Գազի գինն իջեցնելու պատմական պահը

Jan 19, 2016 1 Comment

Իրանի դեմ տնտեսական, մասնավորապես բանկային պատժամիջոցների և նավթի միջազգային գների անկման ֆոնին, բավական հետաքրքիր են հայկական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկություններն այն մասին, թե ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության գազի գնի նվազման հարցով: Հայաստանն առաջարկում է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մատակարարվող գազի գինը սահմանի 140 դոլար՝ 165-ի փոխարեն:

Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայ գործարարները հանդես են եկել այս առաջարկով, որն էլ ընդունվել է վարչապետի կողմից: Ըստ էության, Հովիկ Աբրահամյանը մտահոգություն ունի, որ ռուսական կողմը գազի գնի փոփոխությանը կարող է չհամաձայնվել, այդ պատճառով էլ ապահովագրել է իրեն՝ առաջարկությունը ներկայացնելով ոչ թե կառավարության կամ իր, այլ հենց գործարարների անունից:

Իհակե դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ռուսական կողմի պատասխանը. դա թերևս կերևա առաջիկայում: Սակայն վստահաբար շատ մեծ բան կարող է պայմանավորված լինել բանակցությունների ընթացքից: Հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը, հատկապես երբ խոսքը էներգակիրներին է վերաբերել, սովորաբար ընթացել է անկայուն քան թե գործընկերության ձևաչափով: Եթե Հայաստանի իշխանությունները ջանքեր չներդնեն այդ ձևաչափից դուրս գալու ուղղությամբ, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ռուսական կողմը  կհրաժարվի վերանայել Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Հիմա առավել, քան երբևէ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել հնարավորինս էժան էներգակիրների ներմուծման առումով: Հունվարի 18-ին Brent նավթի գինը 28 դոլարից ցածր է եղել և կազմել 27.72 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Bloomberg-ը գրում է, որ Իրանից նավթի արտահանման ծավալների աճը կնպաստի, որ բարելի գինը նվազի մինչև 25 դոլար: Սա ցածր գնի ռեկորդ է, որը բնականաբար տևական լինելու դեպքում ընդհանուր ազդեցություն է ունենալու բոլոր տեսակի էներգակիրների արժեքի վրա: Վաղ թե ուշ նավթի գնի անկմանը հաջորդելու է նախ բենզինի, ապա նաև գազի միջազգային գների նվազումը:

Եթե խնդրին մոտենանք բացառապես արդյունավետության տրամաբանությունից ելնելով, ապա Հայաստանը և՛ բենզինը, և՛ գազը պետք է ձեռք բերի այն երկրից, որտեղ այն առավել էժան է: Հարևան Իրանը փաստորեն պատրաստ է աշխարհին էժան նավթ մատակարարել և Հայաստանի համար սա բացառիկ շանս է: Ռուսական կողմը բնականաբար պետք է շատ հստակ հասկանա, որ Հայաստանը պարտավոր չէ ցանկացած գնով գազ ձեռք բերել Ռուսաստանից:

Ի դեպ, ամիսներ առաջ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ տնտեսական խորհրդի նիստում հայտարարեց, որ ԵՏՄ անդամ երկրները միջպետական առևտուրն իրականացնելիս   իբրև արժույթ օգտագործեն ռուբլին և հրաժարվեն դոլարից: Հովիկ Աբրահամյանի այս առաջարկությունը, փաստորեն առ այսօր անպատասխան է նմանվել: Այս պահի դրությամբ մենք ունեք մի վիճակ, երբ դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով գազի գինը՝ ի հեճուկս էներգակիրների միջազգային գների անկման, մեզ համար անընդհատ դոլարի փոխարժեքին համընթաց բարձրանում է:

Հայաստանի շուկայի սպառման ծավալները համեմատության մեջ այնքան փոքր են, որ թե՛ հարևան Իրանի, թե՛ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի գլոբալ տնտեսական հոսքերի վրա չեն կարող լուրջ ազդեցություն թողնել՝ անկախ այն բանից, թե մենք գազը կամ նավթը նրանից ինչ գնով կստանանք: Գազի գինը շատ կարևոր կենսական նշանակություն ունի մեր տնտեսության համար: Եվ հիմա ստեղծվել է պատմական բացառիկ շանս՝ օգտվել էժան էներգակիրների հնարավորությունից և էժանացնել գազի ու բենզինի գները և վերջապես իրական հնարավորություն ստեղծել, որ տնտեսությունը գոնե մի քիչ աշխուժանա:

Ընդ որում, այս անգամ սահմանին գազի գնի նվազումը անպայման պետք է հանգեցնի նաև սպառողական գնի նվազեցմանը, որը, բացի տնտեսականից, կունենա նաև կարևոր սոցիալական էֆեկտ:

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Գազի գինն իջեցնելու պատմական պահը” հրապարակմանը