։ Ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իմ գործընկերների հետ։ Մենք բոլորս դա քննարկում ենք նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ։ Գոյություն չունեն այլ փաստաթղթեր, բացի նրանցից, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ-ին։ Մնացյալ բոլորը որոնում է, դա ուղեղային գրոհ է»,- ասել է նա։

Բանակցություններն ընթանում են «Որևէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքի հիման վրա, ասում է Սերգեյ Լավրովը:

Նոյեմբերին մինչդեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան այցերի ընթացքում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ է ներկայացրել. «Այդ առաջարկները ընդգրկում են այն պայմանավորվածությունները, որ նախագահները ձեռք բերեցին 2014-ին Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ և որոնց հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին: Նորացված Մադրիդյան սկզբունքների վեց կետերը հանրությանը հայտնի են` Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված տարածքներից, ինչպես նաև այլ հարցեր»:

Սակայն Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, դեկտեմբերի վերջին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լավրովի ներկայացրած առաջարկների մասին լուրերին, նշում էր․ «Մենք որևէ պաշտոնական նման փաստաթուղթ չենք ստացել»:

Ինչու է Լավրովն ակնարկում, թե կան մի շարք փաստաթղթեր` 4-5-ն, միգուցե 6-ը և դրանք ներկայացված վիճակում գտնվում են այդ կազմակերպության սեյֆում։ Դեռ ավելին, նա շեշտում է, թե դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր համարել: Մի կողմից Լավրովը հերքում է Բաքվին, թե` Լավրովի փաստաթուղթ չկա», բայց մյուս կողմից մի տեսակ լրացնում է Ադրբեջանի իշխանություններին, որ կան մի քանի փաստաթղթեր:

Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, եթե կողմերը բանակցում են Մադրիդյան սկզբունքներով` կարգավորման տարբերակի շուրջ: Մանավանդ, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ, այնուամենայնիվ, Լավրովը 2010-ին ներկայացրել է ինչ-որ առաջարկներ: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փոխհամաձայնեցված փաստաթղթի շուրջ եկել էին ընդհանուր հայտարարի, բայց հիմա Լավրովը մի կողմից դա ցանկանում է հերքել, մյուս կողմից հաստատել, թե շատ փաստաթղթեր կան:

Իսկ գուցե Լավրովն իր «սեյֆում» ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ մի տարբերակ ունի՞, բայց նա այժմ նպատակահարմար չի համարել հրապարակայնացնել, քանի որ դրանից ակնհայտ կդառնա, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հայկական կողմի համար ոչ բարենպաստ պայմաններով ինչ-որ սկզբունքներ են մշակել` ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ամենաուշագրավ փուլերում…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: