Իշխանությունը, բացի սեփական օբյեկտներից, 2800-ամյա Երևանում այլ բան չի պատկերացնում

Jan 20, 2016 Comments Off on Իշխանությունը, բացի սեփական օբյեկտներից, 2800-ամյա Երևանում այլ բան չի պատկերացնում

Արամի 30 հասցեի պատմական շենքը քանդվել է մայթը լայնացնելու համար: Սա Երևանի քաղաքապետարանի հիմնական մեկնաբանությունն է՝ ի պատասխան հանրայն դժգոհության, որը բարձրացել է պատմական շենքի քանդումից հետո:  Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցի տեղում այլ շինություն չի կառուցվելու, իսկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սահմաններում ոչ թե բուն Արամի 30-ն է ընկած, այլ  դրա հարևան հատվածները: ԶԼՄ-ներում, սակայն, արդեն հրապարակվել է պատկերասրահի հետնամասում՝ Աբովյան և Արամի փողոցներին հարակից հատվածում նախատեսված բարձրահարկ հյուրանոցային համալիրի կառուցապատման էսքիզը / տես նկարում/, որի կառուցմանը Արամի 30-ը կարող էր խոչընդոտել:

Կա նաև վարկած. իշխանությունները ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, և Արամի 30-ի քանդումից հետո հերթը հասնելու է պատկերասրահի քանդմանը: Հատկապես ճարտարապետական շրջանակներին քիչ թե շատ իրազեկ մարդիկ վստահ են, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սիրով կգնար նման քայլի: Հայտնի է, որ նա երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը և մասնագիտական քննարկումների ժամանակ միշտ կարծիք է հայտնել, որ   ժամանակին ճարտարապետներ Էդուարդ Սարապյանի, Մարկ Գրիգորյանի և Աշոտ Ղազարյանի նախագծով կառուցված այժման ազգային պատկերասրահի շենքը ճիշտ  տեղում չի գտնվում: Պատկերասահի շենքը խանգարում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով ամրագրված հիմնական գաղափարին՝ Հանրապետության և Ազատության հրապարակների երկխոսությանը: Միաժամանակ պատկերասրահի  շենքի քանդման դեպքում Գլխավոր պողոտան, որը ևս թամանյանական նախագծի կարևոր առանցքներից է, միախառնվում էր հրապարակին՝ դրական լուծում ապահովելով Հյուսիսային պողոտայի՝ դեպի Հանրապետության հրապարակ ելքի խնդրին:

Մասնագիտական ցանկացած կարծիք, այդ թվում նաև նշված կարծիքը, իհարկե իրավունք ունի գոյություն ունենալ: Քաղաքաշինության նախարարությունը թեպետ արդեն հայտարարել է, որ պատկերասրահի քանդման մասին խոսք չկա, սակայն խնդիրը իրականում ո՛չ նախարարության և ո՛չ քաղաքապետարանի հայտարարությունները չեն: Բոլորը հասկանում են, որ և՛ նախարարությունը և քաղաքապետարանը այսօր կարող են մի բան ասել, վաղը մեկ այլ բան անել: Իրականում հենց այդպես էլ կա. Երևանի կենսագրությունն ու պատմությունը ներկայացնող հուշարձան-շենքերը քանդվել ու քանդվում են, չնայած որ դժվար է գտնել հրապարակային որևէ խոսք, երբ նախարարը կամ քաղաքապետը բացահայտ հայտարարեն հին շենքերի քանդման մասին:

Իսկ քանդելու մոլուցքը մեզամում շատ պարզ բանաձևով է լուծվում.  կառուցապատողն ու պատվիրատուն, որպես կանոն, ներկայացնում են իրենց  բիզնես պահանջները և դրանք հիմնականում ավելի բարձր են դասվում, քան Երևանի ու երևանցու շահը: Ըստ որոշ լուրերի և ԶԼՄ հրապարակումների՝ այս տարածքում կառուցվող հյուրանոցի տերը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է: Այսինքն՝ մարդու թուրն այսօր և՛ աջ է կտրում, և՛ ձախ: Այսպիսի օրինակներ, ինչքան ասեք, ունենք՝ Աֆրիկյանների տունը, Սպայի տունը, հիմա էլ Արամի 30-ը, որը ի դեպ եղել է նախկին Ցարսկայա փողոցից պահպանված միակ ամբողջական շինությունը, և որտեղ ժամանակին ապրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանը:

Հայաստանի այսօրվա իշխանությանը, փաստորեն, պատմություն պետք չէ. նա, սեփական  բիզնես օբյեկտներից բացի, 2800 տարեկան Երևանում ուրիշ ոչինչ չի պատկերացնում: Ինչ վերաբերում է պնդմանը, թե քանդված շինությունը կառուցվելիք հյուրանոցի տարածքի մեջ չի մտնում: Իյա, իրո՞ք՝ կհարցներ երկրի ղեկավարը: Բայց չէ՞ որ հյուրանոցը մի կառույց է, որը, բացի բուն շենքից, նաև մոտեցումների կազմակերպման հնարավորություն պիտի ունենա, այսինքն՝ հարակից հատվածը պիտի ազատ լինի, որպեսզի մարդիկ ոտքով կամ ավտոմեքենայով   կարողանան մոտենալ հյուրանոցին, այլապես հյուրանոցը չի աշխատի: Ավելի պարզ՝ այդ հատվածում պետք էր ոչ թե քանդել Արամի 30 շենքը՝ մայթը լայնացնելու համար, այլ ի սկզբանե պետք էր մերժել հյուրանոցի կառուցման թույլտվությունը, որովհետև այդ հատվածում ո՛չ տրանսպորտային, ո՛չ էլ անգամ հետիոտնային շարժի հնարավորություն չկա: Այնպես որ՝ հերթական սպանված շենքով Երևանը դառնում է ոչ թե լայն մայթերի, այլ ընդամնեը ավանդական հուշարձանադագաղի քաղաք: Քանդում են գիշերով, որ ոչ ոք չտեսնի:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: