Երբ հարևանդ գերտերության կարգավիճակ է ստանում

Jan 26, 2016 Comments Off on Երբ հարևանդ գերտերության կարգավիճակ է ստանում

Իրանի նկատմամբ պատժամիջոցներից չեղարկումից հետո այդ երկրի վերադարձը գերտերությունների շարքը ամենակարևոր իրադարձությունն է աշխարհաքաղաքական առումով: Իրանն այժմ ձգտում է հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, պայմանավորվածությունների գալ գերտերությունների հետ: Իսկ զուգահեռաբար` նավթի գները շարունակում են աննախադեպ անկումը: Իրանն, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ մտադիր է օրական 500 հազար բարել նավթ արդյունահանել:

Այս օրերին ամենագլխավոր իրադարձությունը կարելի է համարել Իրան-Չինաստան բանակցությունները: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շաբաթ օրը կոչ է արել Չինաստանի հետ ստեղծել տնտեսական և անվտանգության գծով սերտ հարաբերություններ` ասելով, որ Իրանը երբեք չի հավատացել Արևմուտքին: Երկու երկրները համաձայնել են երկկողմ առևտրի ծավալներն ավելացնել 10 անգամ՝ հաջորդ տասնամյակում հասցնելով մինչև 600 միլիարդ դոլարի: Ալի Խամենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Իրան այցի ժամանակ ասել է, որ ցանկանում է կապեր հաստատել «ավելի անկախ երկրների հետ», և հավելել է, որ ԱՄՆ-ը «ազնիվ չէ» տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: «Իրանցիները երբեք չեն հավատացել Արևմուտքին… Ահա թե ինչու է Թեհրանը փնտրում համագործակցություն ավելի անկախ երկրների հետ (ինչպես Չինաստանը)»,-նկատել է Խամենեին:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին օրերս ընդունեց պաշտոնական այցով երկրում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Ռուհանին Ցզինպինի իրանական այցը որակել է որպես պատմական իրադարձություն Թեհրանի ու Պեկինի միջև հարաբերություններում։ Ռուհանին Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Նախագահ Սի Ցզինպինի այցը կարևոր է, այն պատմական իրադարձություն է, և ես համոզված եմ, որ այն նոր էջ կբացի Իրանի ու Չինաստանի փոխհարաբերություններում։ Իրանը ողջունում է Չինաստանի հետ ամուր կապեր ունենալը և հատկապես Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։ Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են ավելի շատ համագործակցել տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարում»։ Ցզինպինն իր հերթին կողմ է արտահայտվել Իրանի հետ ռազմավարական կապերի խորացմանը։ Չինաստանի նախագահը պատժամիջոցների վերացումից հետո Իրան այցելած համաշխարհային առաջին առաջնորդն է։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Թեհրանում փաստել է, որ Չինաստանը ցանկանում է նոր էջ բացել Իրանի հետ կապերում։ Չինաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք ցանկանում են զարգացնել Իրանի հետ ռազմավարական տնտեսական համագործակցությունը։ Չինաստանը իրանական նավթի թիվ մեկ գնորդն է, և որ անգամ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների պայմաններում շարունակել է նրանից գնել նավթ և զարգացնել էներգետիկ նախագծերը։

Չինաստանն ու Իրանը նախագահների մասնակցությամբ ստորագրել են 17 փաստաթուղթ, որոնք առնչվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը։ 2014-ին Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 52 միլիարդ դոլար, իսկ 2015թ. նավթի գնանկման պատճառով այն որոշակի նահանջ է ապրել։ 2015թ. առաջին 11 ամիսներին Չինաստանն Իրանից ներկրել է 24.36 միլիոն տոննա հում նավթ, ինչը կազմում է նավթի ողջ ներկրման 8 տոկոսը։

Իրանը չի սահմանափակվում միայն Չինաստանի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելով: Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում երկու երկրների միջև չվերթների վերականգնման վերաբերյալ, այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ամենախոշոր ավիափոխադրող Iran Air ընկերության տնօրեն Ֆարհադ Փարվարեշը: «Իրանի քաղաքացիական ավիացիան ներկայումս բանակցություններ է վարում Իրանի և ԱՄՆ-ի միջև չվերթների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Փարվարեշը:

Իրանի իշխանությունները մտադիր են Boeing-ից գնել մոտ 100 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տրանսպորտի նախարար Աշհար Ֆահրի Կաշանին: Իրանի ավիացիայի հարցերով համաժողովի ընթացքում Կաշանը հայտարարել է, որ երկիրը կարիք ունի թարմացնել իր հնացած ավիապարկը: Իսկ Իրանի տրանսպորտի նախարար Ահմադ Ահունդին հայտարարել է, որ Iran Air և Airbus ընկերությունների միջև 114 ինքնաթիռի գնման մասին համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ Ֆրանսիա նախագահ Հասան Ռոուհանիի այցի ժամանակ: Նախարարը նշել է, որ Իրանին անհրաժեշտ է նորացնել քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները: «Մեզ հարկավոր է 400 ինքնաթիռ մեծ և միջին հեռավորությունների չվերթների համար և 100 կարճաժամկետ միջակայքերի ինքնաթիռ»,- հայտարարել է Ահունդին: Իրանական 250 ինքնաթիռներից ընդամենը 150-ն է լավ վիճակում գտնվում»,- հավելել է նա: Ռոուհանին կժամանի Փարիզ հունվարի 27-ին:

Օրերս հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը և իրանական NIOC պետական նավթային ընկերությունը Աթենքում կայացած բանակցությունների արդյունքում կնքել են իրանական նավթի մատակարարման երկարաժամկետ շրջանակային համաձայնագիր: «Համաձայնագիրը ընդգրկում է նավթի մատակարարման գծով համագործակցություն՝ մատակարարումները անմիջապես սկսելու և 2011թ. մտցված միջազգային պատժամիջոցների հետևանքով ծագած ֆինանսական չլուծված հարցերի կարգավորումների վերաբերյալ»,- տեղեկացրել է հունական ընկերությունը: Իրանը Հունաստանի նավթի գլխավոր մատակարարներից մեկն է եղել. 2011թ. Հունաստանը Իրանից գնել է օրական 100 հազար բարել նավթ: Իրանի դեմ պատժամիջոցների ներմուծման պատճառով 2012թ. Աթենքը ստիպված էր եղել հրաժարվել իրանական նավթից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: