Էրդողանը ռուսական հե՞տք է փնտրում Թուրքիայի ահաբեկչություններում

Jan 17, 2016 Comments Off on Էրդողանը ռուսական հե՞տք է փնտրում Թուրքիայի ահաբեկչություններում

Օրերս Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ծնունդով Սաուդիան Արաբիայից Նաբիլ Ֆադլին է, ով Սիրիայի քաղաքացի էր։ Թուրքական իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ սիրիացի ահաբեկիչը Թուրքիա է մուտք գործել հունվարի 5-ին։

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ նրա անունը ընդգրկված չի եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձանց ցուցակում, այդ պատճառով էլ ահաբեկիչը հսկողության տակ չի գտնվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան գերմանացի իր գործնկերոջ Թոմաս դը Մեզերի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է, որ ահաբեկչության գործով մեկ մարդ է ձերբակալվել։ Թուրքական ոստիկանությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել երկրի 7 շրջաններում՝ ձերբակալելով 68 մարդու, որոնցից 3-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։

Պարզ է դարձել ահաբեկչությունից զոհվածների անունները։ 10 զոհերից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են, Գերմանիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ևս 11 քաղաքացիներ շարունակում են մնալ հիվանդանոցում։

Ստամբուլի ամենամարդաշատ և զբոսաշրջիկներով լի հատվածներից մեկում տեղի ունեցած այս արյունալի ահաբեկչությունից հետո Թուրքիայի քաղաքացիներն առավել քան մտահոգ են։ Օրեցօր աճող ահաբեկչության վտանգը անապահովության մթնոլորտ է ստեղծում՝ վնասելով երկրի հեղինակությանը և բացասաբար ազդելով տնտեսության վրա։ Թուրքիային մեծ եկամուտ բերող զբոսաշրջության ոլորտն աստիճանաբար անկում է ապրում։

«Իսլամական պետություն» խմբավորումը, որի հետ են կապում տեղի ունեցած ողբերգությունը, առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են դեպքի քննությունը։

Ահաբեկչական մթնոլորտի թեժացման ֆոնին, սակայն ուշագրավ այլ տեղեկություններ են ի հայտ եկան: Թուրքական ոստիկանությունը Անթալիայում Ռուսաստանի երեք քաղաքացու է ձերբակալել։ Ըստ ադրբեջանական contact.az լրատվական գործակալության, նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։

Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցնում, թե երբ են ձերբակալվել ռուսաստանցիներն ու արդյոք կապ ունեն Ստամբուլում երեկ տեղի ունեցած պայթյունի հետ։

Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի իրավասու մարմինը, նշում են, որ Թուրքիայում ձերբակալված երեք անձինք կապեր ունեն ահաբեկչական տարբեր խմբավորումների հետ։ Ըստ նույն աղբյուրի, նրանցից մեկի նկատմամբ նույնիսկ միջազգային հետախուզում է հայտարարված։ Ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, ձերբակալվածներից երկուսը մի քանի տարի առաջ լքել են Ռուսաստանի տարածքը՝ հայտարարելով, թե մեկնում են Մերձավոր Արևելք՝ ուսում ստանալու։

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն, այսպիսով` կարող է մտնել նոր, առավել վտանգավոր փուլ: «Իսլամական պետության» դեմ ահագնացած պայքարի մեջ Ռուսաստան-Թուրքիա առճակատումը կարող է դրսևորվել ավելի սուր ձևով, եթե Էրդողանը վերջին ահաբեկչությունում մատնանշի ռուսական հետքը:

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: