Ինչի՞ց է վախենում ռուսական կողմը

Jan 19, 2016 Comments Off on Ինչի՞ց է վախենում ռուսական կողմը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստի ժամանակ, որը ինչպես և նախորդ նիստը, տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայում, արտակարգ դեպք է տեղի ունեցել:Այն ժամանակ, երբ Պերմյակովին բերել են դահլիճ, սպանվածների հարազատները շիշ են նետել նրա վրա: Տուժողների ներկայացուցիչների՝ դատական նիստերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու մասին հարցը դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է. «Ավելի վաղ ներկայացվել են դատավարությունը ռուսական բազայի տարածքում անցկացնելու հիմնավորումները, և որոշման վերանայման հիմք չկա, միջնորդությունը մերժվել է»,- հայտարարել է նա:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես է եկել ելույթով` ասելով, որ դատի ընթացքում Պերմյակովին վանդակում պահելը սխալ է,  քանի որ այդ կերպ խախտվում են նրա իրավունքները, ինչպես նաև ոտնահարվում են եվրոպական կոնվենցիայի պահանջները:

Ամբաստանյալի պաշտպանը նախ հայտարարել է, որ Պերմյակովի անվտանգության ապահովման տեսանկյունից, որքան էլ խցում լինելը Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դեմ է, պետք է նա շարունակի մնալ խցում՝ անվտանգության երաշխիքներից ելնելով:

Նախագահողի հարցին` ի՞նչ դիրքորոշում ունի դատական նիստերն այլ դատարանում անցկացնելու առումով, Պերմյակովը պատասխանել է՝ ասելով, որ իր համար միևնույնն է, թե որտեղ կանցնի դատավարությունը, սակայն ինքն իրեն հանգիստ է զգում այստեղ:

Թեպետ տուժողի ներկայացուցիչները դատավորի անգործության հարց են բարձրացրել, սակայն հազիվ թե դա լուրջ ազդեցություն թողնի դատավարության ընքացքի վրա:

Հայկական կողմի՝ հանցագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջը ռուսական կողմը համառորեն չի կատարում: Ակնհայտ է, որ խնդիրը դուրս է իրավական տիրույթից, այն զուտ քաղաքական է: Ռուսական կողմը չի կարող թույլ տալ, որ իր զինվորը, եթե անգամ նա ամենավերջին ոճրագործն է, դատվի օտար դատարանում: Սա ռուսական կայսրության քաղաքական օրենքներին դեմ է: Բայց այս դեպքում թերևս կարող էր բացառություն արվել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի դատարանում ռուսական կայսրության ապահովությանը որևէ վտանգ չի սպառնում:

Ինչի՞ց է վախենում ռուսական կողմը, որ հանցագործին այդպես էլ չի հանձնում հայ իրավապահներին: Նախաքննության փուլում ռուսական բազային առնչվող գործի կարևոր հատվածները ըստ էության արդեն պարտակվել են: Համենայն դեպս, դրա համար բավարար ժամանակ եղել է: Այժմ միակ մտահոգությունը կարող է լինել Պերմյակովի խոսելը: Գուցե ռուսական կողմին մտահոգություն է պատճառում այն հանգամանքը, որ դատարանում հանակարծ Պերմյակովը անսպասելի հայտարարություն կանի, և իրավիճակը  դուրս կգա վերահսկողությունից:

Սակայն Պերմյակովի վարքագիծն այս ընթացքում կարծես թե լիովին ցրել է այդ մտավախությունը: Այնուամենայնիվ, ինչի՞ց է վախենում ռուսական կողմը:

 

Դավիթ  Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: