Մենք հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք ու գիտենք նման խնդիրներն ուր են տանում

Jan 17, 2016 Comments Off on Մենք հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք ու գիտենք նման խնդիրներն ուր են տանում

Նոյեմբերին ձերբակալված հանցավոր խմբում գնալով մեծանում է ազատամարտիկների թիվը, երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց եւս մեկին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանին։ Նրան կասկածում են Արթուր Վարդանյանի խմբի հետ համագործակցելու, զենք պահելու-իրացնելու մեջ: Այսօր ձերբակալվել է նաեւ ընդդիմադիր գործիչ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը բոլոր ազատամարտիկների անունից վստահաբար պնդում է.«Ոչ մի ազատամարտիկ դուրս չի գա էս երկրի դեմ, այն երկրի, որն իր կյանքով է ստեղծվել»: Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ այսօր ազատամարտիկները, որոնք մտահոգված են երկրի խնդիրներով, դարձել են իշխանությունների թիրախը. «Շատ վատ է , որ մեր երկրում ազատամարտիկները դարձել են իշխանությունների ամենախոցելի թիրախը, մինչդեռ ամեն վայրկյան կարող է պատերազմ լինի: Բայց եթե մեզ հետ են այսպես վարվում, մենք ինչպե՞ս ենք մեր երիտասարդներին ոգեկոչելու, որ հայրենիք պաշտպանեն»: Ազատամարտիկը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը, որը Պաշտպանության նախարար է աշխատել, նման վերաբերմունք դրսեւորել ազատամարտիկների հանդեպ: Պետրոսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ ազատամարտիկները բոլոր ժամանակներում հետաքրքրված են երկրի խնդիրներով եւ ազատամարտիկները մշտապես բարձրաձայնել են բացական երեւույթների մասին՝ վտանգ ներկայացնելով իշխանություններին, նա նկատեց, որ իշխանությունները, չի բացառվում, որ վախենում են ազատամարտիկներից.«Եթե իշխանությունը ավելի շատ վախ ունի ոչ թե ադրբեջանցուց, այլ մեզանից, եթե վտանգը արտաքին թշնամուց չէ, այլ մեզանից է, թող ժամանակ տան մենք գնանք այս երկրից, պրծնենք» միեւնույն ժամանակ ասաց նա: «Բոլոր ժամանակներում է այդպես եղել, երբ ուժեղին, հաղթածին չեն կարողացել համարժեք պատասխան տալ, սկսել են վարկաբեկել, այնինչ ես վստահ եմ, որ ազատամարտիկը չի կարող պետության դեմ դուրս գալ»: Մեր դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների խմբի նպատակը եղել է «ժողովրդին կեղեքող» իշխանական այրերի տեմ տեռորը, այլ ոչ թե պետության, Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց.«Եթե անհատների դեմ դուրս գալու ոչ սահմանադրական միջոց է, ապա ազատամարտիկները դրան էլ են դեմ: Երբեք, ոչ մի ազատամարտիկ իր նշանառության մեջ հայի չի ունենա, դա մեր կյանքով ենք ապացուցել: Բացի այդ մենք հոկտեմբերի 27 տեսած մարդիկ ենք ու գիտենք նման խնդիրներն ուր են տանում»: Նշենք, որ ազգային անվտանգության ծառայությանն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: ԱԱԾ-ն նրանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացրել է խուզարկություններ: Հիշեցնենք, որ հատկապես Վլադիմիր Առաքելյանը խստորեն քննադատում էր և դատապարտում էր հանցախմբի շրջանակներում ազատամարտիկների կալանավորումը և հայտարարում, որ այդպիսով փորձ է արվում մեկուսացնել քաղաքականապես ակտիվ ազատամարտիկներին: Նշենք, որ մինչ այժմ հանցախմբի շրջանակներում ձերբակալված են ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը, Հարություն Սարիբեկյանը (Զիմ մականունով) և մի քանի այլ ազատամարտիկներ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: