Թուրքիան` «փայլատակող ա՞ստղ»

Jan 20, 2016 Comments Off on Թուրքիան` «փայլատակող ա՞ստղ»

Թուրքիայի վարչապետը Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա այցի շրջանակներում Լոնդոնում ելույթով հանդես է եկել Bloomberg ֆինանսական տեղեկատվական-վերլուծական ընկերությունում շուրջ 200 ներդրողների հետ հանդիպման ժամանակ։

Ահմեդ Դավութօղլուն իր ելույթում անդրադարձել է նախորդ տարի Թուրքիայի անցած քաղաքական և տնտեսական ուղուն, խոսել առաջիկա ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։ Դավութօղլուն նշել է, որ 2010 թվականից ի վեր իր 5 տոկոս տնտեսական աճով Թուրքիան տնտեսապես ամենաարագ զարգացող երկրների թվում է։ Վարչապետի խոսքով՝ անցած տարի գրանցված 8,8 տոկոս գնաճը սպասելի էր, իսկ բյուջեի ճեղքվածքը՝ վերահսկելի։ Այդուհանդերձ, ըստ նրա, 2018 թվականին ՀՆԱ-ն կարող է 3,5 տոկոսով նվազել։

Անդրադառնալով անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ նոյեմբերի 1-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը առաջիկա 4 տարում տնտեսական ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է ստեղծել։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիային և նրա հարևաններին սպառնացող աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված գործողությունները չեն կարող խափանել Թուրքիայի տնտեսության համաչափ զարգացումը։

Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»։

Թուրքիայի վարչապետը խոսել է նաև նախատեսվող սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ գործող Սահմանադրությունը ընդունվել է զինվորական ղեկավարության կողմից 1982 թվականին և այն փոխելու ժամանակն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը լինելու է «ավելի ժողովրդավար, լիբերալ, հիմնված մարդու իրավունքների վրա»։

Խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝ վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները շարունակելու կարևորությունը։ Նա նշել է, որ եթե Կիպրոսի հարցը այս տարվա ընթացքում լուծում ստանա, ապա Թուրքիա – ԵՄ բանակցությունները տարվա վերջին նոր փուլ կթևակոխեն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նաև Թուրքիայի տնտեսության ինտեգրմանը եվրոպական շուկա։

Անցած երեքշաբթի Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ հրապարակում 10 մարդու կյանք խլած ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ահաբեկչական հարձակումները կանխելու համար և հույս հայտնել, որ զբոսաշրջիկները կշարունակեն այցելել Թուրքիա։ Ելույթի վերջում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր զարգացման ճանապարհին գլխավորապես հիմնվում է ժողովրդավարական արժեքների վրա, չնայած հարևան Սիրիայում և Իրաքում առկա խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը։ Դավութօղլուն հպարտությամբ նշել է, որ հանդիսանում է 49,5 տոկոս վստահության քվե ստացած կուսակցության ձևավորած կառավարության վարչապետը։

Թուրքիայի իշխանությունների «պայծառատեսությունն» ուղղակի զարմացնում է: Բոլոր հարևանների հետ խնդիրների մեջ թաղված, երկրի ներսում ժողովրդավարության դեմ արշավներով, քրդերի դեմ պատերազմելով Թուրքիայի իշխանությունները շարունակում են «վեհ» գաղափարներից խոսել: Ու սա այն դեպքում, երբ երկրի ներսում քննադատում են Էրդողանին` նրան բռնապետ համարելով: Այսպե՞ս է Թուրքիան` «փայլատակող աստղ» դառնալու…

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը քննադատել է Թուրքիայում խաղաղության կոչ անող ակադեմիկոսների ձերբակալությունը: Իտալական La Repubblica պարբերականին տված մեկնաբանության մեջ Փամուկը նշել է, որ այդ ձերբակալությունը միայն վնաս է հասցրել Թուրքիայի՝ առանց այդ էլ սահմանափակ ժողովրդավարությանը: «Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ցանկացած ժողովրդավարության հիմնական գործողություններից է: Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ չեն թույլատրի ակադեմիկոսներին արտահայտել սեփական գաղափարները»,- նշել է թուրք գրողը:

Փամուկը նշել է, որ Թուրքիայում չկա ժողովրդավարություն, որտեղ կհարգվեն խոսքի ազատությունը, իշխանությունների տարանջատումը, համալսարանների ինքնիշխանությունը: «Մի երկրում, որտեղ ակադեմիկոսներին պարտադրում են ընդունել կառավարության որոշումները, ժողովրդավարության մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է նա:

Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ, ինչի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խստորեն քննադատելը։ Նախորդ շաբաթվա վերջին Քըլըչդարօղլուն կուսակցական 35-րդ կոնգրեսի ժամանակ Էրդողանին անվանել է «բռնապետի ծաղրերգու»։ Այժմ նրան մեղադրում են «նախագահին վիրավորելու» համար։ Դա Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի խախտում է, որը պատժվում է 1-4 տարվա ազատազրկմամբ։ Էրդողանն իր հերթին դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 100.000 լիրայի (մոտ 30.000 դոլար) փոխհատուցում։

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: