Նախարարը փորձել է դիվիդենտներ շահել

Jan 13, 2016 Comments Off on Նախարարը փորձել է դիվիդենտներ շահել

«Դեռևս 2015 թվականի սեպտեմբերին նախագահը հանձնարական տվեց, որ որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Սակայն 5 ամիս անց տեսնում ենք, որ հանձնարարակնի փոքր մասն է կատարված»,-երեկ հրավիրված ասուլիսին  ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:

Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին` բանախոսը նկատեց. «Մեր նախաձեռնությունն անբավարար է գնահատում օրենքը: Օրենքի հետ կապված լրացումներ ունենք և պահանջում ենք, որ օրենքի մեջ ներառվեն բոլոր բացթողումները»:

Ըստ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների` համակարգային փոփոխություններ են պետք: «Օրինակ` եթե նախկինում գծերը տրորելու համար տուգանում էին, հիմա զգուշացնելու են: Սա առաջընթաց չէ, ու եթե մի բանի մեջ կա ձեռնարկատիրական մոտեցում, մենք դա օբյեկտիվ գործընթաց չենք համարում: Այս համակարգում համակարգային փոփոխություններ էին պետք, ոչ թե` մասնավոր: Ստացվում է, որ ըստ նոր օրենքի` վարորդները կարող են անհսահաման խախտումներ կատարել, վճարել դրանց դիմաց և էլի խախտումներ կատարել»,- շեշտեց նախաձեռնության անդամներից` Արսեն Պետրոսյանը:

Անդրադառնալով բալային համակարգին` նախաձեռնության անդամը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ իրավախախտ վարորդն այդ համակարգի միջոցով կարող է վճարել և կրկին խախտումներ անել. «Կարելի էր զրկել անբարեխիղճ վարորդին, ով այս դեպքում կարող է շարունակել խախտումները: Այսինքն՝ չափորոշիչները հստակ ձևակերպված չեն»:

Արմեն Եփրեմյանի նշեց, որ  իրենց առաջին պահանջներից էր` հանել տեսախցիկները, ապահովել մատչելի երթևեկություն.

«Մենք մինչ օրս չունենք մատչելի երթևեկություն»,- արձանագրեց Պետրոսյանը::

Արսեն Պետրոսյանը մի կարևոր հանգամանք էլ առանձնացրեց. «Եթե նախկինում   վերահասցեավորում էր տեղի ունենում, ապա հիմա բալային համակարգի դեպքում չկա այն՝ վերահասցեավորումը դադարեցված է: Օրինակ` մի ընտանիքում կա մի մեքենա, որը վարում են ընտանիքի 3 անդամները: Ո՞նց է հաշվարկելու, ո՞ւմ վրա է կիրառվելու բալային համակարգը»,- հարցրեց նա: Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը նշեց, որ փոփոխությունների գործընթացը տապալված է: «Չի կարելի ստեղծել մի համակարգ, որտեղ հայկական համարներին պատժում ես, ռուսական, պարսկական, վրացականին` ոչ: Առնվազն պետք է ազնվություն ունենալ ու հայտարարել, որ ժողովուրդ ջան, մենք կարծում ենք, որ մեր երկրում օրենքը կարող են խախտել միայն հայերը: Այս պարագայում, եթե օրենքը չի կիրառվում բոլոր վարորդների համար, այն խեղկատակության է վերածվում»,- ասաց բանախոսը:

Բանախոսը փաստեց, որ  գլոբալ հարցերին լուծում չի տրվել, այդ որոշումներին լրագրող ներկա չի եղել, նստել է նախարարը՝ ձևական ձևով ասել` ի՞նչ անենք, որ ժողովուրդն ասի` դե, «մալադեց»:

Պետրոսյանի փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս փոփոխություններով ուղղակի փորձում է դիվիդենտներ է շահել:

Աստղիկ Ավագյան

IMG_6499

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: