Ուղիղ հարված՝ բենզինի բիզնեսին

Jan 18, 2016 1 Comment

Ֆիզիկայում կա զուտ տեսական մի թեզ, ըստ որի, եթե հնարավոր լինի ջրի երկու կարևոր բաղադրիչները՝ ջրածինն ու թթվածինը տարանջատել, ապա տեղի կունենա իդեալական այրում: Ջրածինը՝ H-ը, այրվում է գրեթե առանց արտանետումների, իսկ թթվածինը՝ O-ն նպաստում է այրմանը: Համաշխարհային օվկիանոսի անսպառ  ծավալները հաշվի առնելով՝ էներգետիկ ռեսուրսների փնտրտուքի ընթացքում ջուրը միշտ էլ դիտվել է էներգետիկ ռեսուրս, սակայն առայժմ գիտական միտքը հասել է միայն նրան, որ ջրից ստանում են հիդրոէներգիա, ջրի այրման գյուտը դեռ սպասում է իր հեղինակին:

Նավթի գների միջազգային անկման համատեքստում բավական հաճախ է հանդիպում <<նավթը դարձավ ջրի գին>> մեկնաբանությունը: Ըստ միջազգային բորսայի սահմանած գների՝ անկման պատմական ռեկորդ է սահմանվել՝ նավթի մեկ բարելի /1 բարելը = 159 լիտր/ գինն այսօր 28 դոլար է եղել: Անկման դինամիկայի   այսպիսի շարունակության  դեպքում մենք կարող ենք ունենալ մի վիճակ, երբ նավթի գինը բնորոշելիս կարող է նույնքան կիրառական լինել <<նավթի գինը հասավ ջրի գնին>> արտահայտությունը: Օրինակ՝ այս պահին 1 լիտր <<Նոյ>> ջուրը 100 դրամ է, իսկ դրամային արտահայտությամբ՝ 1 լիտր նավթի  միջազգային արժեքն այսօր 85 դրամ է:

Մերն ուրիշ է

Նավթի գինը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն թելադրում է նաև բենզինի գինը, ուստի պետք է ակնկալել բենզինի գնի իջեցում: Համեմատության համար նշենք, որ այս պահին բենզինի 1 լիտրի գինը հայաստանյան լցակայաններում արժի 430-450 դրամ: Ընդ որում, բենզինի գինը վերջին մի քանի օրերին  մոտ 10 տոկոսով նվազել է: Մեկ լիտր <<պրեմիում>> բենզինի գինը կազմել է 450 դրամ՝ նախկին 490-500 դրամի փոխարեն, իսկ <<ռեգուլյար>> տեսակի բենզինի մեկ լիտրի գինը հասել է 430 դրամի՝ նախկին 470-ի փոխարեն: Ռուսաստանում բենզինի գինը, հայկական գների համեմատ, գրեթե կրկնակի է նվազել։ Օրինակ՝ մոսկովյան բենզալցակայաններում բենզին կարելի է գնել մեկ լիտրը 34 ռուբլով (կես դոլարից պակաս)։

Հայ ներկրողները հենց Ռուսաստանից են բերում բենզին, բայց արի Հայաստանի ներքին շուկան, որպես կանոն, շատ ուշ է արձագանքում միջազգային գների նվազմանը: Ուրիշ բան, եթե գները բարձրանային: Այս դեպքում անմիջապես գները մեզ մոտ էլ կթռչեին: Բայց սա խոսակցության այլ թեմա է: Հայաստանի սպառողական շուկան ունի իր առանձնահատկությունը. այն շատ փոքր է, և, որպես կանոն, խոշոր ներկրողները, իսկ բենզինի դեպքում ներկրողը, որը հանրահայտ <<Ֆլեշ>> ընկերությունն է, տարին մեկ-երկու խմբաքանակ է ներմուծում: Հենց սրանով էլ պայմանավորված է գների իջեցման իներտությունը: Այսինքն՝ Հայաստանում, որպես կանոն, սպառվում է նախկինում ներմուծված բենզինը, որը ըստ էության ձեռք է բերվել ներմուծման պահին եղած գներով, և վաճառքի գինն էլ սահմանվում է ոչ թե ելնելով միջազգային բորսայի, այլ ներմուծողի ձեռքբերման գնից ելնելով:

Հայաստանում հասարակական տրանսպորտը (քաղաքային, միջքաղաքային, տաքսի) վաղուց անցել է գազի։ Հայաստան բենզինի առաքման ծավալները կտրուկ անկում են ապրել, հանգամանք, որն ուղիղ հարվածում է բենզինի բիզնեսին։ Բացի այդ՝ բազմաթիվ հայ վարորդներ այժմ գերադասում են գնալ Վրաստան կամ հարևան Իրան, այնտեղ կատարել բենզինի լիցքավորում, որովհետև մի քանի հարյուր կմ ճանապարհի վրա ծախսված բենզինի արժեքը լիովին հատուցվում է հարևան երկրներից ձեռք բերված բենզինի էժան գնով: Այսինքն՝ մեր ներկրողը, լինելով մոնպոլիստ, շարունակաբար կորցնում է շուկան:

Ադրբեջանում կոլապս է

Մինչ Հայաստանում ներկրողն ու իշխանությունները կփորձեն քայլեր ձեռնարկել, որպեսզի շուկան Հայաստանում չմեռնի, հարևան Ադրբեջանում արդեն կոլապս է: Բացառապես նավթի վրա հիմնված տնտեսությունը, բառիս ամենաուղիղ իմաստով, պայթել է, ապրանքների գները բարձրացել են մոտ 50%-ով, ազգային արժույթը՝ մանաթը արժեզրկվել է, հանրությունը դուրս է եկել փողոց, կանխատեսվում են բախումներ:
Նավթի գինը բացասական ազդեցություն է թողնում նաև Ռուսաստանի տնտեսության վրա, որը լրացուցիչ բարդություն կարող է առաջ բերել նաև հայ աշխատանքային միգրանտների համար: Հայաստան եկող արտաքին տրանսֆերտների առյուծի բաժինը Ռուսաստանից է գալիս, ինչը նշանակում է, որ անուղղակիորեն մեր տնտեսությունը ևս բացասական ազդակներ կստանա:

Իսկ ազդեցության վերջնական գնահատականը իհարկե կհստակեցվի միայն ժամանակի ընթացքում՝ կապված այն հանգանմանքի հետ, թե որքան կշարունակվի պահպանվել նավթի ցածր գինը:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ուղիղ հարված՝ բենզինի բիզնեսին” հրապարակմանը