Ինչպե՞ս են որոշում «Զվարթնոցի» կլոր շենքի իրական գինը

Jan 18, 2016 Comments Off on Ինչպե՞ս են որոշում «Զվարթնոցի» կլոր շենքի իրական գինը

«Զվարթնոց» օդանավակայանի օղակաձև հին շենքը եղել է սովետական մոդեռնիզմի լավագույն գործերից մեկը: Դա հուշարձան է և պատմության այդ ժամանակահատվածը խորհրդանշող կարևոր կոթող: Այն ոչ մի դեպքում չի կարելի քանդել: Hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից տրված «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման թույլտվությանը,  հայտարարեց ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, Երևաննախագիծ ինստիտուտի նախկին տնօրեն Գուրգեն Մուշեղյանը:

Վաստակավոր ճարտարապետի խոսքով՝ Երևանում հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները դառնում են ավանդույթ. <<Հուշարձանը նրա համար է, որպեսզի ամեն գնով այն պահպանվի՝ անկախ նրանից այն՝ իբրև կառույց, կարո՞ղ է կատարել իր հիմնական  ֆունկցիան, թե՞ ոչ: Ի վերջո չի կարելի ամեն անգամ ասել, որ հինը պետք է քանդենք ու մեր պատկերացրած նորը կառուցենք: Սա ողջամիտ մոտեցում չէ>>,- նշեց նա: Կոնկրետ «Զվարթնոցի» կլոր շենքի հետ կապված՝ Մուշեղյանը վստահ է, որ այն հնարավոր է և՛ պահպանել, և՛ օգտագործել ֆունկցիոնալ նպատակներով՝ հենց օդանավակայանի համար. <<Լուծումներ միշտ կան: Եթե ի սկզբանե և՛ նախագծողի, և՛ պատվիրատուի առջև դրվեր շենքը պահպանելու խնդիրը, ապա համապատասխան նախագծային լուծումն անպայման կգտնվեր: Ես համոզված եմ, որ կարելի է շենքը պահպանել, միաժամանակ այնպես անել, որպեսզի այն չկորցնի իր ֆունկցիոնալությունը: Եթե նման խնդիր դրված լիներ, ապա լուծումներն էլ կփնտրվեին՝ հենց այդ սկզբունքից ելնելով: Բայց Երևանում մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ շենքը միտումնավոր հասցնում են շատ վատ վիճակի ու հետո հայտարարում, թե այլ ելք չկա, պետք է քանդել: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է կառույցը հասցվել այդքան վատ վիճակի, ինչո՞ւ համապատասխան մարդիկ, նրանք, ում հոգածությանը հանձնված էր կառույցը, չեն զբաղվել դրա խնամքով: Սա առաջին դեպքը չէ, մենք նման դեպքեր էլի ունենք: Այսպիսի մոտեցումից առաջին հերթին տուժում է Երևանը, շատ է տուժում մեր զբոսաշրջության մակարդակը: Հայաստան այցելող զբոսաշրջիկները ուզում են 3000-ամյա Երևանում հին շենք տեսնել, փնտրում են ու չեն գտնում այդպիսի շենքեր, որովհետև դրանք չկան>>,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ օդանավակայանի զարգացման հրամայականը ոչ ոք չի վիճարկում. այդ խնդիրը եղել է դեռևս նախորդ դարի 80-ական թվականներին: Դեռ այն ժամանակ նախատեսված է եղել 2 նոր կորպուս կառուցել՝ նախատեսված մոտ 2300 ուղևորի համար, սակայն հինը պետք է պահպանվեր: Նրա խոսքով՝ հետագայում խոսակցություն է գնացել այժմյան կլոր մասնաշենքը առևտրային կենտրոնի վերածելու մասին, սակայն շենքի ամբողջական քանդման մասին երբեք խոսակցություն չի եղել. <<Հիմա էլ, անկեղծ ասած, չգիտեմ՝ խոսքը միայն էստակադայի՞, թե՞ ամբողջական քանդման մասին է>>,- նշեց Մուշեղյանը: Ճարտարապետի խոսքով՝ աշխարհում հուշարձանների պահպանման բազմաթիվ նախադեպեր կան. օրինակ՝ Լոնդոնում հուշարձանները վերածվում են ժամանակակից արվեստների թանգարանների, մեզ մոտ էլ կարող էր նույնը արվել: <<Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ հուշարձանը չի կարելի քանդել, որովհետև այն ժամանակի ընթացքում դառնում է շատ թանկարժեք, կարելի  է ասել՝ անգին: Հուշարձանի իրական գինը կամ արժեքը որոշվում է ոչ թե ներկա, այլ ապագա  ժամանակով>>,- եզրափակեց Մուշեղյանը:

Հիշեցնենք, որ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի տարածած հայտարարության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրվել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար: Ինչպես հայտնի է, օդանավակայանի կոնցենսիոն կառավարիչը արգենտինացի հայազգի մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանն է: Նա օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումից հետո հին մասնաշենքը թերևս միտումնավոր մատնել է անտերության և այժմ ամեն ինչ անում է, որպեսզի տարածքն ազատելու համար հուշարձան շենքը քանդի:

Դեռևս 2013 թվականին Էռնեկյանը ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի կողմից  մերժում էր  ստացել՝ «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի  քանդման  առնչությամբ: Փաստորեն, անցած երեք տարիներին, Էռենկյանի հատուկ հանձնարարությամբ, «Զվարթնոցի» կլոր շենքը վերածվել է անասնագոմի, որպեսզի այսօր նա, բոլորի աչքը խոթելով շենքի անմխիթար վիճակը, ստանա քանդման իրավունք: Փաստորեն, Երևանի քաղաքապետարանը կամ էլ գուցե շատ ավելի բարձր օղակներ գնացել են այդ մանիպուլացիային:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: