Ո՞ւմ է բաժին հասնում «հաղթանակի» դափնին

Jan 27, 2016 Comments Off on Ո՞ւմ է բաժին հասնում «հաղթանակի» դափնին

Այսպիսով՝ ԵԽԽՎ-ի բախտորոշ ավելի քան երկու ժամ տեւած քննարկումնեից հետո հայաստանյան հասարակությունը կանգնեց անհասկանալի իրավիճակի առջեւ՝ չգիտես ուրախանաս, որ ի վերջո քաղաքակիրթ Եվրոպան հավատարիմ մնաց իր որդեգրած արժեքներին եւ մերժեց հակահայ բանաձեւերից մեկը, թե տխրել, որ ընդունեց մյուսը: ԵԽԽՎ-ն ինչպես տեսանք մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը և ընդունեց Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը: Այսպիսով ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Հայաստանին հաջողվեց գոնե կիսով չափ չեզոքացնել հակահայկական բանաձևերը:Սակայն դեռեւս հստակ գնահատական հնարավոր չէ տալ՝ «կիսահաղթանակը» հայկական պատվիրակության աշխատանքի արդյո՞ւնքն էր, թե թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ և ԵԽԽՎ-ին կոչ էին արել չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ պատվիրակների ելույթները հենց այս շեշտադրումներով էին, անգամ հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում հղում արեց Մինսկի խմբի հայտարարությանը: «Այս զեկույցի հեղինակը շարունակում է Ադրբեջանի քարոզչությունը: Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -հայտարարեց Ռուստամյանը: Բանաձևերի նախագծերը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցություն հայտնելու դիրքերից խոսեցին նաեւ ԵԽԽՎ պատգամավորական խմբերի ղեկավարների մեծ մասը: Եվրոպական Պահպանողականների անունից ելույթ ունեցավ բրիտանացի պատգամավոր Ջոն Հոուելը՝ պաշտպանելով և ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանդես գալով ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման ապակառուցողական ջանքերի դեմ: Լոտտա Յոհնսոնը, խոսելով Եվրոպայի Միացյալ ձախերի անունից ավելացրեց, որ չեն կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որեւէ մեկը, որոնք Հայաստանին բացասական լույսի ներքո են ներկայացնում և գովաբանում են Ադրբեջանին շատ կողմնակալ կերպով: ԵԽ գերմանացի պատգամավոր Աքսել Ֆիշերն էլ իր ելույթում ասաց, որ երկու զեկույցները խոչընդոտ են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Նա կոչ արեց գործընկեր պատգամավորներին հարգանքով վերաբերվել կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին, աշխատել միասին և չսրել իրավիճակը: «Պետք է միասին աշխատենք, և եթե նույնիսկ ունենք հակառակ պնդումներ, ապա պետք է մեր քննարկումներում ցույց տանք, որ հարգանքով ենք վերաբերում երկու կողմերին, այդ դեպքում միայն կարող ենք առաջընթաց արձանագրել», -հայտարարեց Ֆիշերը: Հենց այս կոչերից հետո էլ քվեարկության դրված նախագիծը մերժվեց: Միանշանակ պնդել, որ զեկույցի մերժման հարցում ազդեցություն է ունեցել Մինսկի խմբի կոչը, չենք պատրաստվում: Բայց միեւնույն ժամանակ հարց է ծագում՝ եթե անցանկալի զեկույցի մերժումը հայկական պատվիրակության եւ առհասարակ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքն է, ապա տրամաբանորեն միեւնույն վայրում, գրեթե միեւնույն ժամին քվեարկվող զեկույցներն էլ պետք է նույն ճակատագրին արժանանային: Գուցե ԵԽԽՎ-ականների վրա ազդեցություն գործեց Բոսնիայի և Հերցոգովինայի խորհրդարանի պատգամավոր, Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչի բոցաշունչ ելույթը, նա հայտարարեց, որ 4 անգամ մերժվել է Հայաստանի կողմից ՝ ջրամբար այցելելու հարցում: Ըստ նրա ՝ մերժումները պայմանավորված են եղել Հայաստանի ՝ իր հետ աշխատելուց խուսափելու նպատակով.«Երբ ես առաջին անգամ դիմեցի միասնական աշխատանքի և ջրամբար այցելելու հարցով, հայկական պատվիրակությունից ասացին, որ դա հնարավոր չէ, որովհետև հոկտեմբեր-մայիս ամիսներին Սարսանգի ջրամբարը հասանելի չէ ջրի մեծ հոսքի պատճառով: Երկրորդ անգամ էլ ասացին, որ պաշտոնական գրություն չեն ստացել: Երրորդ անգամ մերժեցին ՝ Սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվելու պատճառով, իսկ չորրորդ անգամ՝ հորդորեցին դիմել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնք ԵԽԽՎ պատվիրակություն չեն»: Իր խոսքում Միլիցա Մարկովիչը չխնայեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, ովքեր 20 տարի, ըստ նրա, անօգուտ աշխատանք են տանում, հետևապես ԵԽԽՎ-ն չի կարող աչք փակել տարածաշրջանում առկա խնդիրների վրա, իսկ այդ խնդիրն այն է, որ ԼՂ-ն փակում է Ադրբեջան ընթացող ջրի հոսքը:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: