Հովիկ Աբրահամյանը երկարացնում է ժամկետը  

Jan 15, 2016 Comments Off on Հովիկ Աբրահամյանը երկարացնում է ժամկետը  

Անցնող տարվա ամռանը Կառավարությունը որոշում կայացրեց տնտեսվարողների մոտ իրականացվող տեսչական ստուգումները դադարեցնել: Եթե հիշում եք, Կառավարության հուլիսի 23-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել կես տարով: Վարչապետը հայտարարեց, որ պետք է մշտապես ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները:

Հովիկ Աբրահամյանի այս հանձնարարականից հետո «Ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչվեց, և սահմանվեցին միայն որոշակի բացառություններ, որոնց դեպքում ստուգումները թույլատրելի էին: Մասնավորապես սահմանվել էր, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը պետական մարմինների կողմից (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների) ստուգումները կարող էին իրականացվել միայն`

1) պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կամակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում.

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.

3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա.

4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների.

5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.

6) որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

Մնացած բոլոր դեպեքրում մինչև 2016 թվականի հունվարի 1-ը ստուգումներն ՀՀ-ում արգելվում էին: Քանի որ սահմանված ժամկետն արդեն սպառվել է, բնականաբար Կառավարությունը պետք է ինչ-որ լուծում տար՝ կա՛մ թույլատրել, որ ստուգումները նախկինի պես ակտիվորեն շարունակվեին, կա՛մ էլ երկաձգեր ստուգումների կասեցման ժամկետը: Կառավարությունը որոշել է գնալ երկրորդ ճանապարհով: Տարվա առաջին նիստում գործադիրը առաջարկություն է ներկայացնում՝  ստուգումներից հրաժարվելու ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով՝

մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: Այսինքն՝ պետական մարմինների (բացառությամբ հարկային և մաքսային մարմիններ) կողմից ևս կես տարի, օրինակ, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացվել:

Սահմանվել է նոր  ցանկ, որով ստուգումները թույլատրելի են: Որոշվել է ստուգումների թույլտվություն տալ միայն Առողջապահական պետական տեսչությանը /դպրոցներում և մանկապարտեզներում/, Էներգետիկայի պետական տեսչությանը/ բարձր լարման էլետրակայաններում/ արդարադատության նախարարության Օրինականության վերահսկողության տեսչությանը /Կուսակցությունների գործունեության նկատմամբ/, Բնապահպանական պետական տեսչությանը / հատուկ պահպանվող տարածքների և թափոնների վերամշակման նկատմամբ/, էկոնոմիկայի նախարարություն
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին /բենզինի և գազի լցակայաններիի նալատմաբ/, ֆինանսների նախարարություն
Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեuչությանը /
Շահումով խաղերի ևվիճակախաղերի նկատմաբ/, ֆինանսների նախարարություն
Աուդիտորական գործունեության հսկողության տեuչությանը /աուդիտի վերեհսկողության մասով/ և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը /
Ավտոմոբիլային գազալցավորման կայանների նկատմամբ/:

Թե ինչու է Կառավարությունը ընդամենը 6-ամսյա ժամկետով առաջնորդվում և ինչու չի համարձակվում տոտալ հրաժարվել ստուգումներից, պարզ չէ: Ինչպես նախորդ որոշումը, այնպես էլ այս որոշումը իրավիճակային լուծման հետևանք են և այս պահին տնտեսական կոնկրետ քաղաքականության արտացոլանք չեն: Մյուս կողմից էլ եթե տեսչությունները ստուգումներ իրականացնելու լիազորություն չեն ունենալու, նշանակում է նրանք պարապուրդի են մատնված: Թեպետ Կառավարությունը հայտարարել է տեսչական բարեփոխումների ու ստուգող մարմինների կրճատման մասին, սակայն դրանք ֆորմալ առումով դեռևս լուծարված չեն:

Դավիթ Մանուկյան

 

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: