Սուտ է, խաբում են, շոու է. Դոգի մայրը ահազանգում է

Jan 19, 2016 Comments Off on Սուտ է, խաբում են, շոու է. Դոգի մայրը ահազանգում է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր Ոստիկանության նախկին աշխատակից, Վովա Գասպարյանի երբեմնի «աջ» ձեռքը համարվող Վարդան Ղուկասյանի՝ Դոգի դատավճիռի բողոքարկման գործընթացը: Առաջին ատյանի դատարանը Դոգին չորս տարի ազատազրկելու որոշում է կայացրել՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքով։ Դոգը ձերբակալվել է 2014-ի հոկտեմբեր ամսին։ Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալին ոստիկանությունից հեռացնելը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից ու հայտնվեց ճաղերի հետեւում, երբ նրան մամուլում մեղադրում էին հայ պաշտոնյաների դեմ կոմպրոմատային նյութեր պատվիրելու եւ իր կողմից ղեկավարվող լրատվական կայքում տպագրվելու մեջ: Այսօր դատական նիստը հետաձգվել է.«Մի կանաչ շորով փնթի աղջիկ եկավ ասեց, որ դատավորը հիվանդ է, սուտ է, խաբում են>>,- մեզ հետ զրույցում լալահառաչ ձայնով պատմեց Դոգի մարյրը՝ տիկին Սուսաննան: Նրա կարծիքով կաշառվել են, թե դատավորները, թե դատախազները, բոլորը.«Եթե դատավորը հիվանդ էր, թող մեզ նախապես տեղյակ պահեին, չգնայինք հասնեինք դատարան: Պարզ չէ՞, որ անընդհատ հետաձգելու են, որպեսզի տղայիս մեղադրանքը անփոփոխ թողեն»:

Տիկին Սուսաննա ի լուր աշխարհի խնդրում է բոլորին ազատ արձակել որդուն. «Իմ էրեխուն տվեք ինձ թողենք-գնանք Հայաստանից»։

Տիկնոջ խոսքով որդու նկատմամբ դատավարությունը «շոու» է.«Բալա ջան, սաղ շոու է, պարզ չի, որ իրանք ոնց ուզեն, այնպես են անելու: Պերմյակով եք ասո՞ւմ, հայկական Պերմյակով է առաջներս, ոստիկանապետը Պերմյակովն է, որ կա, տղայիս ընդեղ են սպանում, ինձ էլ՝ այստեղ»:

Տիկին Սուսաննան դեռ չի մոռացել իր նկատմամբ ոստիկանների բռնությունը: Որդուն ձերբակալելուց հետո տիկին Սուսաննան առավոտյան գնացել է ոստիկանապետ Գասպարյանի Թումանյան փողոցում գտնվող տան առջեւ սպասել է, որ աշխատանքի գնալուց առաջ հանդիպի ու զրուցի Վովա Գասպարյանի հետ, խնդրի որդուն ազատ արձակել, սակայն իրեն նստեցրել են մեքենա, չորս ժամ պահել ապակիները փակ մեքենայի մեջ, 60-ն անց շաքարով հիվանդին տարել եւ Նուբարաշենի քարերի մեջ բաց թողել, որից հետո նա մի կերպ, տաքսիներով ու «բարի մարդկանց» գթասրտության շնորհիվ տուն է վերադարձել: Դոգի մայրը չգիտի, թե երբ է լինելու հաջորդ նիստը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: