Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին

Jan 14, 2016 Comments Off on Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին

2016  թվականին  Հայաստանը  մտավ  նախընտրական  հերթական  փուլ: Այս  տարին վերջինն է  հինգերորդ  գումարման  Ազգային ժողովի  համար, որի  գործունեության չորս  տարիների  ընթացքում  հերթական  անգամ  պարզ  դարձավ,  որ  այն  պետք է  ենթարկվի լուրջ  փոփոխությունների  թե´  կազմի, թե´  աշխատանքի որակի  և թե´  գործունեության արդյունավետության  իմաստով: Հայաստանցիներն  ունեն  գրեթե ամբողջական  ու  լիարժեք  պատկերացում  խորհրդարանական  ուժերի  մասին  ու  նաև խորհրդարանում  եղած  131  պատգամավորներից  յուրաքանչյուրի  վերաբերյալ: Հինգերորդ  գումարման  ԱԺ-ի քաղաքական  սեզոնը   ուշագրավ  է  նաև  նրանով, որ համացանցի հասանելիությունը, էլեկտրոնային  լրատվամիջոցների  զարգացումն  ու  տեղեկատվության  մատչելիությունն,  անշուշտ,  լրջագույն  ազդեցություն  ունեցան   քաղաքական  ուժերի  ու  անհատների  վերաբերյալ  հանրային  կարծիքի  ձևավորման  վրա:  Նույնիսկ  ինֆորմացիոն  անարխիայի  առկայությունը  չի  խանգարում  մարդկանց  ընդհանուր  առմամբ  ադեկվատ  պատկերացում  կազմել   յուրաքանչյուրի  մասին:

Իհարկե`  հետաքրքրվելու  պարագայում: Իրականության  մեջ  մեր  երկրի  չափազանց  քաղաքականացված  հասարակության  մեծ  մասը, որքան  էլ  պարադոքսալ  չհնչի, չի ցանկանում  հետաքրքրվել  ո՛չ  քաղաքական  դեմքերով, ո՛չ ուժերով, ո՛չ էլ  քաղաքական  նոր առաջարկներով:  Պատճառները  պարզ են` հիասթափություն  և  անվստահություն:

Գորշացած  քաղաքական  դաշտում  չմնացին  այնպիսիք, որոնց  առկայությունը  կարող  էր  ուղղակի  պոզիտիվ  զգացողություններ  առաջացնել  հանրության  մոտ, էլ  չասած  հանրային  պատվեր  կատարելու, պետությանը  ծառայություններ  մատուցելու մասին  և  այլն: Եթե  հակիրճ  ամփոփելու  լինենք, ապա  այս  նախընտրական  շրջանի  ամենամեծ  յուրահատկությունը  կադրային  սովն  է  լինելու:  Եթե  հաշվի  առնենք  անցած  տարվա  հանգամանքների  դասավորությունը, սահմանադրական  փոփոխությունների  արդյունքում  իրականություն  դարձած  նոր  համակարգի  առկայությունը, պահանջված  քաղաքական  և  նույնիսկ  կենսաբանական  սերնդափոխությունը` պարզից  էլ  պարզ  է  դառնում,  որ  արդեն  մեկնարկած  քաղաքական  մրցարշավի ամենաառանցքային  հատկանիշը  դառնալու  է  այն, թե  որ  քաղաքական  ուժը  ինչ  նոր  դեմքեր  է  ներգրավելու  և  ում  է  խոստանալու  բերել  հաջորդ  խորհրդարան:

Ոչ  մի  փայլուն  ծրագիր, ոչ  մի նոր  խոստում, ոչ  մի դարձի  գալու երդում  այլևս  գեթ  մեկ  ձայն  չեն  ապահովելու  կուսակցություններին, մինչև  վերջիններս  չներկայացնեն  հանրությանը  նոր, չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի  ու  պարկեշտ կադրեր: Հասարակությունն  արդեն  զզվել  է  բռի,  տգետ  ու  անիմաստ  խորհրդարանականներին  կերակրելուց  և  կանաչ  լույս  է  վառելու  բացառապես  հանրային  պատվեր  կատարելու  ունակ  անհատների  համար:  Արդեն  բոլորի  համար  պարզ  է, որ  տեղամասում  պատշաճ  հսկողություն  իրականացնելու  պարագայում,  անկախ տված խոստումից, անկախ եղած ճնշումից կամ ազդեցությունից, անկախ նույնիսկ վերցված գումարից, քաղաքացին  կատարում  է  բացառապես իր  սեփական որոշումը քվեարկության  ձևով` որոշ  բացառություններով  իհարկե: Այնուամենայնիվ, ընտրական  իրականությունը  փոխվել  է, փոխվել  են  քարոզչական  մեթոդները, փոխվել  է  հանրության  վերաբերմունքը,  փոխվել  է  կառավարման  համակարգը, փոխվել  է  իրավիճակը  իշխանության  մեջ, փոխվում  է  սերունդը… Այս ամենը  անշուշտ  հասկանում  են  նաև  ընտրողների  իրական  քվեի  արտաբերման  վրա  ազդեցության  հնարավորություն  ունեցողները, և  հենց  այս  հանգամանքը  էապես  ազդելու  է  նոր  սերնդի  գործիչների  հաղթանակի  վրա:

Վստահաբար  կարելի  է  պնդել, որ  հաջորդ  խորհրդարանում  չեն  լինի  ներկայիս  պատգամավորների  70-ից  ավելին: Չեն  լինի,  որովհետև  փոխվում  են  խաղի  կանոնները,  ու  վերը  թվարկված  բոլոր  հանգամանքների  բերմամբ  հենց  ժողովուրդը  կարող  է  էապես  թելադրել  այս  անգամ  այդ  կանոնները, եթե  ցանկանա  օգտվել  կառավարման  համակարգի  տրանսֆորմացիայից  ու  դրանից  բխող  իշխանության  մեջ  ուժերի  հարաբերակցության փոփոխությունից, ինչի  արդյունքում  խորհրդարան  կբերի  աշխատելու  ունակ, կիրթ  ու  ազնիվ  մարդկանց: Անշուշտ, համամասնական  ընտրական  համակարգի  պայմաններում  այս  պատկերն  արտաբերվում  է  կուսակցությունների  վրա,  որոնցից  շատերը  ևս  կլքեն  խորհրդարանը, և  իհարկե, չնայած  ռեսուրսների ու լծակների  առկայությանը, չեն  հայտնվի  նորերը, որոնց  մուտքը  նոր  խորհրդարան  նախապատրաստվում  է  խաղի  հին  կանոններով:

ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյան

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: