Ուշագրավ խոտովանություն. տեսանյութ

Jan 24, 2016 1 Comment

Հայաստանի կառավարությունը գազի գնի վերանայման առաջարկով դիմել է Ռուսաստանին: Այժմ էժան գնով գազ ձեռք բերելու հարցի շուրջ ընթանում են բանակցություններ:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Բանակցությունների ընթացքի հետ կապված  մանրամասներ Զախարյանը չի հայտնել, թեպետ, մամուլում հրապարակում էր եղել, որ  ռուսական կողմը համաձայնվել է  գազի գինը 20 տոկոսով իջեցնել:

Պարզվում է նաև, որ հայկական կողմը երբեք Իրանի հետ գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ չի վարել: Այս հարցը էներգետիկայի նախարարին ուղղել է «Հայկական Ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը, մասնավորապես հետաքրքրվելով, թե մոտավորապես ի՞նչ գին են առաջարկում Հայաստանին իրանական գազի դիմաց: Լրագրողը նաեւ հիշեցրել է Իրանի դեսպանի այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գնով գազ մատակարարել, քան Ռուսաստանը. «Իրանի հետ այսօր գազի մատակարարման հարցով բանակցություններ չեն տարվում: Իրանի հետ գազի մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ ԻԻՀ-ի հետ չեն տարվել: Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը, չի եղել: Ոչ էլ նույն գնով: Նման հայտարարություն չի եղել… բերեք, բերեք սղագրությունը ես տեսնեմ: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել, ինչպես անդրադառնում են թերթերը, 100 դոլարով գազ: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվողը,- ասել է Զախարյանը և շարունակել,- «Մենք գիտենք Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում և տիրապետում ենք ամբողջ ինֆորմացիային, ընդհանրապես, գազի բնագավառում, թե որ երկիրը, ում ինչքանով է գազ մատակարարում: Թող ձեզ չթվա, որ այստեղ մենք նստած միայն չգիտեմ ինչով ենք զբաղված: Ես պատասխանատու եմ հայտարարում՝ Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում»:

Սա   էներգետիկ ոլորտի թիվ մեկ պատասխանատուի կողմից արված չափազանաց ուշագրավ խոստովանությունն է: Ստացվում է, որ չեն բանակցել, բայց նաև վստահ են, որ Իրանը Հայաստանին 165 դոլարից ավելի էժան գազ չէր առաջարկի: Հիշեցնենք, որ այժմ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց վճարելով 165 դոլար:

Հիշեցնենք՝ 2013 թվականին, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև դարձյալ գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ էին ընթանում, ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարեց, որ Իրանը կարող էր Հայստանին ավելի էժան գազ առաջարկել:  Դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել էր որ, որ Իրանը գազը վաճառում է միջազգային գներով, սակայն բարեկամ երկրների համար գազի գինը կարող է նվազեցնել։ «Օրինակ՝ Իրանը Թուրքիային գազ է վաճառում շուկայական գներով, իսկ թե ինչ գնով մենք այն կվաճառեինք Հայաստանին, կախված է բանակցություններից: Տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազը վաճառել $400-ով, իսկ օրինակ բարեկամական երկներին՝ $100-ով»,- ասել էր դեսպանը:

Զախարայանը, հավանաբար, կամ չի լսել, կամ մոռացել է այս  հայտարարության մասին: Հակառակ պարագայում,  հատկապես հիմա, երբ ողջ աշխարհում էներգակիրների գների աննախադեպ անկում է գնում, որտեղի՞ց Զախարյանին այդքան վստահություն, որ Իրանը մեզ ավելի էժան գազ չի առաջարկի: Մեկ տարի առաջ շատ  դժվար էր կանխատեսել, որ նավթի  մեկ բարելի միջազգային գինը կհասնի 27 դոլարի: Սակայն, այսօր դա իրականություն է: Այսինքն՝ այսօր էներգակիրների գնի շուրջ բանակցելու խնդիրը առեվել քան երբևէ արդիական է: Զախարյանն, իհարկե, այս մասին առավել քան քաջատեղյակ ու գիտակ մարդ է: Բայց մարդը հո չի՞ կարող հայտարարել, որ ինքը, իբրև ՀՀ էներգետիկայի նախարար, չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ ումից գազ գնել: Այդպիսի որոշում կայացնելը շատ դժվար է ոչ միայն նախարարի, այլ նաև ՀՀ նախագահի համար: Եվ հենց այստեղ է թաքնված շան գլուխը: Մենք ունենք գազի պայմանագիր ռուսական կողմի հետ՝ 20 տարով: Այս պայմանագրով մենք  դատապարտվա՞ծ ենք մնալ ռուսական գազի  մշտական գնորդ, թե, այնուամենյնիվ,  գոնե կմտածենք երկրորդ երկրի հետ բանակցելու մասին: Ինչպես ասում են՝  կապրենք կտեսնենք:

Դավիթ Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ուշագրավ խոտովանություն. տեսանյութ” հրապարակմանը