Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց լրագրողի դիմումն ընդդեմ 7 պատգամավորի

Jan 20, 2016 Comments Off on Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց լրագրողի դիմումն ընդդեմ 7 պատգամավորի

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը վարույթ ընդունելու մասին, որն էլ հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ ընդունվել է վարույթ: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Էթիկայի հանձնաժողովը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի այսօր է ստացել, քանի որ նամակի վրա գրված է եղել Բաղրամյան 26 ու դիմումը հայտնվելով նախագահականում՝ հասցեագրվել է ԱԺ-ին: Ըստ Վահան Բաբայանի, դա է պատճառը, որ մեկ շաբաթ առաջ ուղարկված նամակն իրենք նոր են ստանում:

«Քննարկվել է մեկ հարց, որը կապված էր պատգամավորների ուրիշի փոխարեն քվեարկելուն: Լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը 7 պատգամավորների վերաբերյալ վարույթ է ընդունվել: Զեկուցողը նշանակվել է Թեւան Պողոսյանը, կուսումնասիրվի եւ ըստ դրա մենք մեր կարծիքն ու եզրակացությունը կանենք խախտման վերաբերյալ»,- ասել է Վահան Բաբայանը՝ հավելելով, որ այս հարցի հետ կապված վերջնական որոշումը հավանաբար կկայացվի փետրվարի 1-ի նիստում: Նշենք, որ լրագրողը հանձնաժողովին ներկայացրած դիմումի հետ տեսանյութեր է կցել, որտեղ երեւում է, թե ինչպես են պատգամավորներն ուրիշի փոխարեն քվերակում: Ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներից Արշակ Մխիթարյանը եւ Բազմասեր Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից են, իսկ Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը՝ «Հանրապետական»:

Կայքը Վահան Բաբայանից հետաքրքրվել է՝ եղե՞լ են դեպքեր, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նշված պատգամավորներն իրեն դիմեն, որպեսզի հանձնաժողովը դիմումը վարույթ չընդունի կամ խախտում չարձանագրի. «Այս հարցում որեւէ հարց չկա: Ես երբ հանձնաժողովի նախագահի լիազորությունները ստանձնել եմ, ասել եմ, որ որեւէ տարբերություն չի լինելու կուսակցության անդամների, կուսակցական պատկանելության հարցում, բոլորն էլ մեր գործընկերներն են, մենք բոլորին էլ հարգում ենք, բայց գոյություն ունի կանոնակարգ, եթե կլինեն կանոնակարգի խախտումներ, ապա անպայման օրենքի համաձայն այդ խախտումներն արձանագրվելու են»,- պատասխանել է Վահան Բաբայանը:

Լրագրող Լիլիթ Լալայանը պատգամավորների բազմակի քվեարկության դեպքերը ֆիքսել է նախորդ տարվա դեկտեմբերի արտահերթ նիստերի ժամանակ: Այս մասին ասել է Լալայանը: «Քանի որ միաձայն որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին եւ Վահան Բաբայանն էլ իր խոսքում ասաց, որ փաստերն անհերքելի են, ես, բնականաբար, ակնկալում եմ, որ Էթիկայի հանձնաժողովը կարձանագրի, որ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում: Քանի որ սահմանադրական փոփոխություններվ մեր խորհրդարանն առաջնային մանդատ ունի, նման որոշմամբ ապացուցվում է, որ մեր ԱԺ-ն պատրաստ չի անցնելու այդ համակարգին: Մենք տեսնում ենք, թե խորհրդարանում գտնվող պատգամավորները, որոնք պետք է օրենքներ ընդունեն հանուն մեր երկրի զարգացման, արդյունքում իրար փոխարեն են քվեարկում»,- ասել է Լալայանն ու հավելել, որ էթիկայի հանձնաժողովի դրական որոշումից հետո կդիմի նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս կարգապահական տույժ կիրառի նշված պատգամավորների նկատմամբ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: