Նավթի գինը կխորտակի ոչ միայն Ռուսաստա՞նը

Jan 24, 2016 Comments Off on Նավթի գինը կխորտակի ոչ միայն Ռուսաստա՞նը

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նոր ռեկորդներ է սահմանել: Այն երեկ երեկոյան կազմել է 85,59 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը հասել է 93,302 ռուբլու: Սա արդեն կարելի է ողբերգական սահմանագիծ համարել:  ՌԴ Կենտրոնական բանկն արտակարգ խորհրդակցություն էր գումարել՝ հրավիրելով բանկիրների, որոնք պահանջում են վերադարձնել նորմատիվների հաշվարկի արտոնյալ փոխարժեքը և աջակցության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:

Նավթի գները դեռևս չեն հասել իրենց նվազագույն մակարդակին, սակայն Ռուսաստանի տնտեսությունը, հարմարվելով նոր պայմաններին, միջնաժամկետ հեռանկարում կսկսի նորից աճել, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած «ՎՏԲ Կապիտալ» գործնական նախաճաշի ժամանակ ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ «Դա կարող է լինել բարելի դիմաց 18 և 16 դոլար գինը, որն իհարկե երկար չի պահպանվի, և հետո գինը կսկսի աճել»,- ասել է Կուդրինը։ Նրա կարծիքով կան շատ հանգամանքներ, որոնք կօգնեն հաղթահարել այս ժամանակաշրջանը՝ երկրի պաշարները, Ռուսաստանի փոքր պարտքը՝ ՀՆԱ մոտ 15.5 տոկոս. «Մենք կարող ենք պարտքեր անել։ Ճկուն փոխարժեքն օգնում է ադապտացնել տնտեսությունը»։

Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 28,47 դոլարի մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 28,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի գների անկումն իր վրա զգացել է ոչ միայն Ռուսաստանը, այլև նրա հարևանները՝ Ղազախստանն ու Ադրբեջանը, հայտնում է news.am-ը: Այս երկրների արժույթները՝ տենգեն և մանաթը, անցյալ տարի աշխարհում ամենամեծ անկումն են գրանցել: Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանում կտրուկ էժանացած նավթի բացասական հետևանքներին բախվեցին տարածաշրջանի բոլոր երկրները: Այս մասին գրում է ՌԲԿ-ն: S&P գործակալության տվյալներով, ԱՊՀ յոթ ինքնիշխան երկրներից երեքի վարկանիշը բացասական կանխատեսում ունի. դրանք Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի վարկանիշներն են: Եվ սրանք տարածաշրջանում բարձր վարկանիշ ունեցող երեք պետություններ են:

2015-ին Ադրբեջանն ու Ղազախստանը, Ռուսաստանից հետո, լողացող փոխարժեք սահմանեցին՝ վճարային հաշվեկշռի ուժեղացված ճնշման ֆոնին: Bloomberg-ի տվյալներով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016-ի հունվարի 21-ն ադրբեջանական մանաթը դոլարի հանդեպ 52%-ի անկում է գրանցել, ղազախական տենգեն՝ քիչ ավելի (այս երկու արժույթները 2015 թվականին աշխարհում ամենամեծ անկումը գրանցեցին): 2015 թվականի սկզբից ամենաշատ արժեզրկված երրորդ արժույթը Բելառուսի ռուբլին էր՝ 46%-ի չափով (համեմատության համար. ռուսական ռուբլին դոլարի հանդեպ 30%-ի անկում գրանցեց):

Մանաթի վրա նավթի գների ճնշման հետևանքով Ադրբեջանի ոսկու պահուստները կրճատվեցին՝ 2014 թվականի օգոստոսի 15.2 մլրդ դոլարից 2015-ի նոյեմբերին հասնելով 6.2 մլրդ դոլարի: Այս մասին գրում է Royal Bank of Scotland-ի փորձագետները: «Չնայած զգալի արժութային միջամտություններին, Ադրբեջանի Կենտրոնական բանկը ստիպված էր 2015 թվականին երկու անգամ՝ փետրվարին և դեկտեմբերին, արժեզրկել մանաթը, և դոլարի փոխարժեքը արժեզրկումից առաջվա 0.785-ից հասավ 1.635-ի (հունվարի 19-ի դրությամբ)»,- ասվում է բանկի հաշվետվությունում:

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ծրագրում է սահմանափակել երկրից արտարժույթի դուրսբերումը՝ արտասահմանում անշարժ գույք, հողատարածք, արժեթղթեր կամ ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով դուրս բերվող գումարից 20%-ի չափով պահումների հաշվին: Royal Bank of Scotland-ի փորձագետների կարծիքով, Ադրբեջանի ձեռնարկած արժութային վերահսկողության և դեպոզիտների լիարժեք ապահովագրման միջոցառումները փոքր-ինչ ուշացած պատասխան են տնտեսական իրավիճակին: Ըստ S&P-ի, Ադրբեջանի ՀՆԱ-ն 2015 թվականին իրական արտահայտությամբ աճել է 2.5%-ով: 2016 թվականի համար գործակալությունը 2%-ի աճ է կանխատեսում: Ղազախստանի պարագայում այս թվերը կազմում են, համապատասխանաբար, 1 և 1.8%: 2017-ին երկրի իրական ՀՆԱ-ն կաճի 3%-ով:

Բելառուսի վրա նավթի գների անկումն ազդում է միանգամից մի քանի առումներով: Մի կողմից՝ այն Ռուսաստան սպառողական ապրանքներ և մեքենաշինական արտադրանք է արտահանում, իսկ ռուսական շուկան լավագույն ժամանակները չի ապրում: S&P-ի գնահատմամբ, 2015 թվականին բելառուսական արտահանումն իրական արտահայտությամբ 5%-ի անկում է գրանցել, չնայած 2016-ին, գործակալության վերլուծաբանների կարծիքով, 1%-ով կաճի: Բելառուսը ևս մեկ խնդիր ունի. պետական պարտքի առաջնահերթություն: Երկրի վճարային հաշվակշիռը լավագույն վիճակում չէ, արժույթն արժեզրկվում է: Ամեն տարի այդ պարտքի մի մասի վերաֆինանսավորման հարցում օգնել է Ռուսաստանը: Օրինակ՝ անցյալ տարի, Բելառուսը 1 մլրդ-ի եվրոբոնդը վերաֆինանսավորեց ռուսական երկարաժամկետ վարկի օգնությամբ: Ռուսաստանի համար դա հսկայական գումար չէ, սակայն հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը նշեց, որ բյուջեն կարող է «դադար վերցնել նոր վարկերով պարտականություններ ստանձնելու տեսանկյունից», չնայած արդեն ստանձնած բոլոր պարտականությունները Ռուսաստանը կկատարի:

Կան տնտեսություններ, որոնք մեծապես կախված են աշխատանքային միգրանտների եկամուտներից: Այդպիսի երկրներից են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը: Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2013-ին Տաջիկստանի ՀՆԱ-ի 49%-ը բաժին է ընկել դրամական փոխանցումներին, հիմնականում՝ Ռուսաստանից: Հայաստանի պարագայում այդ ցուցանիշը 21% է եղել: Ռուսաստանի ԿԲ-ի տվյալներով, դրամական փոխանցումների համակարգի միջոցով Ռուսաստանից Տաջիկստան փոխանցումներն անցյալ տարվա երրորդ եռամսյակում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 73.5%-ով՝ 1.35 մլրդ դոլարից հասնելով շուրջ 358 մլն դոլարի: Իսկ Ռուսաստանից Ուզբեկստան դրամական փոխանցումները 2015թ. երրորդ եռամսյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 65%-ով: Երեք եռամսյակների հաշվարկով անկումը կազմել է 59%:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: