Գյումրիի կենդանաբանական այգու արջերն առաջիկայում կտեղափոխվեն Ռումինիա

Jan 20, 2016 Comments Off on Գյումրիի կենդանաբանական այգու արջերն առաջիկայում կտեղափոխվեն Ռումինիա

Բնապահպանության նախարարությունում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների արտահանման խնդիրներով: Բնապահպանության նախարարությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամները և բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու խնդիրները, կենդանիների վիճակը և դրանց այլ երկիր տեղափոխելու հնարավորություններն ու հեռանկարները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանը: «Ինչպես գիտեք, Գյումրիի կենդանաբանական այգու երկու արջերին և առյուծներին ավելի ապահով պահպանման վայր տեղափոխելու խնդիր կա: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը դիմել է բնապահպանության նախարարությանը՝ արջերին Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունն արդեն տրվել է, և առաջիկայում արջերին արդեն կտեղափոխեն Ռումինիա»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Թեհմինա Արզումանյանը նշեց, որ խնդիրը լուծելու ուղղությամբ տարբեր երկրների գործընկեր կազմակերպությունների հետ բանակցություններ են սկսել թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան) և թե՛ «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամները: «Այդ աշխատանքային խումբը պետք է զբաղվի ոչ միայն տվյալ կենդանիների խնդիրները լուծելով, այլ նաև ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն մշակելու ուղղությամբ».- հավելեց նա:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: