Վարկ ենք վերցրել, որ աշխատավարձ ու թոշակ տանք

Jan 24, 2016 Comments Off on Վարկ ենք վերցրել, որ աշխատավարձ ու թոշակ տանք

Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը պաշտոնապես հաստատել է, որ անցած 2015 թվականի բյուջեն թերակատարվել է, և կառավրությունը փաստացի գնացել է բյուջետայինն ծախսերի կրճատման՝ սեկվեստրի: Այս մասին բաց տեքստով հայտարարելուց երկար ժամանակ,  հատկապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խուսափում էր:

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխնախարար Սաֆարյանը սակայն  հայտարարել է, որ 2015 թվականին նախատեսված հարկային եկամուտներից 80 մլրդ դրամ կառավարությունը չի կարողացել հավաքագրել, պակասուրդը լրացվել է ներգրավված վարկային միջոցների հաշվին:

«Նախորդ տարվա եկամուտների պլանը թերակատարվել է,- նշել է Սաֆարյանը և մանրամասնել,- Պատճառը բոլորին հայտնի է, դա մեր ՀՆԱ-ի՝ նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր: Չնայած հարկերի թերակատարմանը, կառավարությանը հաջողվեց ամբողջ ծախսային պարտավորությունները կատարել»:

Սաֆարյանի խոսքով՝ 80 մլրդ դրամ պակասուրդի դիմաց կառավրությունը վերցրել է մոտ 48 մլրդ վարկ, ինչպես նաև ստացել  4 մլրդի լրացուցիչ եկամուտներ:

«Կատարվեց հետևյալը՝ վարկերի հաշվին, ծախսերի ավելի օպտիմալ կատարման հաշվին, որովհետև բացի վարկերից, որը լրացուցիչ աղբյուր հանդիսացավ այդ ծախսերը կատարելու, նաև որոշակի ծախսեր չկատարվեցին, բայց դրանք ոչ աշխատավարձեր էին, ոչ սոցիալական ծախսեր էին»,- նշել է  Պավել Սաֆարյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ ծախսերը չեն կատարվել:

Ստացվում է, որ   կառավարությունը պակասուրդի ողջ ծավալի չափով վարկեր չի վերցրել, հետևաբար բյուջեի ճեղքվածքն ամբողջությամբ չի փակվել: Ըստ Սաֆարյանի նշած թվաբանության՝ վարկերից հետո   շուրջ  28 մրլրդ դրամ ճեղքվածքը մնացել է բաց: Հետևաբար հենց այդ ծավալի ֆինասավորման չափով էլ  կատարվել է ծախսերի կրճատում՝ սեկվեստր: Թե հատկապես ի՞նչ կարգի ծրագրերից ու ծախսերից է հրաժարվել կառավարությունը, դեռ պարզ չէ: Այն որ ծախսերի կրճատումը չի արվել աշխատավարձերի ու թոշակների հաշվին, դեռ չի նշանակում, թե չկատարված  ծախսերը կարևորություն չեն ունեցել: Գուցե չի կատարվել կրթական և առողջապահական հիմնակրների նորոգում, ճանապարհների կառուցում կամ էլ չեղյալ են հայտարարվել տնտեսական նախագծեր: Ամեն դեպքում, օրինակ բարձարաստիճան պաշտոնյաների գործուղումների համար նախատեսված գումարների հաշվին ծախսերի կրճատում կարծես թե չի արվել: Հակառակը 2015 թվականի չորրորդ եռամսյակում  երկու  անգամ  բյուջեի պահուստային ֆոնդից   լրացուցիչ գումար հատկացվեց պաշտոնական գործուղումների համար: Տարեվերջին լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ նախարարություններում և պետական ողջ համակարգում  աշխատողների ավանդական ամանորյա պարգևավճարները  կամ չեն տրվել կամ էլ կրճատումներով են տրվել: Չի կարելի բացառել, որ  կառավարությունը, հաշվի առնելով բյուջեի թերակատորումը,  այս հոդվածով տնտեսումների է գնացել: Ամեն դեպքում, մինչև 2015 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը  չհրապարակվի, դժվար կլինի միանշանակ ասել, թե հատկապես որ ոլորտների ծրագրերից է հրաժարվել կառավրությունը:

Ու չնայած, որ կառավրությունը չի կարողացել 2015 թվականի ՀՀ պետական  բյուջեի մասին  օրենքի կատարումն ապահովել, Պավել Սաֆարյանը համամիտ չէ գնահատականների հետ, թե 2015 թվականին պետությոն պարտքն ավելացավ և մարդկանց կյանքը վատացավ. «Եթե նայենք բյուջետային տեսակետից, եթե հաշվենք ինչպիսին է եղել գնաճը, ինչպիսին է եղել 2015 թվականի սոցիալական ցուցանիշների աճը, դա տեսակետ է ընդամենը, որ սոցիալական վիճակը վատացավ, տնտեսագիտական շատ մեծ հիմնավորում չունի, որովհետև 2015 թվականին, ի տարբերություն 2016-ի, մենք ունեինք և աշխատավարձերի բարձրացում, և թոշակների բարձրացում և չունեինք բարձր գնաճ»,- ասել է Պավել Սաֆարյանը:

Փոխնախարը, այստեղ իհարկե անկեղծ չի եղել, այսպես ասենք՝ պաշտոնյայի պատասխան է տվել: Եթե նույնիսկ  տեսականորեն ընդունենք, որ մարդկանց  կյանքը չի վատացել, ապա  պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես  է եղել, որ աղքատության ցուցանիշը չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Մյուս կողմից էլ փաստ է, որ մեր պետության կյանքը վատացել է՝ բյուջեի եկամուտները չկատարելու պատճառով պետությունը հավելյալ պարտքի տակ է մտել: Այսինքն՝ վարկ ենք վերցրել, որ աշխատավարձ ու թոշակ տանք: Սրանից ավելի վատ, էլ ուրիշ ի՞նչ պիտի լիներ:  Իսկ երբ պետության գործերը վատ են, քաղաքացու, խոսքը սովորական քաղաքացու մասին է, կյանքը ինչպե՞ս  կարող է լավ լինել: Մի խոսքով, վատ ենք ապրել,Պավե՛լ ջան, պարզ ասա,  մի՛ ամաչի:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: