«Գերությունից» ազատվելու շանսը

Jan 21, 2016 Comments Off on «Գերությունից» ազատվելու շանսը

Ամբողջ աշխարհի հետաքրքրությունն Իրանի նկատմամբ մեծանում է

Ֆինանսական միջոցների ծավալը, որը Իրանը կստանա պատժամիջոցների վերացումից և արտերկրում նրա ակտիվների ապասառեցումից հետո, կկազմի մոտ 55 մլրդ դոլար, այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Իրանը 2016թ. առաջին եռամսյակի վերջին կարող է օրական 300.000 բարելով ընդլայնել համաշխարհային շուկա նավթի մատակարարումները։ Ըստ Միջազգային էներգետիկ կազմակերպության` «Մեր գնահատականներով՝ մինչև 2016-ի առաջին եռամսյակի ավարտը օրական մոտ 300.000 բարել հավելյալ նավթ կարող է հայտնվել համաշխարհային շուկայում»։ Կազմակերպության փորձագետները կարծում են, որ գոյություն ունի զգալի անորոշություն նավթի քանակի ու որակի վերաբերյալ, որը Իրանը կարող է շուկային առաջարկել կարճաժամկետ հեռանկարում։

Ամբողջ աշխարհի հետաքրքրությունն Իրանի նկատմամբ մեծանում է…

Իրանի ու Չինաստանի ներկայացուցիչները քննարկել են Իրանի հարավում՝ Մակրան ծովափնյա գոտում, երկու ատոմակայանների կառուցման մասին պայմանագիրը, հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Նրա խոսքով՝ տվյալ հարցը քննարկվելու է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջիկա իրանական այցի ժամանակ։ Սալեհին ընդգծել է, որ 1000 մեգավատտ հզորության ատոմակայանների կառուցման մեկնարկը ծրագրված է առաջիկա ամիսներին։

Իրանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, հայտարարել է Իրանական գազային ընկերության (NIGC) միջազգային կապի հարցերով տնօրեն Ազիզոլլահ Ռամեզանին. «Իրանի դիրքը, որն ունի աշխարհում գազի խոշորագույն պաշարները, նրան հնարավորություն է տալիս գազ վաճառել բոլոր երկրներին»։ Ռամեզանին ողջունել է Թեհրան եվրոպացի գործընկերների ժամանումը՝ նշելով, որ այդ այցերը միտված են գազի ու էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։ Ռամեզանիի կարծիքով՝ էներգակիրների արտահանումը չպետք է սահմանափակվի հարևան երկրներով կամ տարածաշրջանով, հետևաբար օրակարգում պետք է ընդգրկվի հեռավոր երկրներին և հատկապես ԵՄ անդամ երկրներին գազի մատակարարումներ իրականացնելու հարցը։ Նա հատկապես ընդգծել է, որ Եվրոպա գազ արտահանելն ունի միջազգային ու քաղաքական առավելություն՝ ի լրումն տնտեսական շահի. «Ներկայումս Ռուսաստանը գազ է վաճառում Եվրոպային՝ մատակարարումներն իրականացնելով 3000 կիլոմետր ձգվածությամբ խողովակաշարով։ Իրանը նույնպես կարող է իրականացնել նման մատակարարումներ։ Եվրոպային գազ վաճառելու համար մշակվել են տարբեր երթուղիներ։ Իրանական գազը Եվրոպա կարող է մատակարարվել Սև ծովով, Սիրիայով, Իրաքով, Թուրքիայով կամ էլ մի քանի խողովակաշարով։ Իրանական գազի արդյունահանումն ունի ցածր ինքնարժեք, ինչը կազմում է նրա մրցակցային առավելության հիմքը՝ ԵՄ արտահանելու համար։ Հետպատժամիջոցային ժամանակաշրջանում Իրանի արտաքին առևտրային քաղաքականությունը նախատեսում է գազի արտահանման շուկաների դիվերսիֆիկացում»։

Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում աշխուժացել է նաև Ադրբեջանը: Պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կարող է միանալ տարածաշրջանային խոշոր նախագծերին, ինչպիսին է «Անդրանատոլիական» գազատարը (TANAP), Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։ Նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է նաև անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Դեսպանի կարծիքով՝ Իրանը կարող է օգտվել Ադրբեջանի ներդրումներից՝ տարանցիկ նախագծերի իրագործման համար. «Մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ներդրումներ կատարել նավթային ոլորտում։ Իրանը պատրաստ է օգտվել շինարարական ոլորտում Ադրբեջանի ներդրումներից»։ TANAP գազատարի նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը թուրք-վրացական սահմանից հասցնել մինչև Թուրքիայի արևմտյան սահման։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար։

Ի՞նչ են մտածում ՀՀ իշխանությունները

Օրերս Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար, կարծում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին՝ հավելելով, որ կառավարության հետ քննարկում են դրանք։

Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առևտուրը։ «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»,- ասում է նա։

Բեյլին ասում է՝ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև. «Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ և այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առևտուր անել Եվրասիական միության հետ, և Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար: Այնպես որ պետք է սպասենք և տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016-ին»։

Հայաստանում այս տարի 2.2 տոկոս տնտեսական աճի մասին իր կանխատեսումը Համաշխարհային բանկը դեռ չի վերանայի, այսօր նաև ասաց Լորա Բեյլիին: Նավթի գների շարունակական անկման ու ռուսական տնտեսության ծանր վիճակի բացասական ազդեցությունը, ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցչի, գուցե հնարավոր լինի հակակշռել:

«Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները շատ սերտորեն կապված են, ուստի մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բացի այդ չի բացառվում, որ արտաքինից՝ մասնավորապես Ռուսաստանից եկող բացասական ազդեցությունը հնարավոր լինի հակակշռել ներքին՝ հայաստանյան դրական ազդեցություններով: Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք աջակցել Հայաստանի տնտեսական ակտիվությանը»,- սաց Բեյլին։ «Հաշվի առնելով ռուսական ռուբլու և ադրբեջանական մանաթի շարունակվող արժեզրկումը, արդյոք հայկական դրամի կայունությունը վտանգվա՞ծ է» հարցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց.- «Ներկա վիճակում ես չեմ կարծում, որ դրամը վտանգված է: Այո, նավթի գները շատ ուժեղ ազդեցին ադրբեջանական մանաթի վրա, քանի որ Ադրբեջանը նավթ արտադրող երկիր է: Ուրախ եմ ասել, որ չեմ տեսնում այստեղ նման խոցելիություն»։

Հայաստանի, առայժմ, որոշակի տնտեսական կայունությունը և հարևան Իրանի շուրջ գործընթացները իսկապես նոր իրավիճակ են ստեղծել մեր պետության համար, սկսած Իրան-ԵՏՄ` հետաքրքրությունների դաշտում մասնակցությունը, վերջացրած Իրանի հետ նախաձեռնությունների կյանքի կոչումը:

Իրանի զարգացմանն այսօր աջակցում է քաղաքակիրթ աշխարհը, իսկ դա նշանակում է, որ նրա հարևան Հայաստանը ռուսական հավերժական «գերությունից» ազատվելու հնարավորություն ունի:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: