Ճարտարապետնե՞րն են անշնորք, թե կոռուպցիոն շահ կա

Jan 17, 2016 1 Comment

Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու դեմ բողոքի մեծ ալիք է պետք բարձրացնել, ինչպես եղավ Մաշտոցի պուրակի, էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում: Ճարտարապետ Հրաչիկ Պետրոսյանն է կոչ անում ազգովին պայքարել պատմամշակությաին կոթողը չքանդելու համար, այն միայն ճարտարապետներինը չէ: «Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է՝ որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Ճարտարապետը հիշեցնում է, որ 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։ ՀՀ-ից հավաստիացրել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո: «Բայց դե մեր իշխանությունների համար ինչ Վիեննա, ինչ բան, ինչ ուզեն,այն էլ կանեն»: Հրաչիկ Պողոսյանը նկատում է, որ որոշման մեջ ապամոնտաժումը վերաբերում է ոչ թե հայտնի «կլոր կառույցին», այլ էստակատրին.«Ժամանակին այնտեղից էինք մեկնում, մի կլոր ճանապարհ կար, այդ է քանդվելու, դրա վերաբերյալ է որոշում կայացվել, ասում են՝ անմխիթար վիճակում է: Բայց եթե դա քանդեն, հետո պիտի ասեն վերեւի հատվածը մոտեցում չունի, բերեք վերեւն էլ քանդենք: Մի խոսքով պիտի դիմադրենք»: Ճարտարապետը կարծում է, որ կարելի է այդ շինությունը պահպանելով հրաշալի լուծում գտնել նոր կառուցվող կորպուսի հետ.«Հուշեցինք, ասացինք քաղաքաշինության նախարարի մոտ: Իրենք քանդելը պատճառաբանում են, թե մի 20 տարի հետո ստիպված ենք լինելու օդանավակայանը հզորացնել եւ եւս մի նոր կորպուս կառուցել, որը կլինի այդ կառույցի աջ կողմում: Հիմա այդ ճարտարապետները երեւի այդքան շնորք չեն ունեցել, որպեսզի այնպիսի լուծում տան, որ նա էլ պահպանվի…: Այսինքն բոլոր հնարավորությունները կան եւ չեմ հասկանում ճարտարապետնե՞րն են ապաշնորհ, թե այլ խնդիր կա»: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նույնպես արձագանքելով որոշմանը տարածած հաղորդագրությամբ հիշեցնում է, որ 2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումն ապագա սերունդների համար: «Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողն ազգի թշնամին է: Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին»,- ասվում է ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանի հայտարարության մեջ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ճարտարապետնե՞րն են անշնորք, թե կոռուպցիոն շահ կա” հրապարակմանը

  1. vincomed says:

    , Լավ, գիտենք որ քաղաքապետը հեռու է ճարտարապե տությունից, բայց դու, գլխավոր ձարտարապետ կոչեցիալը, ոնց էս համազայնվում այդ որոշման հետ. Կես ժանմով գնա Թիֆլիս, տես ինչ խղջուք շինություններ են պահպաքնվում որպես ճարտարապետան հուշարձան….Վախում ես կորցնես աշխատանքը.Ամոթ.