Դրամաշնորհ են «կպցրել»

Jan 20, 2016 Comments Off on Դրամաշնորհ են «կպցրել»

Դրամաշնորհների նկատմամբ առանձնակի հակումը բնորոշ էր հատկապես նախորդ  վարչապետի կառավարությանը, սակայն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ևս այս ասպարեզում արդեն հաջողություններ է գրանցում:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից <<Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում>> դրամշանրոհային ծրագրի իրագործման համար կառավարության աշխատակազմը

ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն կտրվի: Խոսքը 356 հազար  ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով դրամաշնորհի մասին է, որից 254 հազարը նախատեսվում է ծախսել 2016 թվականին,  իսկ 101 հազարը 2017 թվականին: Հենց  այդ գումարին համարեժեք դրամի չափով էլ նախատեսվում է ավելացնել   այս տարվա պետական բյուջեի եկամուտները, համպատասխանաբար` նաև ծախսերը:

Դրամաշնորհային ծրագրի նպատակը, ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման,  հանքարդյունաբերության ոլորտի  թափանցիկության և հաշվետվողականության խթանումն է: Հատկացվող միջոցները ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը ՝ հանրապետական երկրաբանական ֆոնդի  տվյալների թվայնացում և հրապարակում, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերի իրականացում, հանրային իրազեկման որոշակի գործողությունների իրականացում:

<<Թափանցիկությունը ենթադրում է, որ  պետական պաշտոնյաների  որոշումներն ու գործողությունները բաց պետք է լինեն հասարակության համար, և հասարակությունն ունի տվյալ տեղեկատվության  հասանելիության իրավունք:  Երկու հասկացություններն էլ առանցքային դեր ունեն ժողովրդավարական կառավարման համար: Արդյունավետ ժողովրդավարությունն անհնար է առանց հաշվետվողականության և թափանցիկության>>,- կարդում ենք դրամաշնորհային ծրագրի անհրաժեշտության հիմնավորման մեջ:

Միանգամից նշենք, որ սա,մեղմ ասած, լուրջ հիմնավորում չէ, որովհետև առանց այդ դրամաշորհի էլ, հանքարդյունաբերության ոլորտի բոլոր որոշումները, որպես շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող իրավական ակտեր, համարվում են պարտադիր հրապարկման ենթակա և դա սահամանված է տեղակատվության ազատության մասին օրենքով: Այդ որոշումները հրապարկվում են և պաշտոնական տեղեկագրերում և համապատասխան պետական կառույցների պաշտոնական կայքերում:Այլ հարց է՝ հանրապետական երկրաբանական ֆոնդի թվայնացումը, որը ևս նախատեսված է ծրագրով: Ամեն դեպքում, կառավարությունը լիահույս է, որ դրամաշնորհը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում արդյունեվետ պետական քաղաքականության մշակմանը, և ծրագրի շնորհիվ հսկայական ծավալի  տեղեկատվություն հասանելի կդառնա հետաքրքրված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, լրատվամիջոցներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին և քաղաքացիներին: Դրամաշնորհով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա՝ համակարգիչներ, սկաներներ, տպիչներ և այլն՝ թվայնացման աշխատանքների համար: Իրազեկվածության բարձրացման համար էլ, հավանաբար, առանձին կընտրվեն լրատվամիջոցներ կամ էլ կկազմակերպվեն գիտաժողովներ ու սեմինարներ:

Հատկանշական է, որ հանքարդյունաբերության ոլորտի  դրամաշնորհի տնօրինման  իրավասությունը տրվել է ուղիղ կառավարությանը, մինչդեռ լիազոր մարմինը, ինչպես հայտնի է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Բայց դրամշնորհը, ինչպես ասում են, քաղցր բան է. ով ու՞մ կտա:

 

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: