Որքան հեռվանաս քաղաքականությունից, այնքան մոտ կլինես Աստծուն.Վարդան Ղուկասյան

Jan 20, 2016 Comments Off on Որքան հեռվանաս քաղաքականությունից, այնքան մոտ կլինես Աստծուն.Վարդան Ղուկասյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքակական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: Բացի այդ, մեծ թվով հանրապետականներ և ԲՀԿ-ականներ մասնակցել են Մարտուն Գրիգորյանի ծննդյան առիթով կազմակերպված խնջույքին՝ տեղի տալով խոսակցություններին, որ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի նկատմամբ հավակնությունները ապագայում կյանքի կկոչվեն: Քաղաքական շրջանակներում տևական ժամանակ է, որ խոսվում է, թե Գյումրու հաջորդ քաղաքապետը Մարտուն Գրիգորյանն է լինելու: Մարտուն Գրիգորյանը գյումրեցի այն պատգամավորն է, որ ԲՀԿ –ի համար դժվար օրերին լքեց ԲՀԿ-ն:

Հենց այդ ժամանակ տեղեկություններ սպրդվեցին, թե իշխանության մատը «խառն» էր այդ գործում, քանի որ որոշվել էր ԲՀԿ-ից պատառիկներ թողնել՝ ցույց տալով, որ այս կուսակցությունն ի չիք: Մինչեւ նոր ԲՀԿ-ի եւ իշխանության սիրախաղը, կուսակցությունը մի շրջան փորձեց վրեժխնդիր լինել նախկին կուսակցի հանդեպ եւ նրան զրկել ԱԺ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց քանի որ Մարտուն Գրիգորյանի թիկունքն ամուր էր, ոչինչ չհաջողվեց ԲՀԿ-ին: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Մարտուն Գրիգորյանը ակտիվ դերակատարում էր ստանձնել Գյումրիում, չնայած դրան, ՈՉ-ը հաղթանակեց պատգամավորի ընտրատարածքում եւ Գյումրիում միայն պատվով դուրս եկավ Արման Սահակյանը: Հանրաքվեից հետո խամրեցին քաղաքապետ դառնալու Գրիգորյանի հույսերը: Եւ ահա, խոսակցությունները, թե Մարտունը Գյումրու քաղաքապետ է լինելու կարծես ակտիվանում են Գալուստ Սահակյանի կողմից հուշամեդալ ստանալուց հետո: Այդ մեդալով Գալուստ Սահակյանը ըստ լուրերի ոչ միայն շնորհավորեց Մարտուն Գրիգորյանին, այլ քաղաքական ուղերձ հղեց Գյումրու ապագա քաղաքապետի մասով: ՀՀԿ-ն հասկացել է, որ Սամել Բալասանյանի վրա հույս դնել պետք չէ, ոչ միայն այն պատճառով, որ նա սովորություն ունի շուտ-շուտ «ճակատի» գիր փոխել, այլ այն, որ իր ղեկավարման տարիներին չի կարողացել արդարացնել հանրապետականների հույսերը եւ Գյումրիում մեղմացնել բողոքական տրամադրությունները, որոնք արտահայտվում են ընտրությունների ժամանակ:

Մարտուն Գրիգորյանի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից հետո մենք փորձեցինք տեղեկանալ Վարդան Ղուկասյանի բարոյահոգեբանական վիճակին եւ այս առումով նրա գնահատականի մասին: «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, արդեն վաղուց եւ ոչ մի բանից տեղյակ չեմ եւ երբ հեռուստացույցով քաղաքական հաղորդումներ են ցուցադրում, ես ալիքը փոխում եմ: Որքան հեռանաս քաղաքականությունից, այնքան մոտ կլինես Աստծուն»,- ասաց նախկին աղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մի առիթով ասել էր, որ եթե գյումրեցիները գնան իր դուռը եւ խնդրել նորից քաղաքապետ դառնա, ինքը նոր կմտածի առաջադրվելու մասին:

Մենք ճշտեցինք՝ տեղի ունեցե՞լ է «ազգովի» խնդրելու ծեսը.«Ոչինչ չունեմ ասելու», իսկ ինքը ցանկություն ունի՞ առաջադրվելու.«Կապրենք, կտեսնենք, հետագայում կերևա»,- նշեց Ղուկասյանը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: