Ռուսական գազից հնարավոր չէ հրաժարվել.նախարար

Jan 15, 2016 Comments Off on Ռուսական գազից հնարավոր չէ հրաժարվել.նախարար

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության երեկ կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց, որ  հնարավոր չի համարում ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ գնելը:

Նախարարը հարցին շատ կարճ պատասխան տվեց.«Հնարավոր չէ»:

«Մենք Իրանից այսօր գազ ստանում ենք, Երևանի ՋԷԿ-ում կառուցելու ենք նոր էներգաբլոկ և նախատեսում ենք լրացուցիչ գազ ստանալ Իրանից, որպեսզի փոխարենը Իրանին տրամադրենք էլեկտրաէներգիա»,- նշեց  նախարարը:

Երվանդ Զախարյանը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե Իրանը Հայաստանի տարածքով գազ կմատակարարի Վրաստանին:

«Քառակողմ բանակցությունների արդյունքում, որը տեղի ունեցավ Հայաստանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Մենք տեղեկացված ենք, որ Վրաստանի և Գազպրոմի միջև բանակցություններ գնում են, կոնկրետ արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա»,- տեղեկացրեց  Զախարյանը:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Վրաստանը նախատեսում է վերանայել Գազպրոմի հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման դիմաց ոչ թե գազի 10 տոկոսն ստանալ, այլ գումար, նախարարն ասաց, որ Հայաստանի համար որևէ խնդիր չի առաջանա, դա Վրաստանի ու Գազպրոմի ներքին հարցն է:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: