Հերմինե Նաղդալյանի նժույգի ցատկը

Jan 26, 2016 Comments Off on Հերմինե Նաղդալյանի նժույգի ցատկը

 

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, շախմատային լեզվով ասած, ձիու քայլ է արել: Իսկ եթե իրավիճակը գեղարվեստորեն արտահայտենք, ապա Հայաստանի ամենահայտնի բիզնես լեդին  Եվրոպայի սրտում ոչ թե ձիու քայլ, այլ նժույգի թռիչք է իրականացրել՝ այստեղ՝  Երևանում, իր <<անորակ ու անգրագետ>> դիվանագիտական աշխատանքի մասին <<չարախոսողներին>> հասկացնելով, որ իր հետ <<շուտիտ նելզյա>>: Մինչ Հայաստանում՝ իշխանական կուլիսներում և հրապարակային հարթակներում, բոլորը խոսում են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության խայտառակ տապալման մասին, տիկինը՝ իբրև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրվում է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում: ԵԽԽՎ-ն 2 տասնյակից ավել փոխնախագահ ունի, որոնցից մեկն էլ փաստորեն դարձել է Հերմինե  Նաղդալյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչև հաջորդ նստաշրջան: Իհարկե դժվար է ասել, թե ԵԽԽՎ-ն ինչ չափանիշներով է առաջնորդվել իր ընտրությունը կատարելու հարցում և կոնկրետ Հերմինե Նաղդալյանի դեպքում՝ կատարած հատկապես ո՛ր աշխատանքն ու քաղաքական ո՛ր հատկանիշներն են հաշվի առնվել: Իհարկե հնարավոր է նաև, որ սա Հայաստանի նկատմամբ եվրոպական դիվանագիտության կողմից արված ժեստ է: Բայց անկախ դրդապատճառներից՝ կարևորը թերևս այն է, որ Հերմինե  Նաղդալյանը կամա թե ակամա լուծել է նաև սեփական հարցերը:

Բանն է այն է, որ իշխանական շրջանակներից վերջին օրերին վստահեցնում էին, որ եթե հայկական պատվիրակությանը չհաջողվի կանխել հակահայ երկու սկանդալային բանաձևերի ընդունումը, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները: Ինքը՝ Նաղդալյանը, ու պատվիրակության մյուս անդամները ի սկզբանե պնդում էին, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով հակահայ զեկույցները գրվել են ադրբեջանական խավիարի ու նավթադոլարների անմիջական ազդեցությամբ, և հայկական պատվիրակությունը դրանց դեմն առնել ուղղակի չէր կարող:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից հետո, սակայն, որտեղ համանախագահները կոչ էին անում ԵԽԽՎ-ին զերծ մնալ ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ գնահատականներից, քանի որ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի լիազորությունն է, իրավիճակը կարծես թե փոխվեց: Իհարկե, դեռ վաղ է ասել՝ կհաջողվի՞ արդյոք հասնել հակահայ վերոնշյալ զեկույցների տապալմանը, թե՞ ոչ: Սակայն Հերմինե Նաղդալյանի նշանակումը ԵԽԽՎ փոխնախագահ խորհրդաշնական է երկու իմաստով. եթե բանաձևերը ընդունվեն, ապա կստացվի, որ այդ նշանակումն իրականում հայկական պատվիրակության դեմ լարված ծուղակ էր: Այս դեպքում Հերմինե Նաղդալյանին այլ բան չի մնում, քան ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել, որ ինքը հրաժավում է փոխնախագահ դառնալուց, այլապես կստացվի որ Հայաստանի պետական շահերի դեմ քվեարկած եվրոպացի պատգամավորները քվեարկում են Հերմինե Նաղդալյանի փոխնախագահ դառնալու օգտին: Կա նաև երկրորդ տարբերակը. Հերմինե Նաղդալյանը ապացուցում է, որ ինքը այնուամենայնիվ գիտի նաև Եվրոպայում հարցեր լուծելու ձևը, ուստի հնարավոր է, հակահայ բանաձևերը կկասեցվեն, իսկ տիկին Հերմինեին եվրոպացի պատգամավորները կմաղթեն բարի փոխնախագահություն ԵԽԽՎ-ում: Ի վերջո, ադրբեջանցիները խավիար ունեն, մենք էլ՝ կոնյակ, ու դեռ պարզ չէ՝ եվրոպացի պատգամավորները համեմատության մեջ, որին են տալիս նախապատվությունը:

Կարինե Սարիբեկյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: