Ով՝ ում.Սերժ Սարգսյանը ձեւավորում է

Jan 19, 2016 Comments Off on Ով՝ ում.Սերժ Սարգսյանը ձեւավորում է

Սահմանադրության փոփոխությունն արդեն իրողություն է, բայց փոփոխությունների գերնպատակ հռչակված իշխանության զսպման եւ հակակշիռների առկայությունը մոտ ապագայում էլ անհնար է: Մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետը՝ 2018-ը, ամեն ինչ մնալու է Սերժ Սարգսյանի ձեռքում, ով հին Սահմանադրությամբ փաստացի պետության գլուխն է հանդիսանում: Այդուհանդերձ, իշխանության ներսում տեղի ունեցող տեսանելի և ոչ այնքան հակադրությունները, գնալով կսրվեն, իրենց ամբողջական արտահայտությունը կստանան, թերեւս, Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտին, առավել ցցուն՝ 2017-ին՝ նոր խորհրդարանի ձեւավորման ժամանակ. ինչպես միշտ, իշխանության առանցքային դերակատարները կջանան օրենսդիր մարմնում ունենալ իրենց թիմը`յուրայիններին, որոնք կդառանան հետագա իշխանության ձեւավորման հիմքը, մանավանդ որ երկիրն անցում է կատարում խորհրդարանական համակարգին եւ այս առումով՝ խորհրդարանի դերակատարումը շեշտակիորեն մեծանալու է: Իշխանության ներսում գոյություն ունեցող թեւերը, որոնք մեծ հաշվով կառավարվում են Սերժ Սարգսյանի կողմից, բայցեւ հանդիսանում կարեւորագույն դերակատարներ, ներկայումս իրենց ազդեցությունների տիրույթն ընդլայնելու ու ամրապնդելու վեկտոր են բռնել: Այսպիսով՝  իշխանական հիերարխիայում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան-ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյան-ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան բեւեռն այլեւս անհերքելի իրողություն է: Այս եռյակի համաձայնությամբ է կայանում ոչ միայն իրավական համակարգում կադրային տեղաշարժն ու նշանակումները, ոչ միայն բանտերի, այլ բանակի սննդի մատակարարման ընկերությունների ընտրությունը: Գաղտնիք չէ` տարիներ շարունակ այդպիսի ընկերությունների գործունեության սկզբունքները եւ ինչպիսի յուղոտ պատառ է նման կարգավիճակը, որը պատահական մարդկանց բաժին չի հասնում: Ի դեպ, վերջերս բանակի մատակարարման, մասնավորապես, սննդի որակի եւ ժամկետների հետ կապված կրկին լրջագույն հարց է առաջ եկել, խնդիրն անգամ հասել է Դատախազություն եւ , բնականաբար, գործը ջրվել է: Այս միջադեպը առիթ է հանդիսացել, որ Սերժ Սարգսյանը հանդիպում կազմակերպի գեներալիտետի հետ եւ լրջագույնս զգուշացնի պատասխանատու օղակներին: Օղակում փոքր-ինչ թույլ են Արթուր Օսիկյանի դիրքերը: Վերջինս իր ոչ այնքան երկարամյա գործունեության ընթացքում հասցրել է իր ղեկավարած կառույցը դարձնել սեփական բոստանը՝ այնտեղ տանելով ծանոթ-բարեկամներին, քավոր-սանիկներին, բաջանաղ-աներձագներին՝ փորձելով ինքնուրույնություն դրսեւորել, բայց հայտնվել է ուշադրության կենտրոնում: Ոչ վաղ անցյալում Գեորգի Կուտոյանը ցանկացել է նրան փոխարինել Կոտայքի մարզի դատախազով, սակայն, Օսիկյանը հրաժարվել է ցուցաբերած կամակորություններից եւ հավատարմության երդում տվել: Մյուս առանցքային թեւը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է, ով մեծ ազդեցություն ունի ՀՀԿ լայն շերտերի վրա, նրա առանձնահատկությունը նրանում է, որ համարվում է ՀՀԿ-ի թիմի անդամ, կանգնած է եղել գործող իշխանության կայացման ակունքներում, հանդիսացել իշխանության վերարտադրության գործող դերակատարներից, թերեւս, այս է պատճառը, որ կարողանում է զգալի հատվածի նկատմամբ վերահսկողության խնդիրը լուծել, ինչպես նաեւ կապող օղակ դառնալ իշխանության ու ինչ-ինչ խմբերի միջեւ, ասել է թե, նա տնօրինում է թե’ քաղաքական, թե’ տնտեսական քվոտաների ինչ-որ մի մասը, ազդեցություն ունենում անգամ կադրային նշանակումներում: Վերջին երկու տարիներին զգալիորեն ամրապնդվել են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի դիրքերը, նա հրաշալի կազմակերպիչ է եւ տիրապետում է պալատական ողջ ինտրիգին ու հեռահար հավակնություններ ունի, այդ համատեքստում, թեպետ, առերեւույթ հանդարտության, ստվերային պայքար է ընթանում վերջինի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Մինչեւ վերջերս նույնպիսի ամբիցիաներ էր դրսեւորվում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիմի կողմից, նա էր ապագայի վարչապետի կամ երկրի ղեկավարի պաշտոնի ամենառեալ թեկնածուն, բայց այդ հույսերը խամրեցին, երբ գնալով բոցավառվեցին նրա կնոջ շուրջ խոսակցությունները: Իշխանության երբեմնի ընդգծված օղակներից մեկի փայլն էլ վերջին ժամանակներում ակնհայտորեն խամրեց, զսպեցին երբեմնի անբռնազբոս Վովա Գասպարյանի կրքերը, ով ոչ միայն Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ահուսարսափն էր, այլեւ իշխանության կամ նրա նկատմամբ <<անհնազանդների>>, նա հայտնվում էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կամ էլ հակառակը՝ բերման ենթարկում նրանց: Լավատեղյակները փաստում են, որ, այդուհանդերձ, նախագահը չի պատրաստվում պատմության գիրկն ուղարկել ՀՀ Ոստիկանապետին, մեծ աշխարհ է, ով գիտե, մի օր կրկին նրա օգնության կարիքը կզգացվի: Իշխանական վերնախավում իրենց ուրույն դիրքն ունեն Սերժ Սարգսյանի այսպես կոչված <<լյուբիմչիկները>, որոնք չնայած ազդեցությունների նույնպիսի ոլորտ չունեն, ինչպիսին նախորդները, բայց մտնում են արտոնյալների խավի մեջ. այդ խավի մեջ ընդգրկվածները  խիստ վստահելի և հավատարիմ անձինք են: Նրանց թույլ է տրվում կամ ներվում է շատ բան: Նրանք են Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Նախագահի վերահսկողականի պետ Հովհաննես Հովսեփյանը եւ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, բոլորովին վերջերս Կոստանյանը որոշել է հյուրընկալել այս խմբի անդամներից ոմանց՝ ինչ-ինչ հիմնավոր պատճառներով, սակայն Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել, որ նման բան չի կարելի: Առանձին արտոնյալների խավ  էլ կա`ի դեմս որոշ մարզպտների, գեներալների, նախարարների, որոնց Սերժ Սարգսյանը գրեթե ամեն ինչ է ներում, բայց նրանք բացառապես գործիք են նախագահի ձեռքում ու իշխանության դերակատար լինելուց բավական հեռու են: Այսպիսով՝ ակնհայտ է ներիշխանական խայտաբղետությունը, որի ծիրում էլ ընթանալու են ապագայի քաղաքական գործընթացները:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: