«Մինչև վերջ տե՞ր ես ասածներիդ». «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Ա. Կարապետյանի հարազատներին սպառնում են

Jan 20, 2016 Comments Off on «Մինչև վերջ տե՞ր ես ասածներիդ». «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Ա. Կարապետյանի հարազատներին սպառնում են

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է «Արմավիր» ՔԿՀ-ում 2016 թվականի հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի հարազատների իրավունքների պաշտպանությունը, ովքեր Կազմակերպություն էին դիմել դեպքից հետո: Վերջիններս հայտնել էին նաև, որ իրենք որևէ տեղեկություն չունեն Ա. Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կատարվածը ինքնասպանություն էր որակել, սակայն մահացածի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում՝ վկայակոչելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դիահերձման ժամանակ հայտնաբերված վնասվածքները և բռնության հետքերը՝ մարմնի վրա: Մահացած դատապարտյալի հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակին օրերս հայտնեցին, որ քաղաքացիական հագուստով երկու անձինք, ովքեր չեն ներկայացել, այցելել են իրենց, ցավակցություն հայտնել կատարվածի վերաբերյալ, ապա փորձել պարզել, թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել իրենք: Իմանալով, որ հարազատները պատրաստվում են հետևողական լինել՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ նրանք սպառնական տոնով հարցրել են. «Մինչև վերջ տե՞ր ես ասածներիդ»:

Ա. Կարապետյանի պապիկը, ում հետ զրուցել են վերոնշյալ անձինք, սկզբում մտածել է, որ հերթական անգամ լրագրողներն են հետաքրքվում դեպքի մանրամասներով, միայն վերջում՝ սպառնական տոնով հարցերից հետո, հասկացել է, որ նրանք այլ նպատակով են այցելել իրենց:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: