Պատրաստվում են կրճատումների և օպտիմալացման

Jan 26, 2016 Comments Off on Պատրաստվում են կրճատումների և օպտիմալացման

Տարեսկզբից նոր թափ են ստացել պետական համակարգում սպասվող փոփոխությունների ու օպտիմալացումների մասին խոսակցությունները:  Կրճատման վտանգի տակ են հիմնականում նախարարություններին կից ստեղծված տեսչություններն ու ստուգող մարմինները:

Դեռևս 2015 թվականի ամռանը կառավարությունը հավանություն էր տվել տեսական բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև հաստատել էր բարեփոխումների ծրագիրը, համաձայն որի՝ 2016 թվականից գործելու է ընդամենը 3 տեսչական մարմին: Մինչդեռ հանրապետությունում այս պահին ավելի քան 2 տասնյակ տեսչությունները և վերահսկողական ֆունկցիաներով օժտված ծառայություններ կան, որոնք գործում են տարբեր նախարարությունների ենթակայության տակ: Նոր տեսչությունները ստեղծվում են իբրև նոր մարմիններ, իսկ նախկինների ճակատագիրը փաստորեն դեռևս օդից կախված է: Մեր տեղեկություններով՝ նորաստեղծ տեսչությունների աշխատողները, ի տարբերություն նախկին տեսչությունների, քաղաքացիական ծառայողներ չեն համարվելու, դրանք լինելու են հատուկ կարգավիճակ ունեցող պետական ծառայողներ՝ բավականաչափ բարձր վարձատրությամբ: Նորաստեղծ տեսչություններում աշխատողների միջին աշխատավարձը 400-500 հազար դրամի է հասնելու: Օպտիմալացման ծրագիրը իրականացվում է կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում, իսկ բարձր աշխատավարձ սահմանելու տրամաբանությունը պրոֆեսիոնալներին ներգրավելու է անհրաժեշտությամբ է հիմնավորվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի տարեվերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում խոսել է կառավարության կազմի օպտիմալացման մասին, իսկ թե իրականում ինչ կարգի փոփխությունների մասին է խոսվում, կառավարությունը չի շտապում հայտարարել: Բայց գործընթացն արդեն սկսված է, և  այդ փաստը նախօրեին լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերով նախարար Վաչե Գաբրիելյանը. «Օպտիմալ կառավարումը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, և նա անդրադառնալու է այդ հարցին: Իսկ նախարարություններն են կրճատվելու, թե պաշտոնյաները, դա ժամանակի ընթացքում պարզ կլինի», – ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել է Վաչե Գաբրիելյանը:

Թե երբ տեղի կունենա Հովիկ Աբրահամյանի վերջնական անդրադարձը խնդրին՝ ոչ ոք չգիտի: Ըստ էության Արգամիչը փորձում է հնարավորինս փակ պահել տեղեկատվության հասանելիության շրջանակը, թերևս որպեսզի կարողանա նաև խուսափել հնարավոր միջնորդություններից ու ճնշումներից: Զուգահեռաբար այժմ ընթանում են կուլիսային բանակցություններ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցի շուրջ: Ենթադրվում է, որ կառավարություն կարող են գործուղվել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կադրերը՝ ստանալու նախարարական կամ մարզպետական կադրեր: Այս համատեքստում խոսակցություններ կան նաև որոշ նախարարությունների միավորման շուրջ: Մասնավորապես, ինչպես նախկինում գրել էր Հայելի.ամ-ը, քննարկվում է բնապահպանաության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների միացման հարցը: Ամենայն հավանականությամբ, միացյալ նախարարության ղեկավարումը կսատանձնի բնապահպանության գործող նախարար Արամայիս Գրիգորյանը, իսկ նախարար Երվանդ Զախարյանը, տարիքով պայմանավորված հանգստի կանցնի: Ըստ որոշ լուրերի՝ քննարկվում են նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարության տրոհման, էկոնոմիկայի և եվրաինտեգրման  նախարարության  միավորման հարցերը:

Թերևս շատ բան կախված կլինի բանակցությունների ընթացքից, որի ավարտից ու պորտֆելների բաժանումից հետո էլ կտրվի օպտիմալացման և կրճատումների մեկնարկը:

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: