Համաճարակը հո պոզով պոչով չի՞ լինում

Jan 17, 2016 2 Comments

Նախօրիեն արձանագրվել է խոզի գրիպից՝ H1N1 վարակից մահվան ևս 3 դեպք: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

«Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի», – հաղորդում է առողջապահության նախարարությունը՝ շարունակելով: – Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում»:

Ընդհանուր առմամբ՝  H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին, 11-ը այս տարվա հունվարին:

Հաջորդաբար առողջապահության նախարարությունը տարածեց նաև մեկ այլ հաղորդագրություն, համաձայն որի՝ Հայաստանի հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ (21-ը` մինչև 18 տարեկան):

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է։

Չնայած որ վարակի հետևանքով մահվան արդեն 14 դեպք ունենք, առողջապահության նախարարությունը իրավիճակը դեռևս չի որակում որպես «համաճարակ»: «Մահանալը և համաճարակն այդքան էլ ուղիղ համեմատական կապի մեջ չեն: Մահանալը․․․ դա ծանր դեպքերի տոկոսային քանակի մասին է խոսքը, իսկ համաճարակը՝ դա ընդհանուր ազգաբնակչության հիվանդացության թվերի վերջին 5 տարիների միջին թվից 3-4 անգամ աճի մասին է խոսքը: Իհարկե, ես ընդունում եմ այն փաստը, որ հիվանդ մարդիկ պետք է չհաճախեն․․․դրա համար մենք ասում ենք՝ գնացեք պոլիկլինիկա, վերցրեք անաշխատունակության թերթիկներ, եթե որևէ մեկը խոչընդոտ կհանդիսանա, մենք պատրաստ ենք դեպքը մանրամասն քննարկել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Մեզ հետ զրույցում երևանյան հիվանդանոցներից մեկի բժիշկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, համոզմունք հայտնեց, որ իրավիճակն իրականում համաճարակային է, և եթե ոչ ողջ հանրապետության տարածքում, ապա Երևանում և որոշ մարզերում տեղային կարանտին հայտարարելու անհրաժեշտություն իրականում կա. <<Իրենք վախենում են համաճարակ հայտարարելուց, որովհետև չեն ուզում, որ պետությունը մեծ ծախսեր անի: Եթե համաճարակ հայտարարեն, բոլոր բուժումներն ու դեղերը բոլորի համար պիտի անվճար արվեն: Պոլիկլինիկայի բժիշկը իրավունք չի ունենա հիվանդին 100 հազար դրամի դեղ նշանակել, ասել՝ գնա  տանդ ոնց ուզում ես ստացի այդ դեղերը: Հիվանդանոցներում տեղ չկա: Մենք մեր պլանային հիվանդներին չենք կարողանում ընդունել՝ բա համաճարակը էլ ուրիշ ո՞նց է լինում, հո պոզով պոչով չի՞ լինում,- մեզ հետ զրույցում նշեց բժիշկը՝ շարունակելով,- բա որ համաճարակ չկա, ինչո՞ւ են դպրոցներն ու մանկապարտեզները փակ>>:

Նկատենք, որ եթե հայտարարվում է համաճարակ, ապա կա «Համաճարակների վարում» հատուկ ուղեցույց պետական մարմինների համար, համաձայն որի՝ պետական կառավարման տարածքային և ՏԻՄ մարմինների կողմից պահանջվում են արտակարգ գործողություններ: Դա պետությունից պահանջում է ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխատանքային հատուկ ռեժիմ:

Հավելենք, որ հինգշաբթի օրվա կառավարության նիստում, վարչապետի հանձնարարականով և առողջապահության նախարարի միջնորդությամբ, դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին ևս մեկ շաբաթով՝ մինչև հունվարի 25-ը:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “Համաճարակը հո պոզով պոչով չի՞ լինում” հրապարակմանը

  1. artur says:

    irenc tneciqn chen satkel dra hamar el hamacharak chen haytararum, irenc shat el dzerntu en mahern