Կոալիցիան այլընտրանք չունի

Jan 17, 2016 Comments Off on Կոալիցիան այլընտրանք չունի

Դեռեւս սահմանադրական փոփոխություններից առաջ, երբ լիովին ակնհայտ էր իշխանություններին ընդդիմադիր կոչվող ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի աջակցությունը, հեռանկարային էր համարվում կոալիցիան, որը պետք է ձեւավորվեր երկու ընդդիմադիրների հետ, հանրաքվեից հետո: Բայց դեկտեմբերի 6-ն անցյալում է, երեք ուժերի համագործակցությունը նկատելի է նաեւ մեկ այլ կարեւոր քաղաքական գործընթացում, որպիսին Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, այնինչ կոալիցիան ուշանում է: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք հատկապես ՀՅԴ-ՀՀԿ կուլիսային քննարկումներին եւ հայտնել, որ ՀՅԴ-ի դեպքում կոալիցիա կազմելու մեծ հավանականություն կա: Այդուհանդերձ քաղաքագետ Լեւոն Շիրինյանին առաջարկեցինք ներկայացնել եռակողմ շանսերն ու ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի օգուտներն ու վնասները: Իսկզբանե քաղաքագետը նկատեց, որ թե ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ն այլեւ որեւ շանս չունեն ինքնուրույն դերակատար լինելու եւ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու եւ երկուսի համար էլ լավագույն ելքն այն է, որ <<շուլալվեն>> ՀՀԿ-ին եւ իրենց գլխի ճարը տեսնեն: Քաղաքագետը նկատեց, որ Դաշնակցությունը լինելով

սոցիալիստական գաղափարախոսությունը կրող ուժ վաղուց հեռվացել է այդ սկզբունքներից եւ չի հանդիսանոմ աշխատավորի, բանվորի, մշակի աջակիցը.<<Դրա համար էլ հինգ տոկոսից ավելի չի կարողանում հաղթահարել, այն էլ զոռով: Իսկ Հայաստանում, եթե որեւէ կուսակցություն 5-6 տոկոս ձայն է հավաքում, ցանկացած իշխանություն կարող է նրան հաջորդ ընտրություններին դրանից էլ զրկել, հետեւաբար չպետք է կոալիցիայի շանսը բաց թողնի>>, ասաց Լեւոն Շիրինյանը: Խոսելով ԲՀԿ-ի մասին Շիրինյանը նկատեց, որ քաղաքագիտական առումով այդ կուսակցությունն արդեն գոյություն չունի, որպիսին կար փետրվարին.<<Նույն մարդիկ, որոնք մի տարի առաջ գոռում էին, որ նոր սահմանադրությունով երկիրը կկործանվի, ոչ միայն աջակցեցին, այլ հիմա էլ ջատագովն են դարձել ընտրական օրենսգրքը փոխելու, որը սպասարկելու է Սահմանադրությանը>>,ասաց Շիրինյանը համոզմունք  հայտնելով, որ ԲՀԿ-ն էլ կգնա կոալիցիայի.<<Երկրի արտաքին, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրները հաշվի առնելով, կարծում եմ թե ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ն կպատճառաբանեն, որ

իշխանությանը խիստ անհրաժեշտ է կոալիցիան: Չնայած ՀՀԿ-ն որակյալ մեծամասնություն է եւ կոալիցիայի կարիք մեծ հավով չունի, բայց եթե այդ երկուսին քարշ տա հետեւից ընդհանրապես բողոքի ձայները կդադարեն>>: Դիտարկմանը, որ իշխանությունը թերեւս ԲՀԿ-ին կպահի, որպեսզի հարկ եղած դեպքում վստահելի ընդդիմություն ունենա, Շիրինյանն արձագանքեց.<<Չի ստացվի, ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա, ուր է նրա ռեսուրսը>>: Անդրադառնալով 2017-ի խորհրդարանի ներկապնակին, քաղաքագետը դժվարացավ կանխատեսել, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան, նորաստեղծ կուսակցությունների հնարավորությունների մասին առավել եւս վաղ է համարում խոսել.<<Այդ նոր ուժերը դեռ ուժ պետք է դառնան: Հայաստանում այս պահին որեւէ ուժ լեգիտիմություն, հեղինակություն չունի ժողովրդի մեջ: Իսկ ընդհանրապես այն կարծիքին եմ, որ նոր սերունդ պիտի գա՝ ոչ ծառայամիտ, ոչ կարիերիստ, ինչպես եղավ Վրաստանում: Այս դախացած սերունդը պիտի գնա՝ ընդդիմություն, թե իշխանություն, գա նոր սերունդը>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: