Պերմյակովի ասած սատանան

Jan 13, 2016 Comments Off on Պերմյակովի ասած սատանան

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը կասկածներ ունի, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ոճրագործությունը միայնակ չի կատարել:

Ավետիսյանների սպանդի առաջին տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում: Գերեզմանատանը լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետը հայտարարել է, որ կան շատ հարցեր, որոնց պատասխանը պետք է տրվի ընթացող դատավարության շրջանակներում. «Շատ խնդիրներ կան, որոնք սկզբից բարձրացվել են, օրինակ, ո՞նց կարող է մարդը կրակի, բայց հարևանը չլսի: Երկրորդը, ո՞նց կարող է մի մարդը կրակի ու բոլորն իրենց անկողնում մնան: Սրանք հարցեր են, որոնք դատական պրոցեսի ժամանակ պետք է անպայման պարզաբանվեն»,- հայտարարել է Բալասանյանը:

Գյումրիի քաղաքապետը  թեպետ խուսափել է ուղիղ խոսքով հայտարարել, որ  հանցագործը միայնակ չի գործել, նշելով, թե գնահատականներ տալն այս փուլում սխալ կլինի, բայց չի թաքցրել, որ ինքը միշտ ունեցել է կասկածներ ու դրանք չի թաքցրել նույնիսկ Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ.  Հարցին, թե ճի՞շտ է արդյոք դատական նիստերը ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելը, Բալասանյանը հարցով  է պատասխանել . «Ըստ ձեզ դուք մտածում եք, որ 102-րդ բազան դա Ռուսաստանի սեփականությունն է, հա՞: Դա հայկական հող է, ռուսական ռազմաբազան տեղադրված: Այնպես որ այստեղ որևէ խնդիր չկա: Ես այդպիսի տարբերություններ չեմ դնում»:

Միաժամանակ նա հորդորել է հարցն ուղղել համապատասխան մարմիններին:

Կասկածների առումով Բալասանյանի մոտեցումը լիովին ընդունելի է: Դաժան ոճրագործությունից ուղիղ մեկ տարի անց հանրությանը ոչինչ ավելին հայտնի չէ, քան հայտնի էր մեկ տարի առաջ այս օրերին:  Դաժան իրականությունն այսօր նույնքան մութ ու անհեթեթ է թվում, որքան մեկ տարի առաջ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր չկա ամենկարևոր հարցի պատասխանը՝ ի վերջո ինչու, ո՞րն էր հանցագործության շարժառիթը: Կամ իսկապե՞ս ինչպես կարող էր միայնակ զինվորն անկողինների  մեջ անձայն գնդակահարել ու դանակահարել մի ողջ գերդաստանի և այդ ինչպե՞ս  կարող էր ներկաներից  գոնե մեկը ինքնապաշտպանության փորձ անգամ չանել: Այս բոլոր հարցերը տրամբանական որևէ բացատրություն չեն ստացել ու եթե դատվարությունը շարունակի ընթանալ նույն հունով, վստահաբար չեն էլ ստանա:  Գործի քննությամբ և դատավարությամբ զբաղվող մարմինները կարծես իրենց առջև նպատակ չեն էլ դրել՝ ստանալ այդ հարցերի պատասխանները: Ի դեպ, Ավետասյանների հարազտները ևս հակված չեն հավատալու, որ հանցագործության միակ կասկածյալը՝  ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, միայնակ է գործել կամ  որ  ինքն է իրական   հանցագործը:

Ի սկզբանե Պորմյակովի ձերբակալությունը և նրան ռուսական բազայում պահելը տեղի ունեցավ  հայ-ռուսական պայմանագրերի, Հայաստանի Սահմանադրության ու օրենքների խախտումներով: Սկզբնական փուլում հայ իրավապահները  հայտնվել էին խաղից դուրս վիճակում և գործում էին  ռուսական կողմի ակնհայտ ցուցումներով :

Երբ Պերմյակովի գործը փոխանցվեց հայկական կողմին, շատ մեծ կասկած կար, որ այն ինչ պետք էր վերցնել ու կոծկել, արդեն արվել է: Քննության ընթացքում այդ կասկածներն ավելի խորացան: Հայ փաստաբանները պարզեցին, որ գործի թղթապանակներից բացակայում են մի շարք կարեւոր դրվագներ ու ցուցմունքներ: Օրինակ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե  ռազմաբազայում ովքեր են եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի  ընկերները: Սպանությունից հետո Գյումրիի ռուսական բազայում հրամկազմի փոփոխություններ և տեղաշարժեր եղան, սակայն այդպես էլ չպարզվեց, թե ի վերջո ո՞վ կրեց պատասխանատվություն՝ զինվորի կողմից ռազմաբազայի տարածքն անօրինական լքելու համար: Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրու ռուսական բազայի հրամանատար Ռուզինսկին տեղափոխվեց  ավելի բարձր պաշտոնի ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգում: Սա այն դեպքում, երբ նրա ղեկավարած բազայում  կատարվել էր ծանր հանցագործություն և այդ <<բարդակի>> համար նա թերևս պետք  է պատժվեր:  Ուկրաինական մամուլում եղան հրապարակումներ, որ  Ռուզինսկին մասնակցել է Դոնբասի իրադարձություններին ու անուղակի մեղսակից է Գյումրիի ոճրագործությանը: Դատավրության ռազմական գործին առնչվող մասը կատարվեց արագացված ու փակ ռեժիմով:

Դատավրության մինչ այս պահի ընթացքը ցույց է տալիս, որ ռուսական կողմն ակնհայտորեն հակված է դատավարությունն ամբողջությամբ կենտրոնացնել  Պերմյակովի անձի  վրա: Նրան նախ  փորձ արվեց ներկայացնել մոլագար, հետո կրոնական հովերով տարված ինչ-որ ծայրահեղական, ապա մտավոր հետամնաց: Դատարանի դահլիճում Պերմյակովի արած  հայտարարությունը, թե պատվիրատուն սատանան է, առայժմ միակ <<ցուցմունքն>> է, որին հավատալը բնականաբար անհեթեթություն է:  Իսկ ի՞նչ  է տեղի ունեցել իրականում,  ի՞նչ են պարտակել ռազմաբազայի պատասխանտուները, թերևս հայտնի է միայն իերնց ու Պերմյակովի ասած սատանային:

Իսկ ինչ ունենք մենք. թերևս  այն, որ մի ողջ  հայ ընտանիք, ով մեկ տարի առաջ իր տանը խաղաղ քնած էր,  այսօր ընդհանրապես չկա:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: