Քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ

Jan 14, 2016 Comments Off on Քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տանից գողություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: