Բաքվում կատաղել են, կամ` ինչ է սպասում ադրբեջանական չարչարանքներին

Jan 25, 2016 Comments Off on Բաքվում կատաղել են, կամ` ինչ է սպասում ադրբեջանական չարչարանքներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ուշագրավ հայտարարություն են արել, որը խիստ զայրացրել է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանական մամուլը գրում է, թե համանախագահները հանդես են եկել հակաադրբեջանական հայտարարությամբ:

Բանն այն է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԵԽԽՎ-ին չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները։ «Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափը։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների դրսևորած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չանել քայլեր, որոնք կարող են վնասել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբին տրված մանդատը, կամ էլ բարդացնել ընթացող բանակցությունները», նշել են ՄԽ-ի համանախագահները։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում սպասվում է, որ քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում, մասնավորապես, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Արդեն երկրորդ անգամ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, փաստորեն, ԵԽԽՎ-ին իր տեղն է ցույց տալիս` հասկացնելով, որ անընդունելի է համարում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ բանաձևերի ընդունում, որոնք շրջանառության մեջ են դրել ադրբեջանամետ ԵԽԽՎ-ականները:

Սա լուրջ քայլ է ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որոնք ամեն ջանք գործադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արատավորելու և ԼՂ հակամարտությունը այլ ձևաչափեր տեղափոխելու համար, այդ թվում եվրոպացի պատվիրակներին կաշառելով:

Մյուս կողմից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նման հայտարարությունը նաև Հայաստանի դիվանագիտությունը փրկելու լուրջ քայլ է: Եթե գործը մնար միայն Հայաստանի իշխանություններին ու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը, ապա պարզ է, որ այն կընդունվեր: Այժմ էլ, իհարկե, հարյուր տոկոսանոց երաշխիք չկա, որ ոչ հայանպաստ բանաձևերը չեն ընդունվի, բայց համանախագահներն իրենց հայտարարությամբ դրանք ավելորդ համարելով` ջուր են լցնում ղարաբաղյան կարգավորման գործընթացը` ադրբեջանական խեղաթյուրման համառ փորձերից:

Օրեր առաջ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը:

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կանխել ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ բանաձևերի ընդունումը` Ահմեդ Դավութօղլուն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ, և ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր։

Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Հայտարարելով Թուրքիայի՝ կայունության ձգտման մասին, Թուրքիայի վարչապետը հիշեցրել է տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունների մասին, ինչպիսիք են աբխազական ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները. «Կա վտանգ, որ դրանք ցանկացած ժամանակ կարող են ակտիվանալ»: Դավութօղլուն ընդգծել է, որ այդ հակամարտությունները կարող են տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: