Եվրոպան ու Թուրքիայից կախվածության վտանգը

Jan 17, 2016 Comments Off on Եվրոպան ու Թուրքիայից կախվածության վտանգը

Կրկին նոր պայթյուն Թուրքիայում

Նախօրեին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար շրջանում պայթեցվել են շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարևանությամբ գտնվող՝ անվտանգության աշխատակիցների կողմից բնակեցված կառույցը։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի և դրան հաջորդած կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ: Եվս 39-ը վիրավորվել են, այդ թվում՝ 6 ոստիկան։ Պաշտոնական Անկարան արդեն իսկ կատարվածի մեջ մեղադրել է Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին:

Պայթեցված շենքերն ամբողջովին փլատակների են վերածվել։ Դիարբեքիրի նահանգապետարանում ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ Թուրքական ոստիկանությունը մեղավորներին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություններ է ձեռնարկել, երկու կասկածյալ ձերբակալված է։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդես է եկել Դիարբեքիրի հարձակումը դատապարտող հայտարարությամբ։ Նախագահ Թայիփ Էրդողանն էլ քուրդ զինյալներին ահաբեկիչներ է անվանել՝ նրանց գործողությունները «ստոր և անբարո արարք» որակելով։

ՔԲԿ-ի զինյալների գործողությունները կանխելու նպատակով անվտանգության միջոցառումներ են իրականացվում նաև քրդաբնակ մյուս շրջաններում, մասնավորապես՝ Մարդին և Շըրնաք նահանգներում։ Երեկ երեկոյան Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռի մեջ զենքով լի պայուսակ է հայտնաբերվել, 7 ուղևոր ինքնաթիռից իջեցվել է։

Շուրջ երկու ամիս չդադարող թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի Սուր վարչական շրջանի 6 թաղամասերում դեկտեմբերի 2-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված։ Շրջանում փողոց դուրս գալու սահմանափակումը դեկտեմբերի 10-ին հանվել էր, սակայն, հաջորդ օրն իսկ վերականգնվել էր: Դիարբեքիրում տիրող լարված իրադրության հետևանքով մարդկանց առօրյա կյանքը խափանված է. փակ են քաղաքի խանութներն ու կրպակները, չի աշխատում քաղաքային տրանսպորտը, մարդիկ վախենում են գնալ աշխատանքի, երեխաներն էլ` դպրոց։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի 5 իրավաբաններ մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամը դադարեցնելու համար միջամտության խնդրանքով անցած շաբաթ դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ներկայացված դիմումը դատարանի կողմից մերժվել է։

​​Դավութօղլուն մանրամասնել է, որ զոհվածներից 1-ը ոստիկան է, իսկ մնացյալ 5-ը՝ քաղաքացիական անձինք։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 39 մարդ, որից 6-ը ոստիկան են։

Պայթյունի իրականացման համար մեղադրել է ահաբեկիչներին՝ հայտարարելով, որ Թուրքիան դատապարտում է ահաբեկչական ամեն տիպի դրսևորումները, այդ թվում նաև վերջերս Ստամբուլում, ինչպես նաև դրանից առաջ էլ Մադրիդում, Փարիզում, Անկարայում ու Սուրուչում իրականացված ահաբեկչությունները։

Թուրքիան պատրաստվում է խստացնել անվտանգության միջոցառումները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո՝ գրում է Milliyet պարբերականը։ «Մենք կընդունենք անվտանգության հավելյալ միջոցառումներ երկրի խիտ բնակեցված շրջաններում՝ Ստամբուլում ահաբեկչական հարձակումից հետո։ Քայլերը, որոնք մենք կանենք Ստամբուլն անվտանգ և հանգիստ քաղաք դարձնելու համար, արդեն քննարկել ենք մեր անվտանգության ուժերի հետ»,- ասել է Դավութօղլուն։

Ռուս-թուրքական մեղադրանքները շարունակվում են

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցիներից մեկը հայտնվել էր Ռուսաստանի իրավապահ մարմինների տեսադաշտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանում նրան մեղադրել են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու համար։ Զախառովան մանրամասնել է, որ ձերբակալվածների թվում է Այդար Սուլեյմանովը, որին նախորդ տարվա օգոստոսին Թաթարստանի իշխանությունները հեռակա կարգով մեղադրել են ԴԱԻՇ-ին հարելու և այդ կազմակերպության համար հավաքագրում իրականացնելու համար։ Զախառովան հավելել է, որ Սուլեյմանովի հանդեպ Ինտերպոլի գծով հայտարարվել էր միջազգային հետախուզում. «Ես կցանկանայի ընդգծել և ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ ԴԱԻՇ-ի հետ նրա կապերի մասին քաջ հայտնի է եղել Ինտերպոլի գծով փոխգործակցող բոլոր երկրներին՝ ներառյալ Թուրքիան»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի կալանավորեցին Ռուսաստանի երեք քաղաքացու՝ նրանց կասկածելով ԴԱԻՇ-ի հետ կապերի և Ստամբուլում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու մեջ։

Թուրքիայի ապակառուցողական գիծը հանգեցնելու է Սիրիայում իրավիճակի հետագա էսկալացման, ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ հետապնդելով նեղ կոնյունկտուրային շահեր։ Դատապարտում ենք նման ապակառուցողական գիծը, որը տանում է տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացման, կոչ ենք անում կառուցողական աշխատանքներ տանել միջազգային ջանքերի շրջանակներում՝ ապահովելու համար Սիրիայում քաղաքական կարգավորման բացառիկ գործընթացի գործարկումը և ձեռնարկելու համար իրական քայլեր՝ ԴԱԻՇ-ի ու տարածաշրջանում գործող ահաբեկչական այլ կառույցներին հակազդելու նպատակով»,- նշել է նա։

Իսկ Անկարան պատասխանում է ՌԴ-ին` ԴԱԻՇ-ի դեմ նրա պայքարը քննադատելով: Եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջությամբ ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը, ապա թող Թուրքիային թույլ տա դա անել: Այս մասին գրում է Milliyet թերթը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: «Թող կամ իրենք ոչնչացնեն ԴԱԻՇ-ին, կամ էլ Թուրքիային թույլ տան դա անել»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, որ ոչ ոք չպետք է ստեղծի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կերպար, բայց ոչնչացնի Սիրիայի խաղաղ բնակիչներին:

ԵՄ-ն չի կարող «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի

Մինչդեռ, Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է ահաբեկչական գործունեության համար մեղադրել քրդերին՝ չնայած նրան, որ ԴԱԻՇ-ի ահաբեկչական սպառնալիքն ավելի բարձր է, ինչի մասին վկայում են վերջին ահաբեկչությունները։ Իր ելույթում Էրդողանը նպատակամղված քննադատել է «քուրդ անջատողականներին», մինչդեռ ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքը, որը կապված է Թուրքիայում իրականացված ահաբեկչական վերջին հարձակումների հետ, չի թուլանում։ Թուրք ռազմական փորձագետ Նիհաթ Ալի Օզքանը կարծիք է հայտնել, որ ներքին խնդիրների մասին խոսելը ձայներ է բերում քաղաքական գործիչներին, իսկ ահա ԴԱԻՇ-ի հարցը նրանց չի բերում ձայներ։ Նա ընդգծել է, որ, ինչպես նախկինում, անհայտ է մնում, թե Էրդողանի ուշադրությունը երբ կսևեռվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա՝ քրդերի փոխարեն։

Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը` նկատելով, որ ԵՄ-ն որոշել է փախստականների պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի չթաթախվի դրա մեջ, և Անկարան դրա հետ մեկտեղ ստացել է բավական շատ իշխանություն: «Մենք Թուրքիային պետք է տանք միայն այն առաջադրանքները, որոնց թուրքական կողմի մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է։ Խոսքը հենց ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին է։ Սակայն երբ ԵՄ-ն Անկարայի վրա դնում է ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման պարտականություն, առաջանում է ազդեցիկ կախվածություն, որը, իմ կարծիքով, շատ վտանգավոր է»,- ասել է նա։ Կուրցի խոսքով՝ շատ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ սահմանային գոտու վերահսկողությունը տեղի չի ունենա առանց բռնության գործադրման, սակայն ԵՄ-ն չի կարող պարզապես այդ «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի վրա՝ դրանում չթաթախվելու համար։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: