Հուժկու իրադարձություն

Jan 26, 2016 Comments Off on Հուժկու իրադարձություն

Հայաստանի քաղաքական արենայում արդեն մի քանի օր է հուժկու իրադարձություններ են ընթանում, մի քանի անչափ <<սկզբունքային>> կուսակցություններ պահն օրհասական համարելով մի կողմ են դնում ամբիցիաներ, լուծարվում, գնում միանում իրեն ընդդիմության ռահվիրա հռչակած Արթուր Բաղդասարյանի նորաստեղծ Հայկական վերածնունդ կուսակցություններին, բայց մենք այս աննախադեպ պահը բաց ենք թողել ու ընկել մանր-մունր իրադարձությունների հետեւից, որպիսին ԵԽԽՎ-ում հակահայ բանաձեւերի ընդունումն է, կամ ինչպիսն ԱԱԾ-ի կողմից զինված խմբի անդամներից մի քանիսի անակնկալ ազատ արձակումն է, որի մասին շատ բան չի հաղորդվում, ինչ է փոխվել, որ փոխվում է կալանքի միջոցը: Չնայած որ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներն առանձնապես չեն նեղվում մեր անտարբերությունից, մեկ-երկուսն են ընդամենն իրենց էջերում զգացնել տալիս ուշադրության պակասը, բայց մյուսները՝ աշխարհն աշխարհով, իրենք իրենց գործով են. շարունակում են ազգանվեր գործընթացը ու ընդդիմության նոր բեւեռ ստեղծում: Կամ թե իրագործում Արթուր Բաղդասարյանի ազգափրկիչ, հայրենանվեր գաղափարը: Անցած շաբաթ օրվանից «Հայկական վերածնունդ»-ից հաղորդագրություններ են տարածվում, որ գործող կուսակցությունները լուծարվում են, միանում են «Հայկական վերածնունդ»-ին, ինչպիսին օրինակ ՝ «Հայկանդուխտ ավանդապաշտ», Ազգի փրկություն, «Հայաստանի ագրարային» եւ մի քանի նման չլսված կուսակցություններ: «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» ժողովրդավարական կուսակցությունը օրինակ ստեղծվել է 1994թ-ին,կուսակցության կին ղեկավար Արմենուհի Ղազարյան կուսակցության ծննդի հրամայականը մի առիթով բացատրել էր բանկերի սնանկացան և խաբված ավանդատուների իրողությամբ:Իրենք ստեղծվել են մարդկանց այդ ոտնահարված իրավունքը պաշտպանելու համար: Ավանդապաշտ հայուհիների խմբակը, բնականաբար, չէր կարող չաջակցել, չհամագործակցել, թասիբով հայ տղամարդու հետ որպիսին Արթուր Բաղդասարյանն է, որը ժողովրդին երբեք չի խափել, չի քցել, չի ուրացել ու հանուն օրինաց երկրի ստեղծման երկու անգամ թասիբով հրաժարվել է բարձրագույն պաշտոններին: Էլ չենք խոսում այս երկու կուսակցությունների ընդհանրությունների մասին, վերջին տարիներին ՕԵԿ-ականների կողմից անընդմեջ թմբկահարվում է ավանդների վերադարձի հարցը, այն ինչը, փաստորեն չի հաջողել <<Հայկանդուխտ>>-ին: Այս կուսակցության կին կուսակցապետը մի առիթով ասել է, թե պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցի, միայն թե երկիր փրկի օրվա ռեժիմից, դժվար է ասել՝ կարդարանա՞ն տիկնոջ ակնկալիքները, բայց մի բան փաստ է, որ նա համագործակցության ճիշտ ուղու վրա է: Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությանը միացած մյուս հուժկու <<Ազգի փրկություն>> կուսակցությունն էլ ստեղծվել է 2004-ին՝ ազատամարտի մասնակից Սարգիս Կարապետյան կողմից: Բոլորովին վերջերս Կարապետյանը լրատվամիջոցներին գաղտնազերծել է ազգի փրկույան իր բանաձեւը, նա ասել է, որ պետք է նաեւխառաջ ազատվել Լեւոն Տեր-Պետրոսյանից, նա է ազգի դժբախտությունների հիմնական պատճառը: Ինչպես տեսնում եք՝ նմանը նմանին գտանե: Ահա այսպիսի կուսակցություն կոչվող խմբակներն են մարդահաշիվ դառնում ՕԵԿ-ի ղեբրենդինգ արած «Հայկական վերածնունդում»: Իրականում իրենց նկատմամբ անուշադրությունից սրտնեղած Բաղդասարյանի թիմակիցներին մտերմաբար, առանց չարախնդալու կցանկանայինք մեկ բան հիշեցնել՝ զրոների գումարը, լինեն մի քանի միլիոն հատ, կրկին զրո է կազմում, արդարացի չէ նեղվել ոչնչի նկատմամբ անուշադրությունից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: