ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել. դրսից «դուխ տվողներ» են եղել

Jan 13, 2016 Comments Off on ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել. դրսից «դուխ տվողներ» են եղել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել: Իսկ պատճառը եղել է այն, թե ով պետք է հեղինակի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվելիք Ընտրական նոր օրենսգիրքը:

Բանն այն է, որ ԸՕ-ն պետք է զրոյից գրվի, քանի որ նոր սահմանադրությամբ նախատեսված է անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
Եվ ահա, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը չի ցանկացել համակերպվել այն մտքի հետ, որ ԸՕ-ն գրելու են ոչ թե իրենք՝ պատգամավորները, ՀՅԴ ռւ ԲՀԿ իրենց գործընկերների հետ միասին, այլ նոր Սահմանադրության հեղինակները՝ Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը:

Ընդ որում, ՀՀԿ-ականներին այս հարցում «դուխ տվողները» հենց ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից են եղել, ու ՀՀԿ-ականները կուսակցության ներսում ակնարկել են, որ ԱԺ-ից օրենսդիր ֆունկցիան, ըստ էության, վերցրել են՝ թողնելով միայն կոճակ սեղմելու առաքելությունը:
Այնուամենայնիվ, վերջում որոշում է կայացվել՝ սահմանադրության հեղինակների մի մասը կհեղինակի նաեւ ԸՕ-ն, բայց պատգամավորների հետ միասին, նրանց առաջարկները հաշվի առնելով:

Նկատենք, որ նոր ԸՕ-ն հեշտ չէ գրել, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունները խնդիր ունեն մի կերպ այն տեղ ամրագրել կայուն մեծամասնության եւ երկրորդ փուլի անցկացման հարցը, ինչին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կողմ չեն՝ գոնե այս պահին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: