Մենք չգիտենք, թե ինչ են տեղափոխում Թուրքիա գնացող-եկող բեռնատարները. Ջավախքի բնակիչ

Jan 14, 2016 Comments Off on Մենք չգիտենք, թե ինչ են տեղափոխում Թուրքիա գնացող-եկող բեռնատարները. Ջավախքի բնակիչ

Ջավախքում Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի թուրք-վրացական սահմանակետի բացումից հետո կարծախցիների կյանքում առանձնապես շատ բան չի փոխվել: Միակ ակնհայտ փոփոխությունը թերևս թուրքերի աշխույժ անցուդարձն է գյուղում:

Հայելի.ամ-ի հետ զրույցում Կարծախի բնակիչ Ռազմիկ Մանուկյանը պատմեց, որ իրենց գյուղով օրական միջինը 20-30 մեծ բեռնատար մեքենա է անցնում դեպի Թուրքիա կամ հակառակը: Թե ինչ են տեղափոխում այդ մեքենանենրը, իրենք նույնիսկ չգիտեն: Մեքենաների անցուդարձը գյուղի համար վատ է, որովհետև նախ ճանապարհները նեղ են, իսկ բեռնատարների վարորդները շատ արագ են երթևեկում. <<Մեր գյուղի միջով օրական 20-30 բեռնատար անցնում: Իսկ սովորական մարդատար մեքենաների մեջ ավելի շատ թուրքական մեքենաներ են հանդիպում, քան թե տեղական: Հիմնականում երակոյան՝ ժամը 6-ից հետո են սկսում գնալ-գալը: Մարդատար մեքենաներով թուրքեը գնում են Ախալքալաք՝ ուտել-խմելու: Մի երկու անգամ նույնիսկ մեր հայ տղաների հետ կռիվ-մռիվ են արել: Մեր՝ Ախալքալաքի բերդի վրա անվայել բաներ էրն գրել>>,- նշեց Ռազմիկ Մանուկյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ սա դեռ սկիզբն է, և իրենք ոչ մի երաշխիք չունեն, որ Ջավախքում մեկ-երկու տասնամյակ անց 1915 թվականի պատմությունները չեն կրկնվի. <<Ամեն դեպքում մենք այդ մտավախությունը, եթե նույնիսկ չենք էլ բարձրաձայնում, բայց հոգու խորքում ունենք>>,- մտահոգված նշեց մեր խոսակիցը՝ հավելելով, որ Կարծախի և Ջավախքի մյուս գյուղերի բնակիչները հիմա քնելուց դռները շատ ամուր են կողպում, որովհետև գիտեն, որ <<թուրքերը դռան հետևում են>>, մինչդեռ տարիներ առաջ այս կողմերում մարդիկ գիշերը դուռ կողպելու սովորություն չունեին: <<Մենք հիմա վախենում ենք ջահել աղջիկներին ու հարսներին մի քիչ ուշ ժամի փողոց թողնել, կամ էլ աշխատում ենք, որ մենակ չլինեն: Իհարկե, ոչ մի միջադեպ դեռ չի եղել, բայց թուրքը մնում է թուրք, և վախը միշտ կա>>:

Նրա խոսքով՝ տնտեսական առումով ևս անցակետի բացումը առայժմ գյուղացիների համար ոչ մի լավ արդյունք չի ապահովել. <<Ընդամենը կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ թուրքերը մի քանի պարկ կարտոֆիլ են գնել Կարծախից: Այն ապրանքները, որոնց արժեքը բարձր է Թուրքիայում, արգելվում է տանել, կամ էլ  թույլատրվում է՝ շատ սահմանափակ քանակով: Օրինակ՝ իրենց մոտ թանկ է բենզինը, միսը, կարտոֆիլը: Տավարի մսի կիլոգրամը մեզ մոտ 10-11 լարի արժի, Թուրքիայում, ասում են, մսի արժեքը 30 լիրա է՝ համարյա կրկնակի թանկ: Եթե նորմալ մաքսատուրք սահմանվի, և մենք կարողանանք մեր ունեցած ապրանքը՝ միսը, կարտոֆիլը, տանել Թուրքիայում վաճառել, լավ կլինի: Բայց առայժմ մեծ ծավալի առևտուր չկա>>:

Փոխարենը խոսակցություններ կան, որ տեղացիները կարող են զրկվել անգամ իրենց ավանդական արոտավայրից. <<Մենք չգիտենք՝ ինչ մտադրություն ունի Վրաստանը: Եթե նրանք որոշեն գյուղի արոտավայրերն ու ցանքատարածությունները երկարաժամկետ վարձակալության տալ օտարերկյա քաղաքացիներին, օրինակ՝  Թուրքիայի քաղաքացիներին, մենք ընդհանրապես ծանր կացության մեջ կհայտնվենք, որովհետև փաստացի մեր բնակիչները այլևս անասնապահության հնարավորություն չեն ունենա>>: Կարծախի բնակիչը չի բացառում, որ առաջիկայում հարևան երկրի քաղաքացիները կփորձեն տարածքներ ու անշարժ գույք ձեռք բերել իրենց հայրենի գյուղում: Ռ. Մանուկյանի խոսքով՝ գյուղում ապրող մարդիկ հիմա փողի կարիք շատ ունեն, եթե նրանց համեմատաբար բարձր գին առաջարկվի, նրանք կհամաձայնվեն իերնց տունուտեղը վաճառել Թուրքիայի քաղաքացիներին: Թեպետ Վրաստանի օրենքը չի թույլատրում օտար քաղաքացուն Վրաստանում դառնալ հողի սեփականատեր, սակայն երկարաժամկետ վարձակալության իրավունք օտարերկրացիներին տրված է: Ամեն դեպքում, այս պահին անցակետը թեպետ բացված է, սակայն դեռևս լիարժեք չի գործում: Ըստ էության, պատճառը ճանապարհն է, որը ընդամենը 6-7 մետր լայնություն ունի, բավարար թողունակություն չի ապահովում:

Գյուղացիների կարծիքով՝ ճանապարհը լայնացման կարիք ունի: Անցակետում տեղացիներից պատասխանատու աշխատողներ չկան: Կարծախից ընդամենը մի քանի հոգի են աշխատում մաքսակետում՝ մի քանի հոգի հավաքարար են, մի քանիսն էլ շինարարության մեջ բանվորական աշխատանք են կատարում:

 

Դավիթ Մանուկյան

Նկարում՝ Ռազմիկ Մանուկյանը կնոջ՝ տիկին Վարդուհու հետ

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: