Հրանտ Մարգարյանին պատասխանատվության կկանչեն

Jan 27, 2016 Comments Off on Հրանտ Մարգարյանին պատասխանատվության կկանչեն

Հայ հեղափոխական դաշնակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության բանակցությունները մի կողմից են շարունակվում, մյուս կողմից խմորումները հասունանում Դաշնակցության սփյուռքի կառույցներում: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ սփյուռի ընկերները որոշել են այս անգամ չներել հայաստանյան հատվածի <<շեֆ>> Հրանտ Մարգարյանին, ով հայտնի է Սերժ Սարգսյանի հետ աննկարագրելի ջերմ հարաբերություններով եւ իշխանության հետ կոալիցիայի կուրսի ակտիվ ջատագովներից է: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, սփյուռքահայ Սարգիս Հացպանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Դաշնակցությանը դեռ Ֆրանսիայում գտնվելու տարիներից է մոտիկից ծանոթացել.<<Այն ժամանակ Ֆրանսիայում 300 դաշնակցական կար, որոնցից 298-ին վտարեցին Դաշնակցությունից միայն այն բանի համար, որ ասացին, թե ընդունում են Լեւոն Տեր-Պետրոսյանին իբրեւ ՀՀ նախագահ:Դաշնակցությունը իր 125 տարվա պատմության ընթացքում, թերեւս հանած մինչեւ 1907 թվականի ազգային-ազատագրական պայքար, ֆիդայական շարժում, 1907թվականից մինչեւ այսօր երիտթուրքական կազմակերպության հետ համագործակցած կազմակերպություն, նաեւ հայոց Ցեղասպանության իրագործման մեջ մեծ, շատ մեծ մեղավորություն ունեցող կուսակցություն, ՀՀ-ում հինգերորդ շարասյունն է եւ չի կարող հօգուտ ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացիների որեւէ քայլ կատարել, ուստի իշխանություններին տրվելը նրանց տեղն ու տեղն է>> ասաց Հացպանյանը: Նա հիշեց ոչ վաղ անցյալում,երբ Դաշնակցությունը ընդդիմադիր քառյակում էր, որը պայքար էր մղում իշխանության դեմ, ինքն այն ժամանակ է դեռ հրապարակային ասել, որ եթե ՀՅԴ-ն մնաց քառյակում, ինքն իր անունը կփոխի.<<Հայտարարությունիցս մեկ ամիս անց Դաշնակցությունը դուրս եկավ, որովհետեւ հնարավոր չէ, որ ժողովրդին նվիրված քայլ անի, դա բա-ցառ-վում է, հնարավոր չէ ժողովրդին հուզող դարդ ու ցավերը հետաքրքրեն այդ կուսակցությանը, դաշնակցությունը դա բիզնես անող կուսակցություն է, ամեն բան դիտարկում է այդ համատեքստում>>: Հացպանյանը նկատեց, որ այդ կուրսը դաշնակցությունում դոմինանտ է դարձել հատկապես այն ժամանակվանից, երբ Իրանից Հայաստան է տեղափոխվել եւ դաշնակցության ղեկավարումը ստանձնել Հրանտ Մարգարյանը եւ, որ նա հեռացնելով իշխանության դեմ ընդվզող կուսակիցներին, հեշտությամբ ավանդական կուսակցությունը <<փեշքեշ>> է անում իշխանություններին.<<Ինձ ծանոթ դաշնակցականները՝ Կանադայից, Ֆրանսիայից, անգամ Միջին Արեւելքից, ասում են, որ կուսակցությունն այս օրին գցողը Հրանտ Մարգարյանն է, որին պետք է անպայման պատասխանատվության կանչել: Կարծում եմ, որ ազգային գիծ ունեցող դաշնակցականները այս անգամ վերջնականապես կլուծեն հարցերը, եթե այժմյան պոլիտբյուրոն գնաց կոալիցիա կազմելու քայլին: Կտեսնեք դաշնակցությունը կտրոհվի առնվազն երկու մասի>>:

Սարգիս Հացպանյանն անդրադարձավ նաեւ այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայ երկու զեկույցնեի ճակատագրին ասելով, որ բրիտանացի պատվիրակ Ուոլթերի նախագծի մերժումը ոչ թե հայկական կողմի եւ հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի արդյունքն է կամ որ հաղթանակը, այլ ԵԱՀԿ-ինը.<<Նրանք չէին կարող մեկ այլ եվրոպական կառույցի, այսպես ասած, բոստանը մտնել: Չէ՞ որ խաղաղ կարգավորման գործառույթն իրականացվում է ԵԱՀԿ-ի կողմից, այդ կառույցին 55 պետություններ են լիազորել, անգամ ոչ եվրոպական, ԱՄՆ-ն է անդամակցում Մինսկի խմբին: Եւ ինչ որ մի այլ կառույց, ինչ որ մի պատվիրակ, որը առավել թուրք է, քան բրիտանացի/ որովհետեւ Ուոլթերը ազգությամբ թուրք է/ կարողացել էր կաշառքի միջոցով օրակարգ մտցնել մի զեկույց, որ քվեարկվի:Մինչդեռ դա հակասում էր միջազգային խաղի կանոններին եւ բնական էր, որ պետք է մերժվեր, այլապես այն կհեղինակազրկեր ԵԱՀԿ-ին>>: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն այսօր մերժեց բիրտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կազմած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից տարածքներում» զեկույցը, և կողմ քվեարկեց Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով զեկույցին: Առաջին զեկույցի քննարկման ժամանակ նկատելի էր, որ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում հղում էին անում ԵԱՀԿ օրեր առաջ արված հայտարարությանը, որով կոչ էր արվում չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ պատվիրակների ելույթները հենց այս շեշտադրումներով էին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: