Ականջդ կանչի Լի Կվան Յուն

Jan 13, 2016 Comments Off on Ականջդ կանչի Լի Կվան Յուն

Հայաստանի պաշտոնյաների խավում խեղանդամ անելը դառնում է նորաձեւ : Շուշան Պետրոսյանը դեռ չէր հասցրել իրականություն դարձնել աչք հանելու իր սպառնալիքը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ որոշեց ստանձնել ձեռք կտրելու պարտավորություն: Ոստիկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ժամանակ նա ենթականերին կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Հասարակությունը չի վստահում մեզ` այդ թվում նաև ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի պատճառով: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը»,- սպառնացել է Գասպարյանը: Միջնադարյան պատժի եղանակների կիրառումը թե որքանով պիտի նպաստի կոռուպցիայի դեմ պայքարի գործին, դժվար է ասել: Բայց ՀՀ Ոստիկանապետին չէր խանգարի ծանոթանալ կամ վերհիշել Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակի, Սինգապուրի հանրապետության նախարար Լի Կվան Յուի պատգամը հայաստանյան բարձրաստիճաններին: Մի քանի տարի առաջ Լի Կվան Յուն Հայաստանում խորհուրդ տվեց որպես զարգացման առաջին եւ կարեւոր քայլ պայքարել կոռուպցիայի դեմ, ընդ որում՝ բարձրաստիճան կոռուպցիայի դեմ: Սինգապուրում հենց այդ պայքարի շնորհիվ է փոխվել կյանքը, ոչ թե առողջապահության, իրավապահ կամ կրթական համակարգերի միջին եւ ստորին օղակներում մի քանի հարյուր կամ մի երկու հազար դոլար կաշառքի համար ձերբակալումների: Դրանք են կարեւոր, ստորին եւ միջին օղակներում այդ արատները վերացնելու եւ քաղաքացիներին պետության մատուցելիք ծառայության որակը բարձրացնելու համար, բայց այդ ամենն ընդամենը բարձրագույն օղակում առկա կոռուպցիայի մետաստազներն են, որոնց լինել-չլինելը երկրի զարգացման առումով էական բան չի փոխում: Սինգապուրյան «հրաշքի» հեղինակի համոզմամբ՝ տնտեսական հրաշքը կարող է սկսվել բարձրագույն օղակներում կոռուպցիայի դեմ իրական պայքարից, երբ կքանդվի խոշոր բիզնեսի եւ իշխանության հանցավոր կապը: Հենց այդ բանաձեւով է, որ կոռուպցիայի մեջ թաղված երկիրը քաղաքական կամքի շնորհիվ զգալի ժամանակահատվածում կարողացավ մեծ ցատկ կատարել: Այլ հարց է, որ Վովա Գասպարյանը կարոտել է մեծ «բեմը», որտեղից նրան կարծես հեռացրեցին Գագիկ Ծառուկյանի հետ, համարեցին նրա առաքելությունները ավարտված ու հիմա կուտակված ասելիքն ու հույզերը նա երբեմն-երբեմն զսպել չի կարող:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: