Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ

Jan 13, 2016 Comments Off on Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից. օգտակար խորհուրդներ

Խոզի գրիպի (H1N1 համաճարակի) տարածումը ողջ աշխարհում խուճապ է առաջացրել։ ԶԼՄ-ները տագնապ են հնչեցնում, պաշտոնյաները ավելի են սրում իրավիճակը, այնինչ խոզի գրիպից մահացության դեպքերը ավելի քիչ են, քան սովորական գրիպից։ Նշենք, որ խոզի գրիպով վարակվողների մեծամասնությունը այն կարող է տանել առանց բարդությունների, և վախի ու խուճապի համար որևէ հիմք չկա։ Դրան պետք է վերաբերվել ինչպես սովորական գրիպին։ Ներկայացնում ենք իսրայելացի բժիշկ Թոբի Բաեվսկիի խորհուրդները:

1. Խոզի գրիպի նախանշաններ. Դրանք նման են սովորական գրիպի նախանշաններին. բարձր ջերմություն, կոկորդի ցավ, ցավ մկաններում, գլխացավ և թուլություն։ Ոմանց մոտ կարող են նկատվել սրտխառնոց և ստամոքսի խանգարում. Նախանշանները երևում են 3-5 օրվա ընթացքում և տևում են 8 օր։ Այս նախանշանների առկայությունը առանց բարձր ջերմության կարող է վկայել, որ ձեր մոտ սովորական մրսածություն է։

2. Ովքե՞ր են գտնվում ռիսկային գոտում

– Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք

– Օնկոլոգիական հիվանդները

– Ճարպակալում ունեցող անձինք

– Հղի կանայք, երեխաները

– 65 տարեկանն անց անձինք

– Իմունիտետի խանգարում ունեցող անձինք.

– Առողջապահության ոլորտի աշխատակիցները

3. Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ շտապ բուժօգնություն. Ռիսկային գոտում չգտնվող անձինք, ինչպես նաև նրանք, որոնց մոտ նախանշանները շատ ծանր կերպով չեն արտահայտված, կարող են նաև չդիմել բուժօգնության։ Ռիսկային գոտում գտնվող անձինք և ծանր նախանշաններ ունեցողները պետք է դիմեն բուժօգնության։

4. Ինչպես խուսափել խոզի գրիպով վարակվելուց, եթե տան անդամներից մեկը արդեն վարակված է.

– Խոզի գրիպով հիվանդը չպետք է շփվի երեխաների հետ
– Ցանկալի է, որ մի հոգի խնամի հիվանդին

– Պետք է խուսափել մոտ շփումներից. ծայրահեղ դեպքում հիվանդը պետք է կրի շղարշե դիմակ դեմքին

– Հիվանդը պետք է օգտվի մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներով և առանձին սրբիչով։

– Տան սենյակները միշտ պետք է օդափոխվեն

– Հիվանդը պետք է փակի բերանը հազի կամ փռշտոցի դեպքում, իսկ հետո խնամքով լվանա ձեռքերը օճառով 5. Ինչպե՞ս պետք է իրեն պահի հիվանդը՝ մյուսներին չվարակելու համար

– Պահպանի կարանտինի ռեժիմը՝ գտնվելով առանձին տարածքում։ Ցանկալի է, որ օգտվի առանձին զուգարանից

– Հիվանդը չպետք է տանից դուրս գա և շփվի այլոց հետ

– Տանից դուրս գալու դեպքում անհրաժեշտ է կրել շղարշե դիմակ, փակել բերանը հազալու և փռշտալու դեպքում.

– Հիշեք, որ խոզի գրիպով կարելի է վարակվել հիվանդի մոտ նախանշանները երևալուց դեռ 24 ժամ առաջ։

6. Բժիշկները նշում են, որ շղարշե դիմակ կրելը օգտակար է հետևյալ դեպքերում.

– Խոզի գրիպով հիվանդին այցելելիս

– Հիվանդանոցներում և մարդկանցով լեցուն, բայց չօդափոխվող տարածքներում

– Շղարշ կրելու դեպքում գործում են նաև այլ հոգեբանական առանձնահատկություններ. դիմակով մարդ տեսնելիս մարդիկ շտապում են լվալ ձեռքերը օճառով և լինել ավելի զգույշ և ուշադիր

7. Ինչպե՞ս լվանալ հիվանդի հագուստը.

– Պետք է ախտահարել հիվանդի իրերն ու այն առարկաները, որոնց նա դիպչում է

– Կարիք չկա հիվանդի հագուստը կամ սպիտակեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի հագնել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու

– Կարիք չկա հիվանդի ամանեղենը լվալ առանձին, սակայն այն չի կարելի օգտագործել երկրորդ անգամ՝ առանց տաք ջրով լվանալու

– Հիվանդի հագուստը կամ ամանեղենը լվանալուց հետո պետք է խնամքով լվանալ ձեռքերը օճառով

8. Արժե՞ սրսկումներ նշանակել խոզի գրիպի դեմ.

Մասնագետները պնդում են, որ այժմ սրսկումները խոզի գրիպի դեմ շատ անհրաժեշտ են, քանի որ դրա միջոցով հնարավոր է ամրացնել իմունային համակարգը ձմեռվա ընթացքում և նվազեցնել խոզի գրիպով վարակվելու ռիսկերը։ Բժիշկները դա խորհուրդ են տալիս հատկապես մինչև 6 ամսեկան երեխաներին և տարեցներին։

9. Կարո՞ղ է «Տամիֆլյու» դեղորայքը կանխարգելել խոզի գրիպը։ «Տամիֆլյու» դեղորայքը պետք է ընդունել միայն բժիշկի խորհրդով։ Դրա դերը հիվանդության թեթևացումն է, ոչ թե դրա կանխարգելումը։ Այն կարելի է նաև ընդունել, երբ առկա են կասկածներ խոզի գրիպով վարակվելու մասին։

10. Ինչպե՞ս պետք է վարվել խոզի գրիպի համաճարակի դեպքում.

– Եթե գտնվում եք մարդկանցով լեցուն վայրում, ապա խուսափեք մարդկային կուտակումներից կամ կրեք շղարշե դիմակ, որը պետք է հագնել, եթե մոտակայքում որևէ մեկը ուժեղ հազում է

– Ժամանակ առ ժամանակ ախտահարեք հեռախոսը, համակարգչի ստեղնաշարը, դռան բռնակները և այլն

– Խուսափեք ձեռքսեղմումներից և բարևելիս միմյանց համբուրելուց հատկապես անծանոթների դեպքում։ Եթե անգամ նման բան է եղել, ապա լվացեք ձեռքերը օճառով։

– Արտասահմա՞ն եք մեկնում. Վերցրեք ձեզ հետ շղարշե դիմակ և «Տամիֆլյու» դեղորայք։ Եվ ամենակարևորը. պետք չէ խուճապի մատնվել: Մեծամասամբ խոզի գրիպը անցնում է սովորական գրիպի պես, առանց բարդությունների, և վտանգ չի ներկայացնում կյանքի համար։

lorinews.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: