Ճգնաժամի գագաթնակետը դեռ առջևում է, իսկ ի՞նչ արժի Դավոսի տոմսը

Jan 25, 2016 Comments Off on Ճգնաժամի գագաթնակետը դեռ առջևում է, իսկ ի՞նչ արժի Դավոսի տոմսը

 

 

Հունվարի 20-ին շվեյցարական Դավոս գյուղաքաղաքում մեկնարկած համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև  նաև նավթի գների անկմանը ու դրա հնարավոր հետևանքերին։ Պաշտոնական Մոսկվան այս տարի դավոսյան համաժողովին հավուր պատշաճի ուշադրություն չէր դարձրել. պատճառը թերևս հասկանալի է՝ Կրեմլը չի կարող համաժողովի ներկաների առջև հանդես գալ տնտեսական նվաճումների հաշվետվությամբ, այլ ընդամենը պետք է բավարարվեր Արևմուտքի պատժամիջոցների, ռուբլու անկման և նավթի գնի նվազման մասին պատմելով: Ուստի Կրեմլն այս տարի Դավոս է գործուղել է ոչ բարձրաստիճան պաշտոնյաների փոքրաթիվ մի խմբի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ առիթով նույնիսկ կատակել է, թե Ռուսաստանի կառավարության անդամները Դավոս դահուկներով սահելու չեն գնացել՝ հավանաբար տոմսի  փող չունենալու պատճառով. <<Ծախսելը լավ է, բայց պետք է տանն աշխատել»,- ասել է նա:

Թե ինչ արժե Դավոսի տոմսը, Պուտինը բնականաբար չի մանրամասնել, սակայն շատ փող չծախսելու նկատառումով տանը մնալու ակնարկը շատ խորհրդանշական է Ռուսաստանում ստեղծված այժմյան վիճակի համար: Փոխարենը ռուսական տնտեսությանը պատուհասած ճգնժամի մասին Դավոսում խոսել է ֆինասների նախկին  նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Կուդրինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար նավթի գնի այսպիսի անկումը անսպասելի է եղել. <<Ո՛չ նախագահ Պուտինի օգնականները, ո՛չ էլ ես չէինք ենթադրում, որ կլինի նավթի գնի այսաստիճան անկում: Այս անկումը միանգամայն նոր իրողություն է ստեղծել, ուստի, կարծում եմ, տնտեսական ճգնաժամի գագաթնակետը դեռ առջևում է>>,- ասել է Կուդրինը: Նա նաև կանխատեսում է արել, որ առաջիկա մի քանի ամիսներին նավթի գնի անկումը կարող է շարունակվել՝ ընդհուպ մինչև հասնելով 13-15 դոլարի 1 բարելը:  Միջանկյալ նշենք, որ նա համարվում է Ռուսաստանի լավագույն ֆինանսիստներից մեկը:

Ընդհանրապես ոչ միայն Կուդրինի, այլ նաև մյուս փորձագետների կանխատեսումները Ռուսաստանում խիստ վատատեսական են՝ Ռուսաստանը ակնհայտորեն պատրաստ չէր նավթի գների այս ծավալի անկման: Նավթի գնի անկումը հարվածի տակ է դրել Դաշնային բյուջեի կատարումն ու ռուբլու փոխարժեքի կայունությունը: Արդեն իսկ վարչապետ Մեդվեդևը հայտարարել է բյուջեի 10 տոկոս սեկվեստրի՝ ծախսերի կրճատման մասին, առաջիկայում կարող է հայտարարվել ևս 10 տոկոս կրճատման մասին: Ըստ էության Ռուսաստանը կանգնած է տնտեսական փլուզման շեմին և դեռևս չի կարողանում ելքեր գտնել: Նավթի գների անկման հետևանքով կատաստրոֆիկ է հատկապես ռուբլու փոխարժեքի անկումը, որի դեմն առնել փաստորեն անհնար է՝ եթե Ռուսաստանի Կենետրոնական բանկի կողմից հատուկ միջոցառումներ չձեռնարկվեն: Թե ի վերջո ինչ քայլերի կդիմեն Կենտրոնական բանկն ու Կառավարությունը, դեռ պարզ չէ :  Պետական Դումայում նույնիսկ կոչեր են հնչել՝ 40 ռուբլին 1 դոլար համարժեքությամբ  կայուն փոխարժեք սահմանելու մասին:

Ամեն դեպքում, շաբաթվա սկզբին սկսված ռուբլու գահավիժումը շաբաթնամուտին կարեծես թե մի քիչ կայունացավ՝ շաբաթ առավոտյան ԱՄՆ դոլարը մոսկովյան փոխանակման կետերում արժեր 79,5 ռուբլի, իսկ եվրոն՝ 86,1 ռուբլու: Նախորդ երկու օրերի համեմատ՝ դոլարի և եվրոյի փոխարժեքը ռուսական բորսայում իջել է 3 տոկոսով: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը դոլարի կուրսը մեկ օրվա մեջ 5 անգամ փոխվեց՝ հասնելով մինչև 85 ռուբլու: Կայունացումը պայմանավորված էր նավթի գներով՝ միջազգային շուկայում բրենդ տեսակի նավթի 1 բարելի արժեքը շաբաթ օրը հասել է 30 դոլարի, մինչդեռ շաբաթվա սկզբին այն նվազել էր՝ հասնելով մինչև 27 դոլարի: Ոչ ոք, սակայն, չգիտի, թե որքան կարող է լինել նավթի մեկ բարելի արժեքը, օրինակ, գալիք երեքշաբթի օրը:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: